Ժամանակ չունենք

32
Protesters of the ‘Resistance’ movement hold a protest action demanding the RA Prime Minister Nikol Pashinyan's resignation in front of the RA National Assembly building of Yerevan, Armenia

Մենք այդպես էլ խելքի չենք գալիս: Ո՛չ պատմությունից ենք դասեր քաղում, ո՛չ էլ մեր իսկ սխալներից, եւ ամեն անգամ կրկնում ենք դրանք մեծ ջանասիրությամբ: Օտարները մեզ խաբել են, թե իբր հայի վերջին խելքը լիներ, այս կամ այն սխալը թույլ չէին տա: Իրականում, երբ խոսքն ու գործը մեզ է վերաբերում, մեր ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին խելքը բանի նման չի: Իսկ, ա՛յ, օտարներին ծառայելիս գրեթե միշտ անսխալ ենք եղել եւ անթերի: Մասնագիտության բերումով տեղյակ եմ, անկախ որ երկրի ռազմուժի շարքերում են հայերը կռվել, միշտ անգերազանցելի են եղել: Դրա մասին են վկայում այն մեծաքանակ հիացական խոսքերը, որոնք հայ ռազմիկների հասցեին հնչեցրել են տարբեր երկրների մեծանուն զինհրամանատարները: Իսկ, ինչպես շատ այլ հարցերում, հայրենիքի ու պետականության համար կենսական նշանակություն ունեցող բանակի հարցում եւս մենք սխալ սխալի հետեւից թույլ տվեցինք:

Մեծ զոհողությունների գնով պատերազմի բովում ծնված ու փառավոր հաղթանակներ կռած մեր բանակի ձեռքբերումները 1994-ից հետո ուղղակի քամուն տվեցինք եւ չիրացրինք արյան գնով հաղթանակը: Այնինչ,  խելամիտ լինելու դեպքում առնվազն պիտի անեինք ինչպես օրինակ Ռուսաստանն արեց եւ ցույց տվեց, թե ինչպես են հող ետ բերում: Ողջ աշխարհը դուրս եկավ Ռուսաստանի դեմ, տրիլիոնավոր դոլարների զենքեր օգտագործվեցին, բայց նա իր արածն արեց: Ինչ է, ռուսական իրականությունում բոլորը հերոսնե՞ր են, իհարկե ոչ: Սակայն կարո՞ղ եք ցույց տալ մի ռուսաստանցի մանվել ու լիսկա, շմայս ու ծաղիկ ռուբո… Ղրիմը վերցնելու հաջորդ օրը այն կամրջվեց, վերակառուցվեց ու շենացվեց: Մենք հակառակն արեցինք: Այրեցինք բոլոր կամուրջները, ինչ վերցրել էինք՝ թալանեցինք, թալանեցինք նաեւ մեր պետությունը: Բոլոր նրանք, ովքեր տարբեր ճանապարհներով մեզ առաջնորդեցին` Արցախը փրկելու, նրանք չգիտեի՞ն, որ իշխանության գալու ու թալանի համար են դա անում, որ աշխարհը Արցախը մեզ տվողը չէ, որ մեր երեխաները փաստորեն գրպանի համար մսաղացի մատաղացուների էին վերածվել: Արցախափրկության իսկական ու համոզված նվիրյալներ էլ կային, բայց ընթացքում նրանք կա՛մ ֆիզիկապես չեզոքացվեցին կամ իրենք էլ սկսեցին խաղալ որոշված խաղի կանոններով: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու պարտվեցինք: Բայց ցավն այն է, որ համառորեն համապատասխան հետեւություններ այդպես էլ չենք անում:

Հայաստանի եւ Արցախի շուրջ այժմ սահմանազատման ու սահմանագծման բանակցություններ են տեղի են ունենում, որոնք լուրջ վտանգի տակ են դնում մեր պետության գոյությունը: Ընդ որում, մեզ «բացատրում են», որ այնքան բաղձալի խաղաղությունը դրանով է պայմանավորված եւ անընդհատ շտապեցնում են: Այնինչ, նման հարցերի քննարկումները՝ սահմանների ճշգրտում, խաղաղության պայմանագիր եւ այլն, շատ երկրների միջեւ տեւում են տասնյակ տարիներ: Օրինակ`Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ, Կուրիլյան մի քանի փոքր կղզիների պատկանելության հիմնախնդրով պայմանավորված, մինչ օրս խաղաղության պայմանագիր կնքված չէ:

Հետո էլ, աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնց միջեւ սահմանների ճշգրտում արված չէ, բայց դա չի խանգարում այդ երկրներին ունենալ խաղաղ հարաբերություններ, համագործակցություն տնտեսության եւ այլ ոլորտերում: Մեր հակառակորդներն այդպես են վարվում, որովհետեւ հաղթել են եւ ցանկանում են օր առաջ իրացնել այդ հաղթանակը, վայելել դրա պտուղները: Հետո էլ, վստահ են, որ Հայաստանի ներկա իշխանությունները ո՛չ կարող են նորմալ բանակցություններ վարել (ո՛չ համապատասխան գիտելիքներ ունեն եւ ո՛չ էլ կենսափորձ, որոնք այս դեպքում խիստ անհրաժեշտ գործոններ են), ո՛չ էլ առանձնապես ձգտում են պահպանել մեր ազգային շահերն ու արժեքները: Իրենք իրենց առջեւ ուրիշ խնդիրներ են դրել, որոնցից թիվ մեկն ամեն գնով «խաղաղության» պայմանագիր կնքելն է, թեեւ, ինչպես վերջերս հայտարարեց վարչապետը, որեւէ երաշխիք չկա դրա հաջողության համար:

44-օրյա պատերազմի հետեւանքներից վախեցած, որոնց մեջ իրենց մեղքի մեծ բաժին ունեն հենց իրենք, իշխանություններն այժմ պնդում են, որ ցանկացած զիջումներով խաղաղության պայմանագրի կնքումը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն կհաստատի: Չի՛ հաստատի: Վստահ եմ, որ չի հաստատի, քանի որ քաջատեղյակ եմ հայոց պատմության ծալքերին: Ավելացնեմ նաեւ, որ դա պատրանք է, սին երազ: Մենք ապրում ենք այնպիսի աշխարհաքաղաքական տեկտոնիկ տարածաշրջանում, որտեղ նոր աշխարհակարգի կայացման ներկա փուլի բուռն, ներառյալ պատերազմական զարգացումներն էական ազդեցություն են ունենում ընդհանուր աշխարհաքաղաքական իրողությունների, այդ թվում՝ մեր տարածաշրջանում ձեւավորված ռազմաքաղաքական իրավիճակի, միջպետական հարաբերությունների եւ երկրների ռազմավարական դիրքավորումների վրա: Այստեղ սահմանները վերջնական չեն, լուրջ ցնցումներ են սպասվում, եւ ոչ մի, թեկուզ ամենալավ փաստաթուղթ չի կարող խաղաղություն երաշխավորել:

Ներկա վարչախումբն էլ առաջնորդվում է ոչնչով չհիմնավորված վտանգավոր շտապողակությամբ, որի պատճառով կարող է զոհաբերել մեր ազգային շահերն ու արժեքները, պետությունն անվերադարձ կորուստներ ունենալ եւ մեզ նոր մարտահրավերների առջեւ կանգնեցնել: Իհարկե, հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելուն ոչ ոք դեմ չէ: Հարցն այն է, թե ինչ գնով դա պետք է անել, երբ եւ ինչպես:

Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու նախապայ-մանը եղել է Արցախի անկախության ճանաչումը, որի համար Հայաստանը տասնամյակներ պայքարել է միջազգային հարթակներում: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նույնպես միշտ փորձ է արվել հարաբերություններ հաստատել, եւ միջազգային հանրությունն ընկալել է, որ մենք ունենք ցեղասպանության ճանաչման ու Արցախի անկախության հարցի հետ կապված բնական նախապայմաններ: Մեզ միշտ համոզել են, որ մենք մի քիչ մեղմենք մեր դիրքերը, դիմացինին էլ համոզել են, որ նա ինչ-որ չափով ընդունի մեր պայմանները: Բայց այսօր ամբողջ աշխարհը զարմացած է, թե ինչպես է Հայաստանը փոխարենը ոչինչ չստանալով` ամբողջությամբ զիջում իր բնական իրավունքները:

Ում համար պարզ չէ, որ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված այս իրավիճակում, ամեն մի բանակցություն, որ կավարտվի որեւէ փաստաթղթի ստորագրումով, ի վնաս մեզ է լինելու: Ավելի պարզ՝ այս պահին որեւէ որոշակիություն ի վնաս մեզ է, որեւէ անորոշություն իր մեջ պարունակում է ռիսկեր, բայց նաեւ տալիս է հնարավորություն ապագայում լավ արդյունքի հասնելու համար: Եվ հիմա ամենաճիշտը կա՛մ չբանակցելն է, կա՛մ հիմնվելով միջազգային իրավունքի ոլորտում նախկինում մեր ունեցած ձեռքբերումների ու դրական արդյունքների վրա՝ այդ բանակցություններում իրական ազգային նախապայմաններ դնելը՝ հաշվի չառնելով՝ դիմացինը կընդունի դրանք, թե ոչ:

Այս պայմաններում նախ հարկավոր է Հայաստանում ազգայնական իշխանությամբ Նոր Ազգային Պետության կայացումը, որը կսահմանի ազգային եւ պետական հստակ նպատակներ, կձեւավորի ազգային պետությանը համարժեք պետական-քաղաքական համակարգ, ակտիվ կհամագործակցի շահագրգիռ արտաքին կենտրոնների հետ, արմատապես կվերափոխի ընդհանուր կեցության հիմնարար սկզբունքներն ու արժեքները, եւ կառաջնորդվի զուտ Հայկականության շահերով: Իսկ դա ապահովելու միակ երաշխիքը, հաշվի առնելով տարածաշրջանում ապրող էթնոհամակարգը, եղել եւ մնում է բանակը: Ուժեղ ու ժամանակակից զենքերով զինված եւ անընդհատ կատարելագործվող, ժողովրդին համաձույլ, նրա օրգանական մասը կազմող ռազմուժը: Այս տեսակետից սխալ ու վտանգավոր են այն բոլոր հրապարակումները, որոնցում դա համարում են ժամանակավրեպ, խիստ ուշացած եւ անհնարին:

Իմ կարծիքով ընդհանուր այդ տեսլականին անհարիր են եւ արդարացված էլ չեն ընդդիմության առաջ քաշած այն թեզերը, որ իրենց շարքերը համեմատաբար շատ չեն, քանի որ այսօրյա պայքարը «սոցիալական բունտ չէ, ինչպես 2018-ին»: Ապա պարզաբանում են, որ իրենցը պայքար չէ ստամոքսի կամ ինչ-որ ապրանքի ու ծառայության գնի համար, այլ ազգային-ազատագրական պատերազմ է հանուն հայրենիքի՝ Արցախի, հայեցի ապրելու եւ հայկական մշակույթի, մեր երեխաների ու նրանց ապագայի համար եւ, վերջապես, հանուն հզոր ու բարգավաճ Հայաստանի Հանրապետության: Հետո էլ պարզաբանում են, որ իրենց շարքերը համեմատաբար քիչ են, որովհետեւ սա ընտրյալների պայքար է եւ պետք չի սպասել, թե կանաչի ծախողները, հավաքարարները կամ տաքսու վարորդները կմիանան, նրանք լավ գիտեն, թե ինչ է ստամոքսը, սակայն չգիտեն, թե ինչ է Հայրենիքը: Չեղավ, տղաներ, հեգնանքը տեղին չէ: Հետո էլ ձեզ ընտրյալներ համարելով մեծ պատնեշ եք կառուցում ձեր ու հասարակ մահկանացուների միջեւ: Իսկ մի՞թե չգիտեք, որ բոլոր ժամանակներում հայրենիք, ազգ, տուն ու տեղ, նամուս, էթնոհոգեկերտվածք, ձեր բարիքները, որոնցից ամեն օր օգտվում եք, եւ այլ ազգային արժեքներ ստեղծել, պահպանել ու պահպանելու են այդ հասարակ մահկանացուները: Հեռու չգնանք, 44-օրյայի ժամանակ ընտրյալ խավից որեւէ մեկի մատից մի կաթիլ արյուն էլ չի եկել (հատուկենտ բացառությունները չհաշված), իսկ այդ նույն հասարակ մահկանացուները հազարավոր անմեղ զոհեր տվեցին: Հետո էլ հաջողության հասնելու համար պետք է լավ իմանալ պատմափորձը, որը հուշում է, թե ո՛ր խավերն են միշտ ու բոլոր երկրներում եղել հեղափոխություն, ազատագրական պայքար կամ, ինչպես ուզում եք անվանեք, շարժիչ ուժն ու հաղթանակ ապահովողը: Միայն 2018-ի օրինակով առաջնորդվելը հեռու չի տանի, վստահեցնում եմ: Իսկ ինչ վերաբերում է ձեր անտարբերների մասին առաջ քաշած տարբերակին` «մի սպասեք, որ անտարբերները ձեզ կմիանան, նրանք հազարավոր պատճառներ կգտնեն դա չանելու համար, թաքցնելու համար սեփական վախկոտությունը», ապա լիովին կիսում եմ այն:

Այս ամենը ցավով եմ գրում, քանի որ տասնամյակների վերիվայրումներով անցած կենսափորձ ունեմ, պատմագիտության դոկտոր եմ եւ ավելի քան լավ հասկանում եմ, յուրաքանչյուր բջիջով զգում եմ, թե ինչ ասել է պետականություն, ազգային ինքնագիտակցություն, համաշխարհային էթնոհամակարգում արժանապատիվ տեղ ունենալ, լեզու, հայրենիք, ընտանիք, եւ ոչ մի պայմանով չեմ ուզենա կորցնել դրանք: Հետեւապես անկեղծորեն շատ եմ ցանկանում, որ երկիրս վերափոխվի ու, Աստված մի արասցե, հանկարծ չհայտնվի նոր ձեւավորվող աշխարհակարգի լուսանցքում: Դրա համար առաջարկում եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են առաջնորդել ազգին, նախ`

Ունենան բոլոր հարցերի պատասխանները, թե ինչ են ուզում, ինչու եւ ինչպես,

Խուսափեն հասարակությունն ընտրյալների ու հասարակ մահկանացուների արհեստական եւ վտանգավոր բաժանումներից,

Հասարակության որոշ շերտերի տարբեր որակումներ (կանաչի ծախողը, սեւագործ բանվորն ու սարերում ոչխար արածեցնողը ձեզանից պակաս չի սիրում Հայրենիքը, իր տունն ու պատիվը) օգտագործելով ու քամահարանքով վերաբերվելու, նրանց խրտնեցնելու եւ ձեր ու նրանց միջեւ պատնեշներ կառուցելու փոխարեն գնալ դեպի այդ շերտերը, բացատրել հիմնախնդիրներն իրենց բոլոր ծալքերով, համոզել ձեր ճշմարտացիությունը եւ հզորացնել հանուն հայրենիի պայքարողների շարքերը:

Վստահեցնում եմ՝ միայն այս դեպքում եւ միայն լայն զանգվածների ընդգրկմամբ հնարավոր կդառնա պայքարի հաջողությունը: Իսկապես շատ եմ ուզում, որ իմ ժողովուրդն էլ ապրի խաղաղ, ստեղծագործ աշխատանքով, ունենա գեղեցիկ ու իմաստահարուստ առօրյա: Ուզում եմ նաեւ բոլորիս հիշեցնել, որ մենք ժամանակ եւ իրավունք չունենք պահը բաց թողնելու…

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

պատմաբան-պրոֆեսոր