Ըստ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի, հունիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Նույն աղբյուրի համաձայն, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների եւ շփումների կարեւորությունը:
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում տեղ գտած խիստ սահմանափակ տեղեկատվության համեմատությամբ, նույն հեռախոսազրույցի մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցած տեղեկատվության մեջ ավելի շատ մանրամասնություններ կան, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնելու հեռախոսազրույցի մասին մեր եզրահանգումների շրջանակը:
Նախ, պարզ է դառնում, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է հայկական կողմը, ինչը նվազ կարեւոր չէ սահմանափակ տեղեկատվություն պարունակող հաղորդագրություններից հետեւություններ անելու համար:
ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի համաձայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ԻԻՀ նախագահ Ռայիսին, անդրադառնալով երկու երկրների պատմական կապերին, ասել է. «Իրանն ու Հարավային Կովկասը միմյանց պատմամշակութային պատառիկներն են»:
Այս ձեւակերպումն իրանական կողմի բացահայտ ակնարկն է Թուրքմենչայի եւ դրան նախորդած՝ Գյուլիստանի պայմանագրերից առաջ Պարսկաստանի քաղաքական քարտեզի ընդգրկվածության, ու Թեհրանի համար ցավալի կորուստներով պայմանավորված, Հարավային Կովկասի նկատմամբ իրավատիրական ձգտումների մասին:
ԻԻՀ նախագահը նաեւ նշել է, որ Իրանն իր հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացման շրջանակներում կարեւորում է Հարավային Կովկասի հետ համագործակցությունն ու այն դիտարկում որպես իր երկրի առաջնահերթությունը:
«Հարեւան երկրներ» ձեւակերպումն օգտագործելով՝ նախագահ Ռայիսին հնչեցրել է Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում կյանքի կոչված ազգային անվտանգության հայեցակարգի հիմնական բաղադրիչներից մեկը՝ «սահմանակից երկրների հետ հարաբերությունների կառավարման» մասին, որն նախագահ Ռայիսիի նախընտրական հայտարարություններում կարեւոր տեղ էր զբաղեցնում:
Նախագահ Ռայիսին, կարեւորելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու պատմականորն ձեւավորված սահմանների անձեռնմխելիությունը, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է Կովկասում ԱՐԵՒՄՏՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ներկայությամբ աշխարհաքաղաքական որեւէ փոփոխությանը, քանի որ օտաերկրացիները ոչ միայն որեւէ խնդիր չեն լուծում, այլեւ նպաստում են նոր խնդիրների առաջացմանը»:
Կովկասում «ԱՐԵՒՄՏՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ» ներկայությանը դեմ լինելու վերաբերյալ ԻԻՀ նախագահի օգտագործած ձեւակերպումը կարող է վկայել «Մեղրիի միջանցքը» ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ վերահսկմանը հանձնելու տարբերակին դեմ չլինելու մասին:
Նախագահ Ռայիսին կարեւորելով խաղաղությանը միտված Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու երկուստեք միտումը՝ նշել է. «Երկու երկրների սահմաններում պետք է հնարավորինս արագ լուծվեն անվտանգային հարցերն ու դրանք վերածվեն տնտեսական սահմանների:
«Տնտեսական սահմանների» մասին ԻԻՀ նախագահի ձեւակերպումն արտահայտում է Հարավային Կովկասում Իրանի առեւտրատնտեսական շահերի համապատասխանող գործունեությանը չխոչընդոտելու իրանական կողմի ցանկությունը:
Ռայիսին անդրադարձել է երկկողմ հարաբերություններին վերաբերող խնդիրներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին հնարավորինս արագ ընթացք տալու անհրաժեշտությանը:
Հայաստանի հետ հարաբերությունների մասին Նախագահ Ռայիսիի օգտագործած վերոգրյալ արտահայտությունն ընդամենը երկկողմ հարաբերություններից բխող արարողակարգային ու ֆորմալ ձեւակերպում է:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանում ՀՀ նախկին դեսպան