Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ վերբալ եւ զինուժով հարձակման, հրադադարի անընդհատական խախտման արյունոտ պինգպոնգի հարվածները չեն հասնում Գերմանիա. Բայց «մեր ձայնը» լսվում է։ Մի քանի տարի առաջ նաեւ Գերմանիայում «Մի գնա, մի գնա»-ն սրճարաններից, ավտոմեքենաներից «կախ» ընկած երգը հալածում էր ինձ։ Հիմա այդ ձայնը փոխվել է՝ գերմանական ռադիոն շաբաթվա մեջ մի քանի անգամ Հայաստանից մելամաղձիկ, քնքուշ մեղեդի է սփռում՝ Ռոզա Լինի «Snap»-ը։ Ինչպես երիտասարդ երգչուհին էր ներկայացրել երգի ստեղծման նախապատմությունը, հուսահատ պահերին ներսուզվելն եւ ինքնաբուժվելն են իր երգի բառերը թելադրել։ Շատ սիրված այս մեղեդին երեւի գերմանացիների «ինքնարդարացումն» է՝ ցուրտ Գերմանիայում չենք կարող դատապարտել Ադրբեջանի նախագահին, երբ նա գազ է տալիս մեզ, իսկ հայերը առաջին համաշխարհային պատերազմից հետո դիմակայել են, «ինքնաբուժվել», իսկ 2022-ի մարտից բոլոր հարթակներում հնչող այս երգը հաստատում է, որ հայերն աշխարհից պահանջ չունեն։ Նրանք «ինքնաբավ» են։
Իրականում այս միտքն են հաստատում իմ գերմանացի հարեւանները, որ ինձ չեն համարձակվում հարցնել «ինչպե՞ս եմ», քանի որ իմ հարցին պատերազմից առաջ էլ պատասխան չէին գտնում՝ «Եթե Պուտինն ու Լուկաշենկոն բռնակալ են, Ալիեւնն ու Էրդողանն ի՞նչ են։ Եթե սխալվում եմ, ցույց տվեք մի տարբերություն»։
Գերմանացիների բառարանում փետրվարից ի վեր ագրեսոր բառը կուլ է տվել բռնակալ բնորոշումը, եւ որեւէ մեկը չի կասկածում, թե այն Ռուսաստանի նախագահի անվան հոմանիշն է։ Ալիեւի պարագայում նույնը չես ասի։ Գերմանացի քաղաքական գործիչները Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի հենց սկզբում համերգներն ու հանդիպումները ցուրտ դահլիճներում էին անցկացնում, դրանք՝ռուսական գազից կամովին հրաժարվելը ներկայացնում ցուցադրաբար՝ հորդորելով նույնը տանն անել։ Դրացիներս խնայողաբար են ջեռուցելու տունը, կան գերմանացիներ, որ ասում են, թե չեն ջեռուցելու, բայց պատճառը գազի եւ էլեկտրաէներգիայի մի քանի անգամ գերազանցող գներն են, ոչ թե հայ ժողովրդի հետ համերաշխությունը, արյունարբու Ալիեւի գազից հրաժարվելը։
«Ինչու՞ ձեր հոգը չէ այս պատերազմը», առցանց «Ցայթ»-ի սեպտեմբերի 21-ի հրապարակման մեջ գերմանացի իր գործընկերներին հարց է ուղղում բեռլինաբնակ Տիգրան Պետրոսյանը, որ խոստովանում է, թե իր համար «ավելի լավ է սառը ջրով լոգանքը, քան ադրբեջանական գազով տաքացվածը», քանզի՝ «այն բանի համար, որ գերմանացիները սառը ջրով չլողանան, հայերն իրենց կյանքով են վճարում»։ Նրան զարմացրել է այն անտարբերությունը, որ կա Գերմանիայում։
Լռության եւ անտարբերության, ավելի վատ՝ կեղծ բարոյականության կամ՝ կրկնակի ստանդարտների կիրառման մասին սեպտեմբերի 18-ին գրեց մեր հայրենակից Աննա Արիջանյանը t-online պորտալում՝ հիշեցնելով Ալիեւի բանակի իրականացրած ահասարսուռ վայրագությունների մասին փաստող տեսանյութերը։
Նախորդ շաբաթ «Ազգ»ում հրապարակված «Թույլ չտանք, որ մեր ողբերգությունը հարաբերականացնեն» մեր հոդվածում գրել էինք, թե ակնկալում էինք Գերմանիայի արտգործնախարարությունից ստանալ մեր գրավոր հարցերի պատասխանը։ Առաջին անգամ է, որ որեւէ պատասխան չենք ստացել։ Ինչեւէ ակնհայտ է, որ այս անգամ Կանաչների կուսակցությունը ներկայացնող արտգործնախարար Անալենա Բերբոքը հենց ինքն է խախտում իր հայտարարությունն առ այն, թե չեն հանդուրժելու հզոր պետության հարձակումը փոքրի վրա։ Նա անշուշտ մեզ չի զգուշացրել, որ իր հաստատակամությունը վերաբերում է միայն Ռուսաստան- Ուկրաինա հարաբերություններին, այլապես հիմք չէինք ունենա համոզվելու, որ ԳԴՀ արտգործնախարարի բարոյազրկումն այսքան կանուխ է երեւակվելու։
Սեպտեմբերի 14-ին ԳԴՀ արտգործնախարարության խոսնակ Վագները մամլո ասուլիսի ժամանակ գերմանացի լրագրողների հարցին ի պատասխան խուսանավելու մի տարբերակ էր որդեգրել՝ պնդել,թե որ կողմն է ագրեսոր, չի կարող, քանզի անկախ դիտորդների փաստարկներն իրենց հասանելի չեն եղել։
Սեպտեմբերի 19-ին արտգործնախարարության մյուս խոսնակը՝ Զասսեն, հարցերի առավել մեծ աքցանի մեջ հայտնվեց եւ…ցույց տվեց, թե իր երկրում ստեղծված մշակութային ահռելի ժառանգությունը, որ բարոյականության հավերժական ուղերձ է սերունդներին, եւ դրա մեջ արդարամիտ լրագրությունը, իրականում անհամատեղելի է տնտեսական շահի տեսանկյունից, եւ գերմանական քաղաքական խոսույթը նախւընտրում է հեռանալ բարոյականությունից։ Գերմանացի լրագրողի հստակ հարցը՝ ի վերջո այս անգամ կարո՞ղ եք հստակ հայտարարել, թե որն է ագրեսոր կողմը, դարձյալ խճճվեց պատասխանողի երկարաբանությունների լաբիրինթոսում։
«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Փելոսին այս օրերին գտնվում է Երևանում և հստակ հայտարարել է, որ Ադրբեջանի ապօրինի և մահացու հարձակումն է Հայաստանի վրա, որ Ամերիկան կանգնած է Հայաստանի կողքին։ Դաշնային կառավարությունն այժմ տեղեկություն ունի՞, թե ո՛վ է հարձակվել այնտեղ։ Դուք դա դատապարտո՞ւմ եք»։ Արտգործնախարության խոսնակը նորից շատ երկար խոսեց, բայց հստակ պատասխան չտվեց, եւ փորձեց հարցը կոծկել՝ հնչեցնելով, թե կողմերի միջեւ հրադադար է հաստատվել։ Նա հավասարակշռությունը կորցրեց, երբ լրագրողը շարունակեց պնդել՝ ագրեսորի հստա՛կ անվանում։
«Ես ձեզ ասացի, որ սա շատ բարդ հակամարտություն է, որը շարունակում է սրվել և միշտ հանգեցնում է հակամարտող կողմերի միջև լարվածության, և որ այժմ խնդիրը հրադադարի պահպանումն է, որը գործում է անցյալ շաբաթից։ Այնուհետև դիվանագիտական ջանքերով նպաստել հակամարտության երկարաժամկետ լուծմանը՝ հակամարտող երկու կողմերի հետ»։ Լրագրողը դարձյալ պնդեց՝ «խնդրում եմ պատասխանեք հարցին՝ արդյո՞ք դաշնային կառավարությունն այժմ տեսնում է Ադրբեջանին որպես այս հարձակման պատասխանատու։ Տիկին Փելոսին Հայաստան այցից առաջ զրուցել է նաև տիկին Բերբոքի հետ։ Համաձա՞յն եք տիկին Փելոսիի հետ, որ Ադրբեջանն է պատասխանատու այս հարձակման համար»։
«Մենք այստեղ ներկայացնում ենք դաշնային կառավարության գիծն ու վերաբերմունքը։ Այն, ինչ ասում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը այս հարցի և այս հակամարտության վերաբերյալ, իր գործն է։ Այս պահին ես ձեզ ներկայացրել եմ Դաշնային կառավարության դիրքորոշումը», եղավ պատասխանը։
Լրացուցիչ հարց տրվեց՝ «Հարձակումը Հայաստանի՛, ոչ թե Լեռնային Ղարաբաղի վրա էր։ Ադրբեջանը դրանով խախտե՞լ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ Պատասխանն այսպես հնչեց. «Սա վերաբերում է ձեր հիմնարար հարցին, թե ով է մեղավոր այս վերջին էսկալացիայի համար։ Հստակ հայտնել եմ մեր դիրքորոշումը դրա վերաբերյալ»։
Եւ նորից գերմանացի պաշտոնյան՝ արտգործնախարարության խոսնակը հարաբերականացրեց հայերի ողբերգությունը՝ հորդորելով այն չհամեմատել ուկրաինականի հետ։
Ո՞վ պիտի սանձի այս պաշտոնյային, եթե ոչ Հայաստանի իր պաշտոնակիցը՝ գրավոր եւ ԶԼՄ-ների համար հասանելի տարբերակով։ Տեսե՞լ ենք նման բան։
Էջերով կարելի է գրել, նույնիսկ ներկայացնել լրագրողների եւ արտգործնախարության տարբեր խոսնակների հարցուպատասխանի սղագրությունը, ինչը Գերմանիայի դիրքորոշման անփոփոխելի վարքի պարագայում միգուցեեւ արդարացի լինի պահ տալ պատմությանը, քանի որ հայ հանրության շրջանում թյուր պատկերացում կա, թե քրիստոնյա Եվրոպայում անհանդուրժող կլինեն, եթե քրիստոնյա, մանավանդ ժողովրդավար Հայաստանի հանդեպ ոտնձգություն կատարեն մահմեդական, ավտորիտար բռնակալներ։
6 օր առաջ ԳԴՀ դեսպանությունը ֆեսբուքան իր էջում ծանուցեց հետեւյալը՝ «նորանշանակ փոխդեսպան, ներկայում գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ այսօր հետկեսօրին պետք է տեսներ Ջերմուկում։ Նա մեկն էր այն մոտ 50 դիվանագետներից, որոնք հրավիրված էին այդ քաղաքում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած բրիֆինգին։
«Ջերմուկը գեղեցիկ բնության մեջ տեղակայված գեղատեսիլ, խաղաղ հանգստավայր է։ Երեքշաբթի այստեղ գերմանացի զբոսաշրջիկներ էլ կային։ Այն, որ բնակիչներից ոչ ոք չի զոհվել, գրեթե հրաշքի է նման, քանի որ հրետանային կրակոցները խփել են այս՝ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող ռեստորանների և ճոպանուղու ուղղությամբ, ընդամենը մի քանի հարյուր մետր բնակելի շենքերից ու զբոսաշրջիկներով լի հյուրանոցներից հեռու», այցի ընթացքից իր տպավորություններն է հայտնում դիվանագետը։ Գերմանուհի զբոսաշրջիկն իր հյուրանոցի սենյակից կարողացել է լուսանկարել պայթյունները, այնքան մոտիկ են նրանք եղել դրանց։ «Ես չափազանց մտահոգ եմ։ Մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին», ամփոփում է Թինտրուպը»։
Շատերն էին Հայաստանում կարդացել եւ արձագանքել գերմանացի փոխդեսպանի գրառմանը, եւ ինձ համար զարմանալին երկու ակնառու փաստ է՝ ինչո՞ւ ԳԴՀ արտգործնախարարությունը չի վստահում իր նորանշանակ դիվանագետի տեսածին, ինչո՞ւ նրա գրագրությունից որեւէ տող չի փոխվում ԳԴՀ արտգործնախարարության դիրքորոշման մեջ։ Դեսպանության ֆեյբուքյան էջում իմ գերմաներեն նույնաբովանդակ գրառմանը հարկ չհամարեցին պատասխանել։
Իսկ ամենացավալին միշտ նույն հարցն է՝ ինչո՞ւ է հայ հանրությունը շարունակում իր խոնարհ, ծնրադիր շնորհակալությունը, երբ օտարը ձեւակերպում է՝ «մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին»։
Մնում է մեր արյամբ սրբենք նրանց արցունքները։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարները՝ Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից