Իշխանությունը ազդեցիկ զինվորականների հետ, գուցե, առեւտրի մեջ է եղել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ոչ թե ԱԺ անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հենքի վրա ձեւավորված քննիչ հանձնաժողովի, այլ պարիտետային հանձնաժողով ստեղծելու կողմակիցն է, ինչի մասին ԼՀԿ-ն հայտարարում էր պատերազմի ավարտից անմիջապես հետո:
Իրավահավասարություն ենթադրող հանձնաժողովում՝ պարիտետայինում, որեւէ քաղաքական ուժ մյուսի նկատմամբ առավելություն չէր ունենա, մեկնաբանում է մեր զրուցակիցը, բացի այդ՝ այդտեղ նաեւ հասարակական այլ գործիչներ, մտավորականներ կարող էին ներգրավված լինել: Ի՞նչ էր կաշկանդում իշխանություններին ոչ թե քննիչ, այլ պարիտետային հանձնաժողով ստեղծել, հարցն անհասկանալի է նաեւ Գորգիսյանի համար: «Քննիչ հանձնաժողով ձեւավորելը, երեւի, ավելի հեշտ էր: Ամեն դեպքում՝ դա ճիշտ ճանապարհը չէ: Բայց, միեւնույնն է, եթե սա է ստեղծվել, ապա ընդդիմությունը պարտավոր է մասնակցել այդ աշխատանքներին, որովհետեւ հաճախ ճշմարտութությունը բացահայտելու համար պետք է ճիշտ ու թիրախային հարցեր հնչեցնել: Հարցեր կան, որոնց հնչեցնելն արդեն իսկ բավարար է, ու դրան ինչ էլ պատասխանեն, ամրագրվելու է, ու հետագա հետազոտողները, վստահաբար, զբաղվելու են այդ ամենով»,- նշում է նա:
Ըստ նախկին պատգամավորի, որ 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներում է ներգրավված եղել, եթե արդեն իսկ ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին խորհրդարանական ընդդիմությունն, այնուամենայնիվ, մասնակցի, ապա քննարկումը ոչ թե պատերազմի հանգամանքներին է վերաբերելու, այլ փոխադարձ մեղադրանքերի տարափ է լինելու. «Մեկը մյուսին մեղադրելու տեսարաններ են լինելու, ու ես արդյունավետ աշխատանք չեմ պատկերացնում այդտեղ: Եթե ընդդիմությունը չմասնակցի այդ աշխատանքներին, ապա իշխանությունը, Facebook-յան որոշ օգտատերերի նման գրելու է, թե «նախկինները ժամանակին ամնեն ինչ վաճառել էին, Նիկոլն ի՞նչ աներ»: Եթե ընդդիմությունը մասնակցի ու ավելի բարձր գոռա, ասելու է՝ իդեալական բանակ էինք թողել, բայց Փաշինյանը եկավ ու ամեն բան տապալեց»:
Ընդդիմադիրները չպետք է թողնեն, որ իշխանությունը միայնակ պարզի պատերազմի հանգամանքները: Նա համակարծիք չէ Ազգային ժողովի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների տեսակետի հետ, թե հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելով՝ կլեգիտիմացնեն այն: Նախկին խորհրդարանականը ներկաներին ԱԺ կանոնակարգ-օրենքը լավ ուսումնասիրելու խորհուրդ է տալիս: «Այնտեղ հստակ գրված է, որ հանձնաժողովի կազմից մի քանի հոգի կարող են հատուկ կարծիք հայտնել, որտեղ կարող են գրել այն, ինչի հանգել են հրավիրվածների հետ զրույցից կամ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո: Եվ ի՞նչ է նշանակում, թե չեն ցանկանում լեգիտիմացնել հանձնաժողովի աշխատանքներն: Այսպես թե այնպես, ԱԺ 8-րդ գումարումն իրենք էլ են համարում լեգիտիմ, մանդատներ են վերցրել, հետեւաբար՝ ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը: Իսկ գուցե չեն ցանկանում մասնակցել, որովհետեւ գիտեն՝ իրենք էլ իրենց մեղավորությունն ունեն, ու քննության ժամանակ նաեւ իրենց թույլ տված սխալները կարող են ջրի երես դուրս գալ: Բանակը, գուցե, իսկապես թալանվել է կամ պատշաճ չի սպառազինվել եւ այլն»,- հարցեր է բարձրացնում նախկին պատգամավորը:
Անդրադառնալով 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին՝ ասում է, որ այդ հանձնաժողովը հերքեց տարածված բոլոր այն թյուր կարծիքները, որ կային բանակի շուրջը՝ պատերազմի ժամանակ փամփուշտ չլինելուց մինչեւ զինվորների սոված մնալը: Իսկ նման տեսակետերի տարածումը, Գորգիսյանի համոզմամբ, միտված էին բանակը արժեզրկելուն, վարկաբեկելուն, 18-ամյա երիտասարդներին բանակում ծառայելուց հետ պահելուց եւ այլն: Ի դեպ, ԼՀԿ-ականի պնդմամբ՝ այդօրինակ հայտարարությունները ներկա իշխանության ներկայացուցիչները չեն տարածել, դրանք անհասցե են եղել: «Զենք ու սնունդ եղել է այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը եղել է, ու որեւէ դեպքում զինվորը խոտ չի կերել, ինչպես ոմանք փորձում էին պնդել: Ինչ վերաբերում է տեսակետին, թե նման հայտարարություններ այսօրվա իշխանություններն էին տարածում, ապա չեմ հիշում, որ Նիկոլ Փաշինյանը նման բան ասած լինի: Այդ ժամանակվա մամուլի հրապարակումներն ամբողջությամբ ուսումնաիսրել եմ, ու դրանք հիմնականում անանուն, անհասցե, կոնկրետ թիրախ չնշող հայտարարություններ են եղել: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ թեեւ հանձնաժողովի տված եզրակացության մեջ գաղտնի մաս է եղել, բայց հրապարակելու ենթակա նյութեր նույնպես կային, որոնք իշխանությունը մինչեւ օրս չի հրապարակել: Դա գուցե այն պատճառով, որ մեղավորների մեջ կարող էին ՊՆ-ի՝ մինչեւ այս պահը պաշտոնավարող պաշտոնյաներ լինել»,- շեշտում է Գ. Գորգիսյանը
ԼՀԿ-ականի պնդմամբ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը շատ ավելի վաղ կարող էր ստեղծվել, ու քանի դեռ պատերազմի մասնակիցների ու պատերազմ տեսածների հիշողությունը թարմ է, պետք է լսել նրանց ու արձանագրել այդ ամենը:
Ի տարբերություն ԼՀԿ-ական պատգամավորի՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը տրամաբանական է համարում խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորների այն պնդումը, որ ենթադրյալ հանցագործը չի կարող քննել հանցագործության վարկածը: Ազգային ժողովի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները, նշենք, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու մասին են հայտարարել՝ շեշտելով, թե մասնակցելով հանձնաժողովի աշխատանքներին՝ չեն ցանկանում լեգիտիմիացնել այն: Ընդդիմության մեջ կա՛ն փորձառու մարդիկ, վստահ է Վրթանեսյանը, ու եթե քննության այլ ձեւեր ընտրվեր, ապա նրանք չէին հրաժարվի մասնակցել դրան, ավելին՝ կօգնեին:
«Ակնհայտ է, որ եղել են սխալներ, հանցավոր անգործություն ու հանցանքներ: Այն մարդիկ, որ շահագրռված են՝ իրենց հանցանքները չբացահայտվեն, բնական է, չեն կարող այդ իրողությունների քննողը լինել: Երբ ինձ հարցնում են՝ այդ հանձնաժողովն ի՞նչ է, պատասխանում եմ՝ կրկես է, ֆարս: Ընդդիմության պատճառաբանությունը, որ չեն ցանկանում լեգիտիմացնել այդ բեմականացումը, ամբողջությամբ ընդունելի է: Ինչ վերաբերում է փաստարկներին, թե ընդդիմությունը պետք է մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին զուտ միայն այն պատճառով, որ իշխանությունը խելքին եկածը չանի, ապա բազմիցս ենք համոզվել՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» որ¨է պահի կարողանում է խոչընդոտել ընդդիմության աշխատանքները»,- նշում է նա:
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, ասում է, ապա օբյեկտիվ քննություն ակնկալելը բացառվում է: 2016-ի Ապրիլյան քառօրյա ու 44-օրյա պատերազմների հանգամանքներն ուսումանսիրող քննիչ հանձնաժողովները համեմատելի չեն, ու դա այն պարզ պատճառով, որ թե՛ մասշտաբով, թե՛ ելքով բոլորովին տարբեր պատերազմներն էին: Վրթանեսյանի գնահատմամբ՝ Ապրիլյան քառօրյան պարտված պատերազմ չէր. 2016-ին պետական ապարատը գործել է հստակ, կառավարման կոլապս չի եղել. «Բայց եթե անգամ համեմատում ենք, ապա իշխանություններն Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտին հասցնել այդպես էլ չեն կարողացել: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը քաղաքական ու քարոզչական գործիք է Նիկոլ Փաշինյանի ձեռքում, ըստ այդմ՝ քաղաքական բոնուսներ է տալիս իշխող թիմին: Դրանով իշխանությունը մեղավորներ է նշանակելու ու, միանշանակ, փորձելու է մաքրազարդել արած-չարածները»:
Ապրիլյան պատերազմից հետո հնչող տարաբնույթ հայտարարությունների մասով, թե, օրինակ, փամփուշտ չլինելու պատճառով զինվորները բահերով են կռվել կամ ռազմադաշտում սոված են մնացել, ապա մեր զրուցակից նշում է՝ այդ ամենը կա՛մ սուտ է եղել, կա՛մ էլ զինվորականների հետ պայմանավորվածություններ են եղել:
«Այն յուղոտ տեսարանները, որ ներկայացնում էին Ապրիլյան պատերազից հետո, իշխանությունները չկարողացան ապացուցել, ու Ապրիլյանի հանձնաժողովը օգտագործվեց որպես քաղաքական լծակ ճնշելու քաղաքական ու ռազմական գործիչների վրա: Իհարկե, չեմ կարող վստահ պնդել, թե կուլիսների հետեւում ինչ պայմանավորվածություններ են եղել, բայց ակնհայտ է՝ եզրակացությունը չհրապարկելու մասով ազդեցիկ զինվորականների հետ ինչ-որ առեւտուր եղել է»,- շեշտում է փորձագետը: