Օբյեկտիվ իրականության հակառակ կողմը
Վերջապես կարողացել ենք պարզել, որ մեր առօրյա կյանքում օգտագործվող բառերն ու արտահայտությունները կարող են ունենալ նաեւ հակառակ իմաստը՝ այնպես, ինչպես ժամանակն է պահանջում:
Օրինակ, սկսել ենք հասկանալ, որ մածունը կարող է անգամ սեւ լինել, իսկ «կարմիր գիծը»՝ կաս-կանաչ:
Արդեն գիտենք, որ տիեզերական ձգողության նյուտոնյան օրենքը հիմնազուրկ է, եւ մեր մոլորակին չի վերաբերում:
Այլեւս կասկած չունենք, որ Երկիր մոլորակը մեկ աստղային օրվա ընթացքում, իր առանցքից բացի, պտտվում է նաեւ մի անձի շուրջը, եւ այդ անձը դո՛ւ ես:
Պարզել ենք, որ բանակցություններում հաջողության հասնելու համար պետք է ցածր նշաձող վերցնել, իսկ պատերազմները կանխելու համար՝ թշնամուն զրկել պատրվակներից:
Արդեն գլխի ենք ընկել, որ հուսալի ապագան կարելի է կառուցել նաեւ հեղհեղուկ ներկայի վրա:
Հասկացել ենք, որ բանակցությունները զրոյական կետից սկսելը երաշխավորում է բանակցային գործընթացի հաջողությունը:
Ապացուցել ենք, որ թիվ մեկ պատասխանատուի ու թիվ մեկ մեղավորի միջեւ տարբերությունն այնքան խորն է, որքան նախկինների ու ներկաների միջեւ գոյացած բաժանարար վիհը:
Բացահայտել ենք «հավասարակշռված» դիվանագիտություն վարելու լարախաղացային արվեստի եւ աշխարհաքաղաքական վեկտորների ընտրության հարցում անորոշության մեջ լողալու ողջ հմայքը:
Մեր գիտակցական հասունությունը մեզ թույլ է տալիս պնդելու, որ պարտությունը բնավ էլ պարտված լինելու նշան չէ:
Դժվարությամբ, բայց հետեւողականորեն սկսել ենք պատկերացնել, որ Արարատ լեռան իմաստը գիտակցության մեջ արտացոլվում է ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է մարդկանց՝ իրենց նպատակին հասնելու համար:
Հասկացել ենք, որ հոգեւորական լինելը չի արտոնում քաղաքացուն, առանց կուսակցության մեջ մտնելու, զբաղվել քաղաքականությամբ:
Սերտել ենք այն ճշմարտությունը, որ թշնամու շեղահար գնդակը կարող է որոշել նաեւ հերոսածին մոր ինքնությունը:
Եվ վերջապես, հասկացել ենք, որ թագավորի մերկ լինելու կոնցեպտը մեզ հետ կապ չունի:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ