Երեւանի օդում ոչ թե վաղվա, այլ արդեն այսօրվա ծանր ու սպասողական անորոշությունն է կախված: Մարդիկ թթվածնի փոխարեն ասես երկաթ են շնչում, որ ամեն պահի ինչ-որ մի արկի տեսքով կարող է իրենց գլխին ընկնել: Անկախության սերունդը, որ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի մասին պատումներով էր մեծացել, երկու տարի շարունակ մահվան աչքերին ուղիղ նայելով՝ վառոդի հոտ է շնչում ու սպասում՝ երկինքն իր գլխին ե՞րբ է փլվելու: Վստահորեն կարելի է հայտարարել, որ Հայաստանում չկա գեթ մեկ ընտանիք, որ այս կամ այն կերպ չառնչվի մահաբեր պատերազմի կամ հետպատերազմական իրավիճակի հետ, բայց դրան զուգահեռ հայաստանցիներս դեռ շարունակում ենք կարծել, թե մեզ անտեսանելի ինչ-որ մի ուժ է օգնության հասնելու:
Մարդկանց մի հատված, որ դեռ տարված է 2018-ի «հեղափոխական» էյֆորիայով ու հավատում է «ամենազոր» Նիկոլ Փաշինյանին, շարունակում է կարծել, թե Ադրբեջանին նախկիններն են փող տալիս, որ հարձակվի Հայաստանի վրա: ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի համակիրներն էլ վստահ են, որ հենց իրենց սրտի առաջնորդը կարող է Հայաստանը հանել ծանրագույն այս իրավիճակից ու բանակցել թե՛ Ադրբեջանի, թե՛ աշխարհի հետ: Վերջիններս սակայն մի պարզ բան չեն գիտակցում, որ նախկին բոլոր նախագահներն ինչ-որ ժամանակ բանակցել ու հարաբերակցվել են աշխարհի հետ, ու ինչ-որ բան անելու համար բավարար թե՛ ժամանակ, թե՛ ռեսուրսներ ունեցել են:
Մեկ այլ զանգված հույսը Ռուսաստանի ու բացառապես Վլադիմիր Պուտինի, մեկ այլ հատված՝ Եվրոպայի հետ է կապում: Ու մինչեւ մենք շարունակում ենք ինչ-որ հրաշքի ակնկալիքով ապրել ու հուսալ, թե բարեգութ մարդկությունը կկանխի հերթական ողբերգությունը, աշխարհի լիդերների աչքի առջեւ ադրբեջանցիները շարունակում են մարդ մորթել, ծվատել ու տանջամահ անել:
Այն, որ օրվա իշխանությունը «7 մորից ծիծ ուտող գառան» քաղաքականություն է վարում, աներկբա է, ու նրանց արդար մղումներին վաղուց թե՛ մենք, թե՛ մեր հարեւանները չեն հավատում: Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր ավելի միայնակ, անհուսալի եւ անհույս պետություն եւ հասարակություն ենք, քան 2020-ի սեպտեմբեր 27-ին էինք:
Ի՞նչ անել. այսօր այս հարցն իրեն ՀՀ գրեթե ամեն մի քաղաքացի է տալիս, որ վաղուց հասկացել է՝ իր ընտրած իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ որեւէ բան անել կա՛մ չի կարող, կա՛մ ունակ չէ, կա՛մ պարզապես չի ուզում: Ազգադավության ու աշխարհաքաղաքական անորոշության ժամանակներում համայն հայության միակ նպատակը պետք է անիմաստ կործանարար տարանջատումներից՝ սեւեր-սպիտակներ, զերծ մնալը, Հայաստանն օտարների պատերազմական թատերաբեմ չդարձնելը լինի: Ինչպես նաեւ՝ ի մի բերել մտավորական ու գիտական ներուժն ու փորձել հասկանալ՝ ինչպե՞ս դիմակայել հզոր պայթյունին:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ