Անկախ «արտատարածքային միջանցքի» ստեղծման գաղափարը մերժելու մասին Ռուսաստանի փոխվարչապետ, տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունից, եւ չնայած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանին մենակ չթողնելու մասին հավաստիացումների ու Իրանի «կարմիր գծերի» մասին Աստանայում ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի կողմից ԱՀ նախագահ Ալիեւին օրերս ներկայացված զգուշացումների, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի հաշվին, ՀՀ վարչապետի բնորոշմամբ՝ «Արեւելյան Ադրբեջանը» Նախիջեւանին կապող միջանցքի խոսույթը, եւ ցինիզմին հատուկ բառամթերքով մերժում միջանցքի փոխարեն հայ-ադրբեջանական սահմանին երեք անցակետ բացելու վերաբերյալ հայկական կողմի առաջարկը։
Միջանցքի թեման շարունակելու հարցում Ալիեւի «բերանը լեզու դնելու» մեղքն անշուշտ կարելի է բարդել նախ եւ առաջ ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշման հետ աղերս չունեցող Ռուսաստանի բարձր ղեկավարության, ինչպես նաեւ հայկական կողմին ժամանակ առ ժամանակ պահանջներ (նախապայմանների փոխարեն) ներկայացնող Թուրքիայի իշխանությունների վրա։
Հայաստանի համար այս օրհասական ժամանակահատվածում, երբ ԵԱՀԿ-ը Հայաստան է գործուղում իր դիտորդներին, երբ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից մեկ ամիս անց Երեւան է ժամանում Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի գլխավորությամբ մեկ այլ պատվիրակություն, երբ ՆԱՏՕ-ի ամենաակտիվ անդամներից մեկի՝ Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտն է վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստան այցելում, Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը՝ ռազմական ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի ու հարվածային զինատեսակների ներգրավվածությամբ, Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ Արաքս գետի շրջակայքում լայնածավալ զորավարժություններ են անցկացնում։
Հասկանալի է, որ Իրանի ձեռնարկած ռազմական միջոցառումն ուղղակիորեն կապված է Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջեւան «միջանցք» բացելու մտադրության հետ, որն անմիջականորեն առնչվում է նաեւ Իրանի նախապես հայտարարած կարմիր գծերին։
Անդրադառնալով ձեռնարկված ռազմական միջոցառմանը, ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամադ Փաքփուրը խոսել է Արաքս գետի երկայնքով անցկացվող զորավարժությունների ծավալների մասին, հավելելով, որ Իրանն այս միջոցառմամբ հարեւան պետություններին խաղաղության եւ բարեկամության ուղերձ է հղում, իսկ թշնամիներին հասկացնել տալիս, որ ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերը, երկրի մյուս զինված ուժերի հետ միասին, պատրաստ են վճռական պատասխան տալու բոլոր տեսակի սպառնալիքներին։
ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալ Ջամշիդիանը Հարավային Կովկասում ընթացող իրադարձությունների քննարկման նպատակով նախօրեին անցկացված միջոցառման ժամանակ, անդրադառնալով Իրանի հյուսիս-արեւմտյան շրջաններում (Արաքս գետին հարող Արեւելյան Ատրպատականի ու Արդեբիլի նահանգներ) անցկացվող լայնածավալ զորավարժություններին, նշել է, որ «Հզոր Իրան» նշանաբանով անցկացվող զորավարժությունը տեղավորվում է երկրի տարբեր շրջաններում զինված ուժերի կողմից անցկացվող այլ զորավարժանքների տրամաբանության մեջ։ Նա նաեւ նշել է, որ տվյալ զորավարժությունը 44-օրյա պատերազմից հետո անցկացված երեք զորավարժանքներից ամենածավալունն է։ Իրանական «Թասնիմ» կայքն էլ վկայում է, որ ներկա ռազմական միջոցառումը նախորդ զորավարժություններից տարբերվում է նաեւ Արաքս գետի վրա լողակամուրջներ տեղադրելու, գետանցման ու զինտեխնիկայի փոխադրման համար վարժանքներ իրականացնելու առանձնահատկություններով։
Սակայն Իրանն այս զորավարժություններով ոչ միայն արտահայտում է իր մտահոգությունը հայ-իրանական միջպետական սահմանին սպառնացող վտանգի նկատմամբ, այլեւ ցուցադրում երկրի վերաբերմունքը 44-օրյա պատերազմի ընթացքում այսպես կոչված՝ «ազատագրված» տարածքների հրեականացման ծրագրերի հանդեպ։
Հրեաներին Ադրբեջանի «ազատագրված» տարածքներում վերաբնակեցնելու նախագիծը լրջորեն մտահոգում է Հարավային Կովկասում շահեր հետապնդող երկրներին, այդ թվում՝ Իրանին։
Խնդիրն այն է, որ Մոսկվայի ու Թել Ավիվի միջեւ առանց այդ էլ լարված հարաբերությունները ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում անհուսալիորեն սրվել են։ Վերջերս մամուլը հաճախ է անդրադառնում տարբեր պատրվակներով Իսրայելի՝ Ադրբեջանի տարածք ներթափանցելու ջանքերի մասին։ Իսրայելական The Jerusalem Post-ը, վկայաբերելով «Միդլ Իսթ Մոնիտոր» պարբերականի նյութը, հոկտեմբերի 10-ի համարում գրում է, որ Իսրայելը ռուսաստանաբնակ հրեաների տարհանումը կազմակերպելու նպատակով մտադիր է Ադրբեջանի տարածքում ժամանակավոր ճամբարներ կառուցել։ Իսրայելի ԶԼՄ-ները նաեւ գրում են, որ Թել Ավիվը զորակոչից խուսափելու նպատակով Ռուսաստանի տարածքը լքել ցանկացող հրեաների համար 25 միլիոն դոլար բյուջե է հատկացրել։
Չնայած կանանց իրավունքների համար ժողովրդական լայն զանգվածների մասնակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ տեղի ունեցող ամենաերկարատեւ բողոքի ակցիաների, երբ ցույցերը ճնշելու համար բիրտ ուժ կիրառելու պատճառաբանությամբ Իրանի նկատմամբ հավաքական Եվրոպայի վերաբերմունքը նկատելիորեն փոխվել է, եւ անորոշության է մատնվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների ժամանակավոր դադարից հետո ակնկալվող քննարկումների վերսկսման հարցը, եւ չնայած բազմաթիվ այլ արտաքին ու ներքին մարտահրավերների, սահմանային անվտանգության հարցն Իրանում շարունակում է մնալ որպես երկրի առաջնահերթ ու կարեւորագույն խնդիրներից մեկը։
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանում ՀՀ նախկին դեսպան