2023 թվականի փետրվարի 11-ին եւ 12-ին Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում Լա Ջոլլա Սիմֆոնին կներկայացնի ազգությամբ հայ ամերիկացի կոմպոզիտոր եւ վավերագրող Մարի Կույումջյանի (Գույումջյան) «Ուրվականների հետ զբոսնելիս» կոնցերտը բաս կլառնետ սոլոյի եւ նվագախմբի համար՝ բաս, կլառնետահար Ջեֆ Անդերլեի եւ վաստակավոր դիրիժոր, երաժշտական ղեկավար Սթիվեն Շիքի մասնակցությամբ:
Մարի Կույումջյանը կվերադառնա իր Մայր բուհը որպես 2023 թվականի Բրենդա եւ Սթիվեն Շիքի հանձնաժողովի պատվավոր մրցանակակիր: 2022 թվականի մայիսի 21-ին «Ուրվականների հետ զբոսնելիս»-ի առաջնախաղը տեղի ունեցավ «Ուան Ֆաունդ Սաունդ» նվագախմբի գալա-համերգին Սան Ֆրանցիսկոյում՝ տեղի երաժշտական կոնսերվատորիայի Փայտե փողային գործիքների ամբիոնի վարիչ Ջեֆ Անդերլեի կատարմամբ: 2022 թվականի հունիսի 6-ին Անդերլեն եւ Մինեսոթայի Ֆիլհարմոնիկ նվագախումբը ստեղծագործությունը կատարեցին Մինեսոթա նահանգի Սենթ Փոլ քաղաքում: «Ուրվականների հետ զբոսնելիս» ստեղծագործության հիմքում Կույումջյանի փորձն է որպես առաջին սերնդի ամերիկացի, որը ի հայտ է բերում այն ամենը, ինչ կրում ենք մեր մեջ մեր նախնիներից որպես ժառանգություն: Խոսելով Անդերլեի հետ իր արգասաբեր աշխատանքային հարաբերություններից՝ Կույումջյանն ասում է. «Ուրվականների հետ զբոսնելիս»-ն անդրադարձ է մարդկանց, փորձառություններին եւ պատմությունների, որոնք ուղեկցում են մեզ մեր ողջ կյանքի ընթացքում՝ անկախ նրանից, թե մենք ենք քայլում նրանց աջակցությա՞մբ, թե՞ կրում ենք նրանց բեռը: Այս ստեղծագործությունը նվիրվում է Ջեֆ Անդերլեին, ում հետ ես քայլում եմ ստեղծագործական կյանքում եւ որպես ընկեր»:
Մարի Կույումջյանը կոմպոզիտոր եւ վավերագրող է, որի ծրագրերը ներառում են ինչպես համերգային ստեղծագործություններ, այնպես էլ համատեղ մուլտիմեդիա ծրագրեր եւ կինոերաժշտություն: Որպես առաջին սերնդի ամերիկահայ, որը սերում է Լիբանանի քաղաքացիական պատերազմից եւ Հայոց ցեղասպանությունից ուղղակիորեն տուժած ընտանիքից, նա օգտագործում է ձայնի երանգների ողջ բազմազանությունն իր ժառանգականության՝ որպես վավերագրող երաժշտության նկատմամբ ունեցած հետաքրքրության եւ փորձարարական կոմպոզիցիաների ստեղծման փորձի վրա հենվելով, որպեսզի աստիճանաբար հինը խառնի նորին: Մեծապես հավատալով խոսքի ազատությանը եւ կարեւորելով արվեստի դերը որպես արտահայտչականությունն ընդլայնող միջոց՝ նրա կոմպոզիցիոն աշխատանքները հաճախ ներառում են ինչպես հակամարտություն վերապրած անձանց վկայությունները, այնպես էլ հակամարտության գոտուց փաստագրումներ՝ սոցիալական եւ քաղաքական հակամարտությունների բարդ փորձառության մարդասիրական կողմը ցուցադրելու միջոցով կարեկցանք արթնացնելու համար:
Կույումջյանը պատվերներ է ստացել այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են Նյու Յորքի Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Քրոնոս քառյակը, Քարնեգի Հոլը, Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը, Բեթ Մորիսոնի ծրագրեր/ՕՊԵՐԱ Ամերիկան, «Ըլարմ ուիլ սաունդ»-ը, «Բենգ օն է քեն»-ը, Միջազգային Ժամանակակից երաժշտության անսամբլը, Բրուքլինի Երիտասարդների երգչախումբը, Ամերիկյան Կոմպոզիտորների ֆորումը եւ այլն: Նրա երաժշտական գործերը կատարվել են Քարնեգի Հոլում, Լինքոլն կենտրոնում, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թարգարանում, Մետրոպոլիտեն արվեստի թարգարանում, Մասաչուսեթսի ժամանակակից արվեստի թարգարանում, Բարբիկան կենտրոնում, Բրուքլինի երաժշտական ակադեմիայում, Միլլենիում պարկում, Բենարոյա հոլում, «Փրոթոթայփ» փառատոնում, Նյու Յորքի Ֆիլհարմոնիկ Բիենալեում, Կաբրիլոյի փառատոնում եւ այլուր: Նրա երաժշտությունը «Նյու Յորքը թայմսը» բնութագրել է որպես «պերճախոս կերպով» գրված եւ «հուզականորեն ցնցող», իսկ «Նյու Յորք մյուզիք դեյլին»՝ որպես «քաղաքականապես խիզախ» եւ «ամենատանջալից պահերը բեմում՝ Նյու Յորքի ցանկացած ներկայացման ժամանակ»: Որպես կոմպոզիտոր, գործիքավորող եւ կինոերաժշտության խմբագիր՝ նա բազմաբնույթ երաժշտական մասնակցություն է ունեցել գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը, այդ թվում գործիքավորել է «Տեղը սոճիներից այն կողմ» եւ «Դեմոնիք» կինոնկարների սաունդթրեքերը:
Կույումջյանը ստացել է երաժշտական արվեստի դոկտորի եւ երաժշտական կոմպոզիցիայի գծով արվեստի մագիստրոսի աստիճաններ Կոլումբիայի համալսարանում եւ արվեստի մագիստրոսի աստիճան ֆիլմերի եւ մուլտիմեդիայի հնչյունավորման համար՝ Նյու Յորքի Համալսարանից եւ արվեստի բակալավրի աստիճան երաժշտական կոմպոզիցիայի գծով՝ Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանից: Նոր երաժշտության նվիրյալ լինելով՝ Կույումջյանն ամենամյա «Նյու մյուզիք գեդըրինգ» արդի երաժշտության համաժողովի համահիմնադիրն է, եղել է «Հոթել էլեֆանթ» ժամանակակից երաժշտության համույթի հիմնադիրը եւ գործադիր տնօրենը, նաեւ Ալյասկայի «Վայլդ շոր նյու մյուզիք» արդի երաժշտության փառատոնի գեղարվեստական համաղեկավարը: Որպես նվիրված մանկավարժ՝ Կույումջյանը Բերքլիի Բոսթոնի կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնի դոցենտ է եւ Կոլումբիայի համալսարանի դասախոս: Նախկինում նա աշխատել է Նյու Սքուլ համալսարանի ամբիոնում, Բրուքլինի քոլեջի Ֆեյրսթեյն կինոդպրոցդում, «Մանս Փրեփ»-ում եւ Նյու Յորքի Ֆիլհարմոնիկի Պատանի կոմպոզիտորների ծրագրում: Կույումջյանի համար մեծ պատիվ է մասնակցությունն Ամերիկյան կոմպոզիտոների ֆորումին եւ այն, որ իր ստեղծագործությունները հրապարակվում են «Սքոթի» թվային երաժշական հրատարակչությունում:
ՔԼՈԵ ՌԱԲԻՆՈՎԻՉ
(կրճատումներով)
Անգլերենից թարգմանեց՝ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ