Նախորդ տարի՝ 2022-ին, Հայաստանից Թուրքիա արտահանվող ոսկու ձուլակտորների քանակը կտրուկ աճել է: Վիճակագրությունը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է ներկայացրել: Այսպես՝ միայն նախորդ տարվա ընթացքում դեպի հարեւան երկիր ավելի քան 353 կգ ոսկու ձուլակտոր է արտահանվել: «Ազգ»-ի հետ զրույցում տնտեսագետ Պարսյանը տեղեկացրեց, որ խոսքը հենց ձուլակտորների, այլ ոչ թե զարդերի մասին է: Ավելին, փոխանցեց, որ Հայաստանից Թուրքիա արտահանված ապրանքաշրջանառության 99 տկոսոսը հենց այդ ձուլակտորներն են եղել: Թուրքիա արտահանումներ կատարելու մեջ նա վտանգներ չի փնտրում, սակայն առանձնանցնում է, որ ապրանքաշրջանառությունը կարող է դուր չգալ հավաքական Արեւմուտքին կամ Միացյալ Նահանգներին: Հղում անելով նախորդ շաբաթ ԱՄՆ-ի արդարադատության, առեւտրի եւ ֆինանսների նախարարությունների տարածած հաղորդագրություններին, որտեղ նշվում էր, թե հայկական, թուրքական ընկերությունները օգնում են Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում, շեշտում է՝ ոսկու ձուլակտորների շրջանառության պատճառով ԱՄՆ պատժամիջոցային խոշորացույցի տակ նաեւ հայկական ընկերությունները կարող են հայտնվել:
«Բանն այն է, որ այդ ձուլակտորները հիմնականում ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում են արտադրվում, ու մեր երկրի միջոցով հայտվում մեկ այլ՝ երրորդ երկրում: Եվ քանի որ այս պահին Թուրքիան ոսկու պահանջ ունի, ապա այն հենց այդտեղ էլ սպառվում է»,- ներկայացնում է մեր զրուցակիցը:
Նա նաեւ բացատրում է հանգամանքը, թե ինչո՞ւ են թուրքերը նախընտրում ոսկի կուտակել: Բանն այն է, որ հաշվի առնելով լիրայի արժեզրկումը՝ 2022 թվականին Թուրքիայի Կենտրոնական բանկը ավելացրել է ոսկու պահուստները: Ավելին՝ նույնիսկ աննախադեպ բարձր գնաճի պայմաններում Թուրքիայի տնտեսությունը 5, 3 տոկոս տնտեսական աճ է գրանցել:
«Ըստ տնտեսագետների կանխատեսումների, այս տարին՝ 2023-ը, ճգնաժամի տարի կլինի: Եվրոմիության գոտում արդեն արձանագրվում է տնտեսական աճի դանդաղում, սրան զուգահեռ էլ՝ ամերիկյան եւ եվրոպական խոշոր բանկերից որոշները սնանկանում են: Պատճառներից մեկն այն է, որ ճգնաժամի նախաշեմին սովորաբար խոշոր ներդրողներն իրենց գումարները նախընտրում են ոսկու տեսքով պահել: Թուրքերի՝ ոսկի ձեռք բերելու պատճառներից մեկն էլ այն է, որ Ռուսաստանը ոսկու ձուլակտորների վաճառքի համար գործարարներին ազատել էր ավելացված արժեքի հարկից, ինչն էլ ֆիզիկական անձանց թույլ է տալիս ավելի էժան գնով ոսկի գնել»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ