Մուռ հանելու ավանդույթը
«Մտրակահարել» բառի հիմքում սեմական լեզուներից (հավանաբար՝ ասորերենից) մեզ հասած matreqa բառն է՝ «խարազան» եւ «մահակ» նշանակությամբ, որի հետքերը մեզ տանում են դեպի արաբական աշխարհ, որտեղ բառը գործածվում է matraq ձեւով: Արաբները ժամանակին matraq կոչվող այս գործիքով բուրդ էին չփխում:
Հնում, երբ բուրդ ծեծելը նորաձեւ էր, ամուսինների կտտանքները մի կերպ հանդուրժող հալածյալ կանայք ուժերի ներածին չափ հուժկու հարվածներ էին հասցնում բրդին եւ դրանով մուռը հանում ծեծը դաստիարակչական միջոց համարող իրենց ամուսիններից: Չի բացառվում, որ մուռ հանելու այս ձեւը տարածված է եղել նաեւ հայերի մոտ:
Մտրակահարելու հետաքրքրական ավանդույթներից մեկն էլ տարածված է Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներում: Զատկին հաջորդող օրը տղամարդիկ վաղ առավոտյան ուռենու ճյուղերից եւ գունավոր ժապավեններից պատրաստված հատուկ մտրակներով իրենց կանանց կոնքերին նուրբ հարվածներ են հասցնում եւ հրճվում: Հավանաբար այդ կերպ տղամարդիկ իրենց կանանց կամայականությունների համար մուռ են հանում:
Սակայն մտրակահարելու ավանդույթը, իբրեւ մուռ հանելու միջոց, թերեւս մեզ է հասել անտիկ դարաշրջանից:
Պատմիչների փոխանցմամբ՝ Աքեմենյան Իրանի հինգերորդ տիրակալ Քսերքսեսը, իր բանակը Հունաստան հասցնելու նպատակով, հրամայում է 1,2 կիլոմետր երկարությամբ նեղուցի վրա կառուցել պոնտոնային կամուրջ: Սակայն նախքան բանակի տեղ հասնելը փոթորիկ է մոլեգնում եւ ավերում լողակամուրջը: Ծովի հանդգնությունից զայրացած Քսերքսեսը զինվորներին հրամայում է 300 անգամ մտրակահարել ծովի ջուրը:
Վստահ չեմ, բայց հայերեն «ջուր ծեծել» արտահայտությունը կարող է հենց այդ ավանդապատումից մեզ հասած լինել: Բայց չգիտես ինչու այդ պատմության ակունքներում գտնվող պարսիկները նույն միտքն արտահայտելու համար, «ծովի մեջ ջուր ծեծել» ասելու փոխարեն, ռուսների նման գործածում են «հավանգի մեջ ջուր ծեծել» դարձվածքը:
Արեւելքում պատժի ամենատարածված ձեւերից մեկը մտրակահարությունն է, որը կոչվում է «թաազիրային» կամ կարգապահական մտրակահարություն: Այդ նպատակով կիրառվող առարկան կաշվե ժապավեն է՝ մոտավորապես 100-120 սանտիմետր երկարությամբ եւ 1,5 սանտիմետր հաստությամբ՝ առանց հանգուցակապերի: Դատապարտյալին պառկեցնում են փորի վրա եւ հարվածները հասցնում մեջքին:
Եթե դատապարտյալը տղամարդ է եւ պատիժը պետք է կրի հանրային վայրում, ապա թույլատրվում է նրան մտրակահարել նստած դիրքում:
Կին դատապարտյալները մտրակահարվում են իգական սեռին պատկանող մտրակահարիչների կողմից, որի ընթացքում բացառվում է տղամարդկանց ներկայությունը:
Իսլամական քրեական օրենսգրքի 657-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք, ով ուրիշի ունեցվածքն է գողանում, դատապարտվում է վեց ամսից մինչեւ երկուսուկես տարի ազատազրկման եւ մինչեւ 74 անգամ մտրակահարության»:
Եկեք թույլ չտանք, որ մտրակահարելու ավանդույթը, թեկուզ մուռ հանելու նպատակով, մեր որոշ մշակութային գործիչների թեթեւ ձեռքով տարածում գտնի նաեւ Հայաստանում:
Գ.ԱՌԱՔԵԼՅԱՆ





