Թուրանական միջանցքը՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություն
Անկարայում գործող իրանական ուսումնասիրությունների կենտրոնը (IRAM)[1] «զանգեզուրյան» միջանցքի մասին հրապարակած հոդվածում քննության է առել միջանցքի գործարկման հնարավոր սցենարները: Հրապարակումից կարելի է առանձնացնել հետեւյալ առանցքային թեմաները՝
1- «Զանգեզուրյան» միջանցքը դիտարկվում է որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր ժամանակաշրջանի առաջնահերթ ու հրատապ հարցերից մեկը:
2- Թե՛ Թուրքիայի եւ թե՛ Հայաստանի կառավարություններից հստակ ուղերձներ են փոխանցվել, որ Հայաստանը դեմ չէ միջանցքի գործարկմանը, եւ միայն Իրանն է ընդդիմանում միջանցքի գաղափարին:
3- Թուրքիայի կողմից տվյալ քաղաքականության իրագործման իմաստն այն է, որ այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար Անկարան պիտի Չինաստանին ու Մեծ Բրիտանիային (եւ ոչ միայն) շահագրգռելու նպատակով քայլեր ձեռնարկի, քանի որ ի վերջո նպատակը Պեկին-Լոնդոն տարանցիկ ճանապարհի գործարկման հարցում Թեհրանին համոզելն է, որը, ըստ Անկարայում գործող կենտրոնի հրապարակած հոդվածի, անիրատեսական համարել չի կարելի:
4- Միջանցքի գործարկման ճանապարհին առաջացող խնդիրները չեզոքացնելու ընթացքում, ըստ IRAM-ի հրապարակած հոդվածի հեղինակի, չպետք է բացառել Արցախում ռազմական գործողությունների հնարավորությունը:
IRAM-ի հրապարակած հոդվածը նաեւ անդրադառնում է միջանցքի գործարկման նպատակով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ընդունվելիք համատեղ ռազմավարությանը, որի վերաբերյալ տեսակետ է արտահայտել իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանը եւ ԻԻՀ ԱԳՆ-ի հետ փոխկապակցված «irdiplomay» կայքում ներկայացրել այդ կապակցությամբ իր երկու դիտարկումները՝
ա/ Շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ դիմադրության օջախների չեզոքացում
Իլհամ Ալիեւը մայիսի 3-ին հայտարարել էր, որ «զանգեզուրյան» միջանցքը կարող է վերածվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (Չինաստան) եւ «Հյուսիս-Հարավ» (Ռուսաստան-Հնդկաստան) նախագծերի մի հատվածի: Իսկ «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» ընդունած «Թուրքական աշխարհ-2040 տեսլականը» ռազմավարության մեջ նշված է, որ անդամ պետությոսւնները պարտավորվում են տարբեր միջազգային տնտեսական ոլորտներում զորակցել «զանգեզուրյան» միջանցքի գործարկմանը:
Դա նշանակում է, որ եթե միջինասիական թյուրքախոս պետությունները, Չինաստանն ու Եվրոմիության անդամ երկրները հանդես գան «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի օգտին, իսկ Ռուսաստանը պաշտպանի Հյուսիս-Հարավ նախագիծն ու Հնդկաստանն էլ իր համաձայնությունը հայտնի դրան, Հայաստանի ու Իրանի համար խնդիրն ավելի կբարդանա, եւ դրան դիմակայելու հարցում Երեւանից ու Թեհրանից ավելի մեծ ջանքեր կպահանջվեն:
բ/ Ռուսաստան-Իրան հարաբերությունների խաղարկման մեթոդաբանություն
Հյուսիս-Հարավ միջանցքի հեռանկարային նախագիծն անիրագործելի չէ:
Ուկրաինական պատերազմի հոլովույթում, ռուս-իրանական ռազմավարական համագործակցության ընդլայնման շրջանակներում, Մոսկվան ու Թեհրանն արդեն իսկ համաձայնության են եկել ընտրել Հյուսիս-Հարավ ճանապարհներից հնարավոր ամենակարճ ուղին, որն անցնում է Ադրբեջանից: Նման պայմաններում ռուսական կողմը կարող է ավելի մեծ ջանքեր գործադրել՝ համոզելու Իրանին, որ Հյուսիս-Հարավ մայրուղու նախագծի իրագործման հաջողությունը մեծապես պայմանավորված է նաեւ Ադրբեջանի տարածքով անցնող «զանգեզուրյան» միջանցքի գործարկումով:
Վերջում Էհսան Մովահեդիանն իր եզրահանգումներն է ներկայացրել IRAM-ի հրապարակած հակաիրանական ու հակահայկական հոդվածի մասին.
1. Թուրքիան նախկինի պես «թուրանական աշխարհի» գաղափարը կյանքի կոչելու համար գործադրվող ջանքերի առումով գտնվում է առաջնագծում: Այստեղ, Ադրբեջանի դերը երկրորդական է, որն ընդամենն սպասարկում է Անկարայի շահերը: Այդ նախագծից Բաքուն մեծ ակնկալիքներ ունենալ չի կարող, քանի որ դրա դիմաց կորցնում է իր անկախությունն ու, որպես նեոգաղութ, զրկվում ազատ որոշումներ կայացնելու հնարավորությունից:
2. Իրագործման ընթացքում է գտնվում տարածաշրջանի քարտեզից Հայաստանի վերացման նախագիծը, որը Թուրքիայի քաղաքականության գլխավոր ուղղություններից է: Դա խոսում է այն մասին, որ Էրդողանը մեծ նշանակություն չի տալիս հայ-թուրքկան հարաբերությունների բարելավմանն ուղղված Փաշինյանի ջանքերին, եւ ավելի շատ զբաղված է մանիպուլյատիվ գործողություններով: Հստակ է, որ Երեւանն այդ գործընթացից որեւէ օգուտ չի ստանալու, քանի որ չունի որեւէ խաղաքարտ:
3. Էրդողանը ներկա պահին զբաղված է իր ներքին խնդիրներով, որոնք վերաբերում են երկրի թե՛ տնտեսությանը, եւ թե՛ անվտանգությանն ու արտաքին մարտահրավերներին: Այդ իսկ պատճառով, Թուրքիան ի վիճակի չէ եւ չունի բավարար համարձակություն՝ Իրանի ու Ռուսաստանի դեմ ուժի գործադրման միջոցով լուծելու իր գերխնդիրը, ուստի ցանկանում է «զանգեզուրյան» միջանցքի նկատմամբ տնտեսական բնույթի շահագրգռվածությունների միջոցով հասնել իր նպատակին:
4. Հոդվածից կարելի է եզրակացնել, որ Թուրքիան մտադիր չէ միայն շահագրգռել Իրանին ու Ռուսաստանին: Անկարան ցանկանում է նաեւ այդ գաղափարի շուրջ համախմբել Չինաստանը, Հնդկաստանն ու Մեծ Բրիտանիան: Այսինքն, մտադիր է միջանցքի գաղափարը կյանքի կոչելու նպատակով ստեղծել համախոհների լայն շրջանակ: Մեծ Բրիտանիան, որ դեռեւս տասնամյակներ առաջ Հարավային Կովկասում ու միջինասիական հանրապետություններում իր քաղաքական ու տնտեսական ներկայությունն ապահովելու համար միջանցքի գաղափարն էր մտքի մեջ փայփայում, ընդառաջ կգնա այդ նախագծին:
[1] IRAM իրանագիտության կենտրոնն Անկարայում ստեղծվել է Իրանում եւ Իրանի շուրջ ընթացող իրադարձությունների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու համար: Այն իր տեսակի մեջ առաջին կենտրոնն է Թուրքիայում:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ, դիվանագետ