Արաբական Ծոցի երկրների հետ հակաիրանական դաշինք կազմելու աղոտ հույսը Իսրայելին մղում է Կենտրոնական Ասիայում ուղիներ որոնել, գրում է գերմանալեզու «Իսրայելն այսօր» պարբերականի վերլուծաբանը՝ նկատել տալով արտգործնախարար Էլի Քոհենի գործունեությունը՝ Իրանի՝ Իսրայելի դեմ առանցք ձեւավորելու, ամրապնդելու ջանքերի դեմ: Իսրայելի հետ ընդհանուր «ռազմավարական մարտահրավերներ» հաղթահարող առաջին երկիրն Ադրբեջանն է, գրում է թերթը: Ապրիլի 18-ին Ալիեւի հետ հանդիպմանը Քոհենն առաջին հերթին խոսել է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին»՝ ակնարկելով միջպետական համագործակցությունը: Երկու երկրների առեւտրային շրջանառությունն ավելի քան 230 միլիոն դոլար է, հաջորդ տարիներին կրկնապատկելու ցանկությամբ, գրում է վերլուծաբանը՝ շեշտելով Քոհենի՝ Բաքվի հետ համագործակցության գլխավոր ոլորտները՝ պաշտպանություն եւ գաղտնի ծառայություն:
Ադրբեջան այցի ավարտին Քոհենն ասել է. «Իսրայելն ու Ադրբեջանը իրանական սպառնալիքը նույն կերպ են ընկալում: Այաթոլլահի ռեժիմը սպառնում է մեր երկու տարածաշրջաններին՝ ֆինանսավորելով ահաբեկչությունը: Պետք է միասին գործենք, որ թույլ չտանք Իրանին ձեռք բերել միջուկային հնարավորություններ»:
«Իսրայելն այսօր» -ի վերլուծաբանը նշում է , որ Իրանը բազմիցս մեղադրել է իր հարեւանին՝ իր միջուկային ծրագրի դեմ «Մոսադի» գործողություններին աջակցելու մեջ: Օրինակ՝ իրանական միջուկային արխիվը, որը 2018 թվականի հունվարին «Մոսադի» գործակալները գողացել էին Թեհրանի արվարձանում գտնվող պահեստից, «Մոսադը» 2 բեռնատարով այդ արխիվը մաքսանենգ ճանապարհով տեղափոխել էր Բաքու:
Արխիվն այնուհետ Ադրբեջանի մի օդանավակայանից ուղարկվել էր Իսրայել: Հաղորդվել է նաեւ, որ «Մոսադն» Ադրբեջանից անօդաչու սարքերի միջոցով նաեւ հարձակումներ է իրականացրել Իրանի միջուկային օբյեկտների վրա:
Քոհենի այցը Բաքու տեղի ունեցավ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ անընդհատ աճող լարվածության ֆոնին, գրում է լրատուն՝ հիշատակելով, որ ապրիլի սկզբին Ադրբեջանն արտաքսեց իրանցի չորս դիվանագետի, որոնց կասկածում էր ահաբեկչական գործունեության եւ լրտեսության մեջ: Սա վերջինն էր 2 երկրների միջեւ տեղի ունեցած միջադեպերի երկար շարքից, երկու հարեւանների միջեւ պատերազմն այլեւս չի կարելի բացառել, գրում է վերլուծաբանը:
«Եթե դա տեղի ունենա, Իսրայելն, ամենայն հավանականությամբ, կաջակցի Ադրբեջանին՝ ավելի շատ զենքով եւ ռազմական խորհրդատվություններով: Իսրայելն աննախադեպ ծավալներով զենք է մատակարարել Ադրբեջանին. 2016 թվականից ի վեր Իսրայելի` Ադրբեջանին մատակարարած սպառազինությունը վճռորոշ նշանակություն ունեցավ 2020 թվականին Հայաստանի նկատմամբ այդ երկրի ռազմական հաղթանակի համար եւ 2022 թվականի սեպտեմբերին, երբ ԼՂ-ի շուրջ սկսվեց մարտերի հերթական փուլը», գրում է իսրայելական թերթը՝ նշելով, որ Իսրայելն այժմ ամրապնդել է կապերը Իրանի մեկ այլ հարեւանի՝ Թուրքմենստանի հետ: Քոհենը Աշխաբադում Իրանի հետ սահմանից 17 կմ անդին Իսրայելի դեսպանություն բացեց: Վերլուծաբանն անդրադառնում է Իրանի` Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ էմիրությունների հետ վերանորոգվող դիվանագիտական կապերին եւ նշում Իսրայելի նոր նախաձեռնության մասին: Նա ակնարկում է, որ ամերիկյան CBNC-ին տված հարցազրույցում Նեթանյահուն չի բացառել, որ Սաուդյան Արաբիայի հետ կարող է նորմալացնել հարաբերությունները, քանզի Ռիադի կառավարության հետ կապ պահպանում են: Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն աշխարհում առաջատար է նորարար տեխնոլոգիական ոլորտում, ինչը «կարեւոր» է նավթով հարուստ թագավորության համար:
Վերլուծաբանը նկատել է տալիս, որ Ռիադի եւ Սիրիայի «դիկտատոր» Բաշար ալ Ասադի միջեւ էլ բանակցություններ են ընթանում: Սաուդյան Արաբիայի՝ Իրանի նկատմամբ քաղաքականության փոփոխությունը, ըստ երեւույթին Իսրայելի համար պատճառ է հանդիսացել, որ ուշադրությունը բեւեռի Կենտրոնական Ասիայի մահմեդական երկրների վրա: Բացի այդ ուղղությունը, Իսրայելը դիմում է Եվրոմիությանը եւ ցանկանում է, որ ԵՄ-ն ուժեղացնի ճնշումը Թեհրանի ռեժիմի վրա:
Քոհենը վերջերս գտնվում էր նաեւ Իսպանիայում, որ առաջիկայում պետք է ստանձնի ԵՄ նախագահությունը: Նա հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելի հետ: Բորելի հետ իր բանակցությունների ընթացքում իսրայելցի բարձրաստիճան դիվանագետը ԵՄ-ին կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում եւ աշխատել, որ Իրանը կանչվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ միջուկային զենքի ծրագրի էսկալացիայի պատճառով:
Վերլուծության շարունակությունը՝ հաջորդ համարում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա