Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների նոր հանգրվան

76

Ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում,  ապրիլի 23-ին Բաղդադում  տեղի ունեցած բանակցություններն   Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորման նոր հեռանկար են ուրվագծում:

Իրանն ու Սաուդյան Արաբիան,  դիվանագիտական  կապերի հաստատումից  ի վեր,   անցնող  90 տարիների ընթացքում  երբեք  բարեկամական հարաբերություններ չեն ունեցել, եւ երբեք էլ, ինչպես վերջին հինգ տարիներին,  երկկողմ հարաբերություններն   այսչափ լարված ու թշնամական չեն եղել:

Ընդհանուր առմամբ, Իրանն ու Սաուդյան Արաբիան իսլամական աշխարհի որոշակի հատվածներում միմյանց նկատմամբ մրցակցային դիրք են զբաղեցնում, որոնց մղած պրոքսի հակամարտությունը պայքար է հանուն տարածաշրջանում  ազդեցության ամրապնդման:

Թեհրանն ու Էր Ռիադը հակամարտող կողմերին օժանդակություն են ցուցաբերում ոչ միայն   Սիրիայում,  Եմենում  եւ  Իրաքում: Երկու երկրների հրահրմամբ  հակամարտությունները  տարածվում  են նաեւ Բահրեյնի,  Լիբանանի, Քաթարի, Պակիստանի ու Աֆղանստանի խնդիրների վրա:

Իրանի    բարձրաստիճան հոգեւորականների համոզմամբ, սաուդցիները հարում  են իսլամի աղանդավորական ուսմունքին: Նույն կարծիքին են նաեւ սաուդցիներն Իրանի պաշտոնական  կրոնի՝  իսլամի տասներկուական շիայի  մասին:

Եմենում Իրանի հետ պրոքսի պատերազմը հյուծիչ հետեւանքներ ունի Սաուդյան Արաբիայի համար, որը ո՛չ կարող է հրաժարվել այդ պատերազմից, ո՛չ էլ ի վիճակի է հասնել պատերազմի միջոցով իր առջեւ դրված նպատակներին: Սակայն, Իրանը կարող է օգնել Սաուդյան Արաբիային՝ դուրս գալ այդ պատերազմական  ճահճից: Շարունակելով պատերազմը, Սաուդյան Արաբիան նաեւ վնասներ է կրում  նավթի արտահանումից: 

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը ներկայումս մտահոգվելու պատճառներ շատ ունի: Մտահոգության առիթներից մեկը, եւ թերեւս  ամենագլխավորը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածությունն է, որի հիմնական պատճառը Ուկրաինա ներխուժման համար Ռուսաստանին չդատապարտելն ու նավթի արտահանման ծավալներն ավելացնելու Վաշինգտոնի պահանջից հրաժարումն էր: Չինաստանի նախագահին  Էր Ռիադ հրավիրելու, ինչպես նաեւ նավթի գները ռուսական ռուբլիով եւ չինական յուանով հաշվարկելու եւ   Եմենի հարցում Իրանի հետ համաձայնության գալու մասին Սաուդյան Արաբիայի  պատրաստակամությունը նույնպես ԱՄՆ-ի հետ լարվածության առիթներից կարելի է համարել:

Անշուշտ, երկկողմ հարաբերությունների բարելավումից շահում է նաեւ տնտեսական պատժամիջոցների բեռի տակ գտնվող Իրանը: 

Իրան-Սաուդյան Արաբիա երկկողմ հարաբեությունների բարելավումն Իրանի համար շահեկան է նաեւ այն առումով, որ Թեհրանն իր հարաբերությունները կկարողանա կարգավորել նաեւ Էր Ռիադի  հետ բարեկամական հարաբերություններ ունեցող մյուս  արաբական երկրների հետ: 

Այսպիսով, ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում,  որոշ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար կարծես նոր հեռանկարներ են ուրվագծվում: 

Անշուշտ, տարբեր ժամանակահատվածներում թե՛ Թեհրանի, եւ թե՛ Էր Ռիադի կողմից հարաբերությունները բարելավելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, սակայն այդ ձեռնարկումները երբեք էլ  գոհացուցիչ արդյունք չեն ունեցել:

Դեռեւս նախորդ տարվա  ապրիլին, Իրաքում Իրանի դեսպանը պաշտոնապես հաստատել էր Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների բարելավմանն ուղղված իրաքյան կողմի միջնորդական առաքելության մասին մամուլում շրջանառվող  լուրերը,  եւ  ողջունել  Բաղդադի նախաձեռնությունը:

Եվ ահա, աշխարհաքաղաքական վերափոխումների նախաշեմին, երբ այլեւս Սաուդյան Արաբիան իրեն պարտավորված չի զգում  հանդես գալ ամերիկյան կողմից, իսկ Իրանն էլ՝ ռուսական կողմից, երբ ԱՄՆ նախագահը նավթի արտահանման ծավալների ավելացման պահանջ է դնում   Էր Ռիադի առջեւ, Իրանն ու Սաուդյան Արաբիան ակամայից հայտնվում են գրեթե նույն՝ Ռուսաստանի շահերն սպասարկող  ճամբարում:

Չնայած բանակցությունների վերջին՝ հինգերորդ փուլի մասին  շրջանառվող տեղեկատվությունը բավարար չէ  երկխոսության ընթացքի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար,  սակայն  Եմենի հարցի    օրակարգում  հայտնվելու փաստն ինքնին վկայում է այն իրողության մասին, որ Իրանն այս անգամ Եմենի խնդրում  նահանջ է արձանագրում:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդին վերագրվող «nournews» կայքի փոխանցմամբ, մոտ ապագայում, երկու երկրների արտգործնախարարները նույնպես հանդիպում  կունենան (հավանաբար Բաղդադում):  Նույն աղբյուրը բանակցությունների 5-րդ փուլի մթնոլորտը  «դրական»  է գնահատել:

Հավելենք նաեւ, որ պաշտոնական Թեհրանը, Իրանի ԱԳ նախարարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեի շուրթերով, դրական է գնահատում Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների՝ օրերս Բաղդադում կայացած հինգերորդ փուլը:

Միջնորդի դերում հանդես եկող  Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնն էլ  խոսել է Իրանի ու  Սաուդյան Արաբիայի  միջեւ  բանակցություններում  10 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագրի շուրջ համաձայնության գալու մասին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ, դիվանագետ