Այն պահից սկսյալ, երբ Գրիգոր Լուսավորիչը Տրդատ Մեծ արքայի եւ նախարարների օգնությամբ մայրաքաղաք Վաղարշապատում քանդեց հեթանոսական Սանդարամեդի մեհյանը եւ նույն տեղում սկսեց կառուցել, 302 թ.ին, Ս. Էջմիածնի մայր տաճարը, սկիզբ առավ հայոց պետական-քաղաքական ու հոգեւոր-եկեղեցական իշխանությունների սերտ համագործակցությունը, որի խորհրդանիշը դարձավ Տաճարի ու Վեհարանի միջեւ առայսօր կանգուն Տրդատա Դուռը։
Այդ համագործակցությունը, ավելի շուտ՝ յուրօրինակ փոխլրացումը, որոշ ընդհատումներով հանդերձ, ահա շարունակվում է, պե՛տք է շարունակվի, 17 դար արդեն։ Համագործակցություն, որի խզումը,- գրեթե միշտ պարտադրված կամ թելադրված արտաքին ուժերի կողմից,- կործանաբեր է եղել հայկական էթնոսի, հայկական ինքնության համար։ Եվ, ընդհակառակը, երբ համագործակցությունը եղել է սերտ ու համակարգված, արձանագրվել են հրաշալի մեծագործություններ՝ սկսելով Գրերի գյուտից, որը չէր կարող տեղի ունենալ, եթե չլիներ Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւի ու Մեսրոպ Մաշտոցի համագործակցությունը։
Այստեղ կարիք չկա նորից ու նորից խոսելու Պետություն-Եկեղեցի փոխլրացման մասին։ Սակայն անհրաժեշտ է վերահաստատել այն պատմական ճշմարտությունը, թե Հայ եկեղեցու Մայր աթոռը գրեթե միշտ հետեւել է հայոց պետական իշխանությանը՝ մայրաքաղաքից մայրաքաղաք նրա բոլոր «թափառումներում»։ Իսկ ամենահատկանշականը՝ Մայր աթոռը, որը պետական իշխանության հետ տեղափոխվել էր Հռոմկլա եւ ապա Սիս, Կիլիկիո հայոց թագավորության անկումից հետո վերադարձավ Մայր հայրենիք՝ Ս. Էջմիածին, 1441 թ.ին, երբ Հայաստանում ռազմական, տնտեսական ու հոգեւոր իմաստով ոչ մի հենակետ չէր մնացել։ Առանց այդ վերադարձի՝ անկարելի է պատկերացնել հայ ժողովրդի գոյատեւումը գոնե Արեւելյան Հայաստանում։
Այս՝ համեմատաբար երկար նախաբանի նպատակը ընդգծումն է այն իրականության, որ հատկապես մեր նման ժողովրդի համար, փոքրաթիվ եւ մի մեծ մասով սփյուռքացյալ, գոյաբանական անհրաժեշտություն է քաղաքական ու հոգեւոր իշխանությունների համակարգյալ գործակցությունը։ Մի ճշմարտություն՝ որը այդպես էլ հասու չդարձավ այսօրվա մեր իշխանություններին։ 2018 թ.ի հեղաշրջումից անմիջապես հետո նոր իշխանության առաջին գործերից մեկը եղավ հալածանք սկսել, վարկաբեկման արշավ ձեռնարկել Հայ եկեղեցու, Մայր աթոռի ու նրա գահակալի դեմ։ Անմիտ, անուղեղ մի շարժում, որը ազգային որեւէ իշխանություն, քաղաքագետ, լրջախոհ ու ողջամիտ որեւէ խմբավորում իրեն թույլ չէր տա ծավալել։ Այլ, ընդհակառակն, ինչպես բազմիցս ընդգծվել է այս թերթի էջերում, կձգտեր օգտվել-օգտագործել նրա հնարավորությունն ու ազդեցությունը, ինչպես անում են կայացած բոլոր պետությունները ողջ աշխարհում։ Փոխարենը մենք ականատես դարձանք հակաեկեղեցական, աղանդավորական, նեոբոլշեւիկյան լպիրշ արարքների նույնինքն Մայր աթոռի տարածքում, Վեհարանի դեմ-հանդիպման։
Ոչ ոք չի կարող ասել, թե Հայ եկեղեցին, նկատի ունեմ եկեղեցականներին, զերծ է թերություններից, ապահովագրված է քննադատություններից, հատկապես ինչ վերաբերում է ժողովրդավարական սկզբունքայնությունից հեռացման միտումներին, միանձնյա որոշումների կայացման սովորամոլությանը։
Սակայն այն, ինչը տեղի է ունենում այս վերջին օրերին, հրահրումով պետական իշխանավորների, ֆեյքային ֆաբրիկաների, գրանտակերների, աղանդավորների եւ արտաքին տարբեր ուժերի, աներեւակայելի է։ Մայր աթոռի Հոգեւոր գերագույն խորհրդի հայտարարությունը, Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդի ելույթը վերջին հանրահավաքում, Ռուսաստանի նախագահի կողմից Ամենայն հայոց հայրապետի պարգեւատրումը, նույնիսկ՝ Վեհափառի զորակցական այցը Ջերմուկ, սուրսայր սվիններով ու ֆեյսբուքյան հարա-հրոցով դիմավորվեցին իշխանական, մերձիշխանական ու գործակալական ցանցերի կողմից։
Ո՞րն է նրանց գլխավոր առարկությունը. Եկեղեցին ՀՀ Սահմանադրությամբ բաժանված է Պետությունից, եկեղեցին հոգեւոր կառույց է, հետեւաբար գործ չունի քաղաքականության հետ, Եկեղեցին ու նրա սպասավորները իրավունք չունեն քաղաքական հակամարտության կողմ դառնալու եւ մասնակցելու ընդդիմության նախաձեռնություններին, իմա՝ հանրահավաքներին։
Այս եւ նման մտքեր արտահայտողները անտեսում են նույն Սահմանադրության մեկ այլ դրույթը՝ Հայ առաքելական եկեղեցին Ազգային կառույց է. հետեւաբար ազգային կարեւոր հարցերում, առավել եւս՝ ազգի ու պետության գոյության հարցերում, պարտավոր է պաշտպանել ազգը եւ պետությունը։ Ոչ Սահմանադրությունը եւ ոչ էլ այլ օրենք չի սահմանափակում եկեղեցականների քվեարկելու իրավունքը, ինչը ինքնին քաղաքական գործառույթ է ենթադրում՝ համապատասխան դրսեւորումներով։ Հայ եկեղեցին հայ մարդու հոգեկերտվածքի, ազգային ոգու ամրության սնուցիչն ու պահապանն է, որի պարտականությունն իսկ է պաշտպանել իր հոտին օտար ներթափանցումների դեմ։
Առարկողներին հիշեցում՝ Հայ եկեղեցին Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից է եւ առաջին բարերարը։
Առարկողներին խորհուրդ՝ կարդացեք ու կրկին կարդացեք Մաղաքիա արք. Օրմանյանի «Հայոց եկեղեցին»։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ