Մինչեւ վերջերս Նիկոլ Փաշինյանի խաղաղապաշտությունը (pacifism) կարելի էր վերագրել նրա աշխարհաճանաչ չլինելուն, քաղաքագիտական անփորձությանը: Գյուղացի տղա՝ որ հանկարծ հայտնվում է պետության ղեկին, եվրոպական մեծամեծների շրջապատում, որոնք իբր հիանում են նրա հախուռն քայլերով, յուրօրինակ գաղափարներով, անսպասելի կողմնորոշումներով: Կարելի էր վերագրել նաեւ վրա-վրա եվրոպական տարբեր մայրաքաղաքներ նրա հաճախակի այցելություններին, որոնք, ըստ երեւույթին, այն պատրանքն են ստեղծել նրա մոտ, թե Հայաստանն էլ կարող է վերածվել եվրոպական մի գաճաճ երկրի, ասենք՝ Մալթայի, Սան Մարինոյի, Մոնտե Կառլոյի, Մոնակոյի կամ Լիխտենշեյնի նման մի պետության՝ ծվարած Եվրոմիության ապահովվածության տաքուկ գրկում, հաշտ ու խաղաղ, կուշտ ու բարգավաճ, բարեկամ երկրներով շրջապատված:
Պատրանքային մի մտապատկեր (concept), որը կարող էր շատ գրավիչ լինել, եթե հեղինակը կորցրած չլիներ իրականության զգացողությունը:
Նիկոլ Փաշինյանը վաղուց է կորցրել իրականության զգացողությունը, այլապես շաբաթասկզբին չէր հրապարակի իր, այսպես կոչված, տեսլականը Հայաստանը փաստորեն բանակազրկելու, միայն սահմանապահ զորքով սահմանափակվելու, զինված ուժերը միայն զորանոցներում պարփակելու վերաբերյալ: Որքան արտառոց՝ նույնքան խառնափնթոր մի տեսլական, որի հակասությունները ոչ միայն աշխարհագրական մեր դիրքին ու շրջապատին են վերաբերում, այլեւ՝ ինքնիրեն: Դա նման է առանց հովիվ եւ հովվաշան ոչխարներին արոտավայր ուղարկելուն, սոված գայլերի ոհմակի միջով անզեն անցնելուն, վերջապես՝ հակաբնութենական մի երեւույթ՝ ինքնապաշտպանական բնազդից ու միջոցներից զրկված կենդանիների, որոնք դատապարտված են ոչնչացման, այս պարագայում՝ ինքնաոչնչացման:
Տեսնես ո՞վ է նման անհեթեթություններ ներշնչել Հայաստանի գործող «Գերագույն գլխավոր հրամանատարին»: Պապայի միջոցով բարձր դիրքի ու պաշտոնի հասած, նույն դիրքում ոչնչի չհասած ու վերջին պահին Հայաստանը որպես հակառուսական փորձադաշտ հայտնաբերած Շառլ Միշե՞լը, որը եթե անկեղծ լիներ ու բարեկամ՝ Նիկոլին որպես դաս ուղարկած կլիներ աշխարհի ամենախաղաղասեր, ամենաչեզոք, ամենաբարգավաճ եւ անշառ երկիրը՝ Շվեյցարիա, որն օժտված է ամենահզոր պաշտպանությամբ: Ոչ թե հարձակվելու ու հաղթելու, այլ՝ իր վրա հարձակվողներին պատժելու, ավելի շուտ՝ իր դեմ հնարավոր ոտնձգությունները կանխարգելելու համար: Այնպես՝ ինչպես հզոր Չինաստանը, որը շուրջ 200 դրեց 2514 կմ երկարությամբ պարիսպ կառուցելու եւ միջինասիական վայրենի ցեղերին, այդ թվում՝ թուրք-թաթարական, իրենից հեռու վանելու համար: Չկա՞ր, չկա՞ որեւէ հայ պատմաբան, որ «Գերագույն հրամանատարին» սովորեցներ, հուշեր սեփական պետության պատմությունից Ճորա պահակի՝ հայկական անկլավի պարագան, Դերբենդի՝ մերօրյա հասկացությամբ՝ հավաքական անվտանգության յուրօրինակ փաստը, երբ հայկական զորագնդերն էին, Սյունյաց իշխանների ղեկավարությամբ եւ հարեւան պետությունների ու հատկապես Պարսկաստանի ֆինանսավորմամբ, պաշտպանում այդ պահակակետ-ամրոցը քոչվոր ցեղերի ներխուժումից: Չմոռանալով հայկական այրուձին՝ տարածաշրջանի մեծահռչակ հեծելազորի անցած մարտական ուղին՝ դարերի ընթացքում:
Եթե նույնիսկ մեր սահմանների ամբողջ երկայնքով մեկ, ամեն մի մետրի վրա սահմանապահ մեկ զինվոր կանգնեցնենք, ինչպես Նիկոլի տեսլականն է թելադրում, սակայն չունենանք կազմակերպված պաշտպանական համակարգ, այսինքն բանակ, ապա գերռազմականացված մեր տարածաշրջանում Հայկական պետականությունը չի կարող գոյություն ունենալ: Դժվա՞ր է հասկանալ:
Իսկ հիմա՝ վերնագրի հարցման պատասխանը.
– Երկրագնդի ամենահզոր ու երկարակյաց կենդանիներից կոկորդիլոսը մեռնում է ոչ թե բնական մահով, այլ՝ երբ կորցնում է իր… ատամները: Զրկվում է պաշտպանվելու, հարձակվելու, սնվելու եւ սերնդագործելու կարողությունից ու… մեռնում:
Առանց մարտունակ բանակի ի՞նչ է սպասում մեզ:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ