Վերջին օրերին հայաստանյան օրակարգում հայտնված այս խնդրին իր պատասխանն է փորձել տալ ռուսական այլ լրատվամիջոցների թվում «Վեդոմոստի.ռու»-ն: Անդրադառնալով ստեղծված հակամարտության հնարավոր արմատներին, հրատարակությունը գրում է, թե Հայ առաքելական եկեղեցու հետ իշխանությունների հարաբերությունները լրջորեն վատթարացել են 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, երբ Գարեգին II կաթողիկոսը Փաշինյանին մեղադրեց հայկական բանակի պարտության համար եւ նրա հրաժարականի կոչ արեց: Հակառակության նոր փուլ սկսվեց 2024 թվականի մայիսին, երբ Տավուշի թեմի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը դեմ արտահայտվեց երկրի հյուսիս-արեւելքում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, ապա գլխավորեց Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի շարժումը:
Հոդվածագիրը բերում է հայ քաղաքագետ, «Կովկասի ինստիտուտի» գիտաշխատող Հրանտ Միքայելյանի մեկնաբանությունը, թե Փաշինյանը ՀԱԵ-ն ենթարկեցնելու է տրամադրված 2018 թվականին իշխանության գալու առաջին իսկ օրերից: Բացի Հայաստանի նորացումից, վարչապետի հիմնական կարգախոսներից մեկը Գարեգին II-ին տապալելն ու նոր կաթողիկոս ընտրելն էր, ասել է փորձագետը: Նրա խոսքով, առաջին տարիներին այդ արշավը հանգեցրեց եկեղեցու վարկանիշի նվազմանը, սակայն 2020 թվականի պատերազմից հետո ՀԱԵ-ն վերականգնեց իր հեղինակությունը: «2024 եւ 2025 թվականների հարցումների համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցու վարկանիշը կազմել է 80%, մինչդեռ կառավարությանը՝ ընդամենը 30%: Եկեղեցին շատ քաղաքական հարցերում կողմնակից է այլ ընտրանքային օրակարգի եւ, ըստ էության, մնում է միակ կազմակերպված ուժը, որը չի վերահսկվում պետության կողմից: Հետեւաբար, ներկայիս պայմաններում ՀԱԵ-ին ենթարկեցնելը կենսականորեն կարեւոր հարց է Փաշինյանի համար»,- բացատրել է քաղաքագետը:
Հայաստանի իշխանություններն այս հակաեկեղեցական արշավով փորձում են ամրապնդել իրենց ընտրազանգվածը՝ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, ըստ հրապարակման՝ կարծում է Ռուսաստանի ԳԱԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ստանիսլավ Պրիտչինը: Առաջին հերթին Փաշինյանը փորձում է իր կողմը գրավել տատանվող լիբերալ մտածողությամբ քաղաքացիների մի մասին, որոնք քննադատաբար են տրամադրված Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Սակայն փորձագետը եզրակացնում է, որ այս քաղաքականությունը միայն խորացնում է հայ հասարակության պառակտումը:
Գ. ՄԿՐՏՉՅԱՆ