Ինչո՞ւ ենք բանակ պահում

130

Մի քանի օր առաջ համացանցով մի տեսանյութ տարածվեց, որը որքան դիտարժան, այնքան սրտառուչ էր. հայոց բանակի երեք զինվոր, հազիվ իրենց 20 տարիների մեջ, գոտկատեղից վերեւ լրիվ մերկացած՝ ձյուների մեջ իրենց առավոտյան երեսլվան էին կատարում, այսինքն մեկը մյուսի ափերի մեջ դույլից ջուր էր լցնում, որ դեմքը լվանար չափ-չուփ, մինչ երրորդը սառույցը ձեռքին՝ ընկերների ու սեփական մարմինն էր շփում, ընդհանուր զվարթ տրամադրության մեջ։ Բանակային՝ թերեւս շատ սովորական մի տեսարան, որը դիտողների մեջ իսկույն առաջացրեց գորովալից հիացմունքի զգացումներ. «Աստված ջան, գոնե դո՛ւ պահի մեր այս եւ մյուս մատղաշ տղաներին»։ Եվ հարցը, գոնե իմ մեջ, առաջացավ ինքնաբերաբար՝ իսկ ինչո՞ւ ենք բանակ պահում, ձեւի համա՞ր, «խաղաղության դարաշրջան» բացելու համա՞ր, տարածքներ, դիրքեր ու բնակավայրեր զիջելու համա՞ր, թե՞…

Որեւէ նորմալ երկրում, հատկապես ցավալի պարտությունից հետո, խելացի որեւէ կառավարության առաջին գործը լինելու էր պարտության խորքային պատճառները ուսումնասիրելը։ Այդ նպատակով նման կառավարությունները պատվեր են իջեցնում մասնագետ հետազոտողների տարբեր, այդ թվում՝ միջազգային անկախ հիմնարկների համար, որպեսզի պարզվեն ռազմավարական ու մարտավարական բոլոր սխալները, բացթողումները, պատասխանատու անձանց զանցանքներն ու հանցանքները։ Մինչդեռ մերոնք, իշխանական եւ ընդդիմադիր թեւեր, լրջագույն այդ խնդրի քննությունը տեղափոխել են խորհրդարան, ավելի ճիշտ՝ Անվտանգության հարցերի հանձնաժողով, այսպես կոչված Անդրանիկ Քոչարյանի ատյան, որը հարմարագույն վայրն է միմյանց «տուր թե կտաս» անելու եւ դրանով ոչ մի բան էլ չպարզելու։

Անկախ փորձագետների ուսումնասիրությունը, բնականաբար, չէր լինելու ինքնանպատակ, այլ՝ բարոյալքված մեր զինված ուժերի կորովը բարձրացնելու, թերությունները շտկելու, ազգային բանակի մարտունակությունը վերականգնելու, սպառազինությունը համալրելու, ավելորդ, այդ թվում՝ մեր երկնքում աքսեսուարի դեր ունեցող Սու-35-երից ձերբազատվելու-վերավաճառելու, ավագ եւ կրտսեր սպայական շարքերի անպիտան հատվածից ձերբազատվելու, փոխարենը մնացյալին վերապատրաստելու եւ, վերջապես, ամրաշինաինժեներական աշխատանքները, այդ թվում՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մատնանշած «կապսուլներով» սահմանագծերը պաշտպանելի մակարդակի բերելու աշխատանքները։ Միայն այն փաստը, որ վերջին երեք տարիներին առնվազն 13 փոփոխություն է կատարվել մեր զինված ուժերի ամենավերին էշելոնում, հավելյալ՝ որ մեկ ամսից ավելի մեր բանակը չունի ԶՈՒ շտաբի պետ, մինչ պաշտպանության նախարարը ռազմական գործի մասնագետ չէ ամենեւին, իսկ նրա բանակային ծառայության ամենավառ էջը իր հրամանատարին ծեծելու հերոսական արարքն է, խոսում է պաշտպանության մեր վիճակի մասին։ Անգլուխ կամ անիմաստ տարուբերվող գլուխով մի բանակ, որից չենք կարող ակնկալել բանակաշինության, ավելի շուտ՝ բանակավերականգնման որեւէ լուրջ, հետեւողական ու չարքաշ աշխատանք։ Դրա վրա ավելացնենք ամենաողբերգականը՝ Գերագույն գլխավոր հրամանատարի հանգամանքը կամ, զինվորական տեսակետից նրա որեւէ հանգամանք չունենալը, իսկ ունեցողներին ոչ-յուրային համարելն ու մեկուսացնելը։ Նրա շրջապատում ամեն ինչ եւ ամեն մարդ փոխվում է, նույնիսկ «Ազգային հերոսները», որոնք մեկ օրից մյուսը դառնում են հակահերոս, կալանավայրերում ծանր մեղադրանքների ենթակա խեղճուկ արարածներ, բայց մնում է ինքը…

Այս պայմաններում, առանց չափազանցության, հուսահատեցնող է մեր պաշտպանության համակարգի անհամակարգ վիճակը, որը իշխանավորները փորձում են կոծկել խաղաղասիրությամբ ու տարբեր ձեռնածություններով։ Իսկ մեկ-մեկ էլ՝ նենգ թշնամու սադրանքների թվարկմամբ, մանավանդ՝ այդ նույն թշնամուն ռուս խաղաղապահներին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին մատուցելու թատերայնությամբ։

Ես չգիտեմ որեւէ թշնամու, որ նենգ չէ։ Իսկ ինչ վերաբերում է սադրանքներին, դրանց համար մենք ենք մեղավոր եւ անպատրաստ։ Դրա համար էլ խելառ Իլհամը ծիծաղում է մեր վրա, որին նույնիսկ ներկա պայմաններում, մեր պարտությունից հետո էլ, մենք պիտի կարողանայինք զենքի լեզվով բացատրել, եւ ոչ թե «էթնիկ զտումների» մասին մեղադրանքներով, որոնք վաղուց հայտնի են բոլորիս, որ հայ զինվորը, հայոց բանակը, եթե նույնիսկ չի կարող հաղթել հիմա, ապա կարող է ցավեցնել, զոհեր խլել եւ արիության դասեր տալ հատկապես մերձամարտում։

Սառնամանիքի տակ ձյունով լոգանք ընդունող մեր մատղաշ տղաները ընդունակ են անձնազոհության, հերոսական արարքների, առյուծասիրտ են ու սխրագործ։ Պարզապես նրանց առյուծ հրամանատարներ են պետք, գիտակ իրենց գործին, պատասխանատու յուրաքանչյուր զինվորի կյանքի համար եւ տեր՝ հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողին։

Միայն նրանց համար մենք պետք է պահենք մեր բանակը։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ