Ռուսաստանում սկսում են հասկանա՞լ «դաշնակից» Ադրբեջանին
Մինչ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն այդ գերատեսչության «հին ավանդույթով» չափից դուրս վիրավորվում ու վրդովվում է հայաթափված Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման վերաբերյալ հայ լրագրողի հարցից, այդ տերության որոշ շրջանակներում կարծես թե փորձում են աչքները բացել ու տեսնել՝ ինչպիսին է տվյալ «ռազմավարական դաշնակցի» իրական վերաբերմունքն իրենց նկատմամբ: Այս օրերին այդ մասին որոշ հրապարակումներ է արել ռուսական «Ցարգրադ» հեռուստաալիքի կայքը:
«Ընկած առյուծին հրմշտել ամեն մեկը կարող է. Ադրբեջանը փորձում է Ռուսաստանի ամրությունը՝ կանգնելով թշնամու կողմը». հոդվածի այս վերնագիրը, թվում է, նշվածի մի դեպքն է: Հայ Արցախի հանդեպ գործած հանցանքների համար չպատժվելուց ու Եվրոպայի էներգակիրների մատակարար հռչակվելուց ոգեշնչված Ադրբեջանը, նաեւ օգտվելով Ռուսաստանի ներկա պատերազմական վիճակից, վերջին շրջանում նրան էլ ամեն անգամ ինչ-որ դժգոհություններ, պահանջներ ներկայացնելու առիթ է գտնում: Ինչպես հիշում ենք, օրերս այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուն մեղադրել էր ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները իր մի խոսքում «խեղաթյուրելու», այդ հակամարտությունը ռուս-ուկրաինականի հետ համեմատելու համար եւ նրան խորհուրդ էր տվել չվնասել միջպետական հարաբերությունները՝ սխալ հայտարարություններ անելով իր իրավասության մեջ չմտնող հարցերի վերաբերյալ: Եվ կրկնել էր ժամանակին արված այն ցինիկ ձեւակերպումը, թե «Ադրբեջանի 2020 և 2023 թվականների գործողությունները հակաահաբեկչական միջոցառումներ էին իր սեփական ինքնիշխան տարածքում»:
Մինչ այդ, նշվում է հոդվածում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անձամբ համեմատել էր Լեռնային Ղարաբաղում պատերազմը ուկրաինական հակամարտության հետ: Սա հարց է առաջացնում, ասում է հոդվածագիրը, ինչո՞ւ է Արտաքին գործերի նախարարությունը հակասում իր պետության ղեկավարին: Ինչո՞ւ է հանրապետությունը այդքան կտրուկ փոխել իր դիրքորոշումը: Ի՞նչ նպատակով: Եվ պատասխանում է՝ Ռուսաստանին «նյարդայնացնելու» համար: Կիեւի ռեժիմին դուր գալու, ըստ էության՝ թշնամու կողմն անցնելու համար: Քաղաքագետ Գենադի Պոդլեսնիի խոսքով, որը բերում է հրատարակությունը, այժմ արեւմտյան աշխարհում կարծում են, որ Ռուսաստանը «ընկած առյուծ» է եւ նրան կարող է հարվածել ցանկացած պետություն, որն ունի Ռուսաստանի շահերին հակառակ շահեր:
Երկար ժամանակ հետխորհրդային տարածքում Ադրբեջանը փորձում էր լինել եթե ոչ Ռուսաստանի դաշնակից, ապա առնվազն բարեկամական պետություն, հիշել է Պոդլեսնին: Համապատասխանաբար դրա համար այն լուրջ արտոնություններ էր ստանում տնտեսության, քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծման հարցում: Ռուս-ուկրաինական պատերազմի ձգձգման պայմաններում Ադրբեջանը, համոզվելով, որ Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որքան թվում էր շատ փորձագետների եւ նույնիսկ պետական ղեկավարների, որոշեց հստակորեն վերակողմնորոշվել, նկատել է փորձագետը: Համապատասխանաբար, ըստ նրա, այժմ առկա է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը, նաեւ վստահ լինելով, որ միասնական Արեւմուտքը Ռուսաստանի հակառակորդն է, ընտրել է Արեւմուտքը որպես այն կողմ, որի հետ այժմ կարող է «վերջ դնել» Ռուսաստանին: Բնականաբար, այս փուլում Ադրբեջանը սահմանափակվել է միայն Ուկրաինային զենք մատակարարելով, նրան քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն ցուցաբերելով ու իր գործողություններով ռուսական դիրքորոշումը մերժելով: Ավելին, ինչպես ասվում է, նա Ռուսաստանին մեղադրում է նույնիսկ այն բաներում, որոնցում վերջինս մեղավոր չէ:
«Բայց երբ Ադրբեջանը մեղավոր է, եւ դա ապացուցված է… Երբ ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը կրակեցին մեր խաղաղապահներով լի UAZ-ի վրա Լեռնային Ղարաբաղում, եւ երբ ադրբեջանական զինված ուժերը նույն Լեռնային Ղարաբաղում խոցեցին մեր ուղղաթիռը, Ադրբեջանը ցուցադրաբար չձեռնարկեց այն միջոցները, որոնք պահանջվում են միջազգային օրենքներով: Այն է՝ բացահայտել եւ պատժել մեղավորներին: Մինչեւ օրս մեղավորները չեն պատժվել այս երկու ռազմական հանցագործությունների համար: Ադրբեջանի այս ցուցադրական գործողությունը ցույց է տալիս, որ այն այժմ Ռուսաստանի համար բարեկամ երկիր չէ, այլ այն երկրներին աջակցող երկիրն է, որոնք փորձում են ջախջախել, մասնատել եւ ոչնչացնել Ռուսաստանը որպես պետություն»,- ամփոփել է փորձագետը:
«Ցարգրադի» հարակից մեկ այլ հոդվածում նշվում է, թե Ալիեւի վարքագիծը չի կարելի հեռատես անվանել: Հանրապետությունը սահմանակից է Ռուսաստանին, Վրաստանին, Իրանին եւ Թուրքիային, բայց բարեկամական հարաբերություններ ունի միայն վերջինիս հետ: Մինչեւ վերջերս կարելի էր խոսել նաեւ Ռուսաստանի հետ արդյունավետ կապերի մասին, բայց Բաքուն կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է:
«Ալիեւն ակնհայտորեն գլխապտույտ է ապրում հաջողություններից, բայց դա նրա հետ դաժան կատակ է խաղացել: Ղարաբաղը վերադարձնելը ռեժիմի առաջին հաղթանակն էր, որն Ադրբեջանը դրել էր թշնամիների օղակի մեջ: Հետեւաբար ցավով ուզում եմ նշել, որ Ալիևն ընտրել է ակնհայտորեն ինքնաոչնչացնող վեկտոր եւ Ադրբեջանին տանում է դեպի լուրջ խնդիրներ, ու հնարավոր է՝ նույնիսկ դեպի այս քաղաքական նախագծի լուծարումը,- լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է քաղաքագետ, ՌԴ Աշխարհաքաղաքական փորձաքննության կենտրոնի ղեկավար Վալերի Կորովինը»:
Մոսկվան հոգնել է Բաքվի դեմարշները հանդուրժելուց եւ սկսել է ավելի վճռականորեն գործել, ասվում է այս թեմայով մեկ այլ հոդվածում: Ըստ այդմ, այժմ հանրապետության մշտական հարձակումներին պատասխանը կլինեն ադրբեջանական բիզնեսների ստուգումները: Այսպիսով, քաղաքական խաղով չափազանց տարված Ալիեւն իր հայրենակիցներին հարվածի տակ է դրել:
Ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ