Երեւան-Բուդապեշտ – Տրանսիլվանիայի «Լեկտոր» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել «Տրանսիլվանիայի հունգարահայերի դաշինք» կազմակերպության նախաձեռնած «Ժամանակակից հայ պոեզիա» հայերեն-հունգարերեն ժողովածուն: Այն ընդգրկում է նմուշներ Հայաստանի եւ Սփյուռքի 18 հայագիր եւ օտարագիր հեղինակներից: (Այս մասին «Ազգը» տեղեկացրել է այս տարվա մարտի 24-ի համարում): Գրքի խմբագիրը, կենսագրական նոթերի եւ վերջաբանի հեղինակն է Էվա Բլենեշին, որն էլ այսօրվա իմ զրուցակիցն է:
1959-ին Տրանսիլվանիայում ծնված Էվա Բլենեշին հունգարա-հայկական ծագումով գրականագետ եւ քաղաքագետ է: 1989-ին ծնողների հետ տեղափոխվել է Հունգարիա: Ուսանել է Կլուժի (Կլուժ-Նապոկա, Ռումինիա) Բաբեշ-Բոյայի համալսարանում՝ մասնագիտանալով հունգարերենի ու անգլերենի մեջ: Քեմբրիջի համալսարանի ասպիրանտուրայում մասնագիտացել է համաշխարհային անվտանգության խնդիրների մեջ: Դոկտորի կոչում է ստացել Սեգեդի համալսարանի հումանիտար գիտությունների բաժանմունքում: Մի քանի գրքերի եւ հոդվածների հեղինակ է: Նրա ստեղծագործություններից թարգմանաբար հրատարակվել են հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռումիներեն եւ բուլղարերեն: Ի լրումն դասախոսական եւ հետազոտական գործունեության՝ ակտիվորեն զբաղվում է լուսանկարչությամբ, նկարահանում է կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր եւ նկարում ապակու եւ մետաքսի վրա:
–Հարգելի՛ Էվա, նախ թույլ տվեք շնորհավորել ձեզ ժամանակակից հայ պոեզիայի նոր հրատարակված անթոլոգիայի համար: Ո՞ւմ գաղափարն էր դա եւ ովքե՞ր են աջակցել ծրագրի իրականացմանը:
-Շնորհակալությո՛ւն, հարգելի՛ Արծվի: Պետք է շնորհավորել նաեւ այս նախագծի բոլոր մասնակիցներին՝ հրատարակիչներին, տպագրիչներին, ձեւավորողներին եւ լեզվի դասախոսներին, բայց առաջին հերթին՝ հեղինակներին եւ թարգմանիչներին, որոնք այս առումով կարեւոր դեր ունեն: Գործի կայացմանը նպաստել են նաեւ նրանք, օրինակ՝ իմ կատու Չիրոկան, որոնք օգնել են կենդանի պահել ստեղծագործական ոգին ծայրահեղ դժվար հանգամանքներում՝ կովիդ 19-ը, Արցախի վերսկսված հակամարտությունը, մարդկային ողբերգական կորուստները (Արմեն Շեկոյան, Գեզա Սյոց), իմ դեպքում՝ հիվանդություններ եւ դժբախտ պատահարներ (պայքար լիմֆատիկ մետաստազով չարորակ ուռուցքի դեմ, աջ դաստակիս կոտրվածքի պատճառով առաջացած ցավոտ Սուդեկ-սինդրոմը), պատերազմի պատճառով առաջացած թղթի գնի աննախադեպ աճը եւ այլն: Բայց հետահայաց տեսանկյունից համարում եմ, որ այս բոլոր մարտահրավերները նույնպես դրական դեր խաղացին իմ կյանքում՝ հայկականությունն ավելի լավ հասկանալու առումով, եթե կարելի է այդպես ասել: Քանի որ հայ գրականության մեջ կան մի գրադարան լցնելու չափ բանաստեղծություններ, որոնք լայն շնչով խոսում են այն ամենի մասին, ինչը հայ հոգեւոր միջավայրի սրբազան բնութագիրն է, որտեղ անգամ կորուստներից ու տառապանքներից հետո միշտ կա ելքի որոնում, կործանումից հետո՝ նոր սկիզբն է եւ արարման համատարած ուժը: Այդ գրադարանի հնարավոր գրքերից մեկն էլ այս բանաստեղծական ժողովածուն է: Հետեւաբար, չեմ կարծում, որ իմ նախաբանում ես չափազանցրել եմ՝ ասելով, որ բանաստեղծների եւ նրանց ոգեշնչած թարգմանիչների գերազանցության արժանիքն է զգալ, որ ամեն մի գիրք գիրք գրոց է, եւ ամեն բանաստեղծություն՝ երգ երգոց: Ինչ վերաբերում է ինձ՝ որպես խմբագիր, ես սիրում եմ ինձ համեմատել Բենջամին Բրիթենի «Պարզ սիմֆոնիայի» դիրիժորի դերի հետ, որտեղ նվագախմբի յուրաքանչյուր գործիք ունի մենակատարի արժեք: Այնուամենայնիվ, ընթացիկ գրքի նախագծի ստեղծման գաղափարը ծագել է Գեզա Սյոցից՝ այն հիանալի բանաստեղծից, որի մասին գրել եմ իմ առաջին մենագրությունը դեռեւս 1999 թվականին: Նա նախաձեռնել էր անթոլոգիան ոչ միայն որպես Հունգարական ՓԵՆ ակումբի նախագահ, այլեւ որպես մշակույթի հարցերի նախկին պետքարտուղար, որը ջանքեր էր թափում հայ-հունգարական վատթարացած դիվանագիտական հարաբերությունները վերականգնել:
-Ինչո՞ւ ժողովածուն տպագրվեց ոչ թե Հունգարիայում, այլ Տրանսիլվանիայում՝ Ռումինիայում:
-Գիրքը Հունգարիայում չհրատարակելու հիմնական պատճառն անթոլոգիայի հիմնական շարժիչ ուժի՝ Գեզա Սյոցի անսպասելի ողբերգական մահն էր, այն մարդու, որը ցանկանում էր գիրքը հրատարակել հունգարական ՓԵՆ ակումբի շրջանակներում: Բայց նրա մահից հետո նրա իրավահաջորդները կտրականապես հրաժարվեցին հրատարակել «Ժամանակակից հայ պոեզիան»՝ պատճառաբանելով, որ հունգարական ՓԵՆ ակումբը չունի անհրաժեշտ միջոցներ հրատարակման համար: Անկեղծ ասած, ես նույնիսկ ուրախացա եւ մեծ թեթեւացում զգացի, երբ նրանք սկսեցին խզել ինձ հետ պայմանագիրը, քանի որ Գեզա Սյոցի իրավահաջորդներից եւ ոչ մեկը չէր համապատասխանում նրա մտավոր մակարդակին եւ աշխարհաքաղաքացիական հայացքներին: Նրանց ծանծաղ ոգին, այնքա՜ն համահունչ մշակույթի ոլորտում մեր օրերում առանցքային պաշտոններ զբաղեցնողներին, շատ հեռու է իմ արժեհամակարգից, հետեւաբար ես կարող եմ միայն երախտապարտ լինել Աստծուն եւ իմ ամենօրյա երեկոյան աղոթքներում գոհունակություն հայտնել, որ ոչ ոք չի կարող ինձ կապել նրանց հետ: Այսպիսով, ինչպես շատ անգամներ կյանքիս ընթացքում, ես կարողացա թերությունը վերածել առավելության, երբ մտքովս անցավ գիրքը հրատարակելու համար դիմել Տրանսիլվանիայի հունգարահայերի ընկերակցության նախագահ Աթիլա Պուշկաշին: Թվում էր, թե ես արդեն իսկ բաց դռներ էի թակում. Ընկերակցությունը մի համեստ գումար ստացավ «Գաբոր Բեթլեն» հիմնադրամից, որը տրամադրում է վարչապետի Ազգային քարտուղարության գրասենյակը: Ինչպես գիտենք, Տրանսիլվանիան Տրիանոնի պայմանագրից հետո Ռումինիայի մաս է կազմում: Ե՛վ հունգարացիները, ե՛ւ ռումինացիները պնդում են, որ այն իրենց բնօրրանն է, բայց իրականում կարեւորն այն է, որ Էրդելին-Առդեալ-Տրանսիլվանիա-Զիբենբյուրգենը գունագեղ մի կետ է Ռումինիայի մեծ խճանկարում՝ հարուստ բազմամշակութային, բազմակրոն եւ բազմաբովանդակ ժառանգությամբ եւ հրաշագեղ բնությամբ:
–Ինչո՞ւ որոշեցիք ժողովածուն հրատարակել նաեւ հայերեն, երբ հունգարահայերի մեծ մասը չգիտի այդ լեզուն:
-Բանաստեղծությունների ներկայիս անթոլոգիան ստեղծվել է երկլեզու՝ նպաստելու Հունգարիայի եւ Տրանսիլվանիայի հունգարահայ ազգային փոքրամասնություն կազմող համայնքների լեզվական բարելավմանը: Հուսանք, որ այս առումով դա օգտակար կլինի: Երկու հրատարակիչների հետ միասին ծրագրում ենք գրքերի շնորհանդեսներ կատարել Տրանսիլվանիայի քաղաքներում: Նույն գործը ես կկատարեմ նաեւ բուն հունգարական եւ միջազգային շրջանակներում: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի ունեցավ Գրողների գրախանութում, որը բարձրակարգ տեղ է: Հուսանք, որ շատ ուրիշներ էլ կլինեն, ոչ միայն Բուդապեշտում կամ Սեգեդում, որտեղ կա շատ գործուն հայ համայնք, որն արդեն հետաքրքրություն է ցուցաբերել ընթերցողների հետ հանդիպում կազմակերպելու հարցում: Ես ծրագրում եմ շատ աշխույժ ինտերակտիվ միջոցառում կազմակերպել «Երեք ագռավ» սրճարանում եւ Արվեստի պատկերասրահում, որտեղ գրքի շնորհանդեսը համատեղելու ենք տրանսիլվանահայ ծագում ունեցող գծանկարիչ Առնոլդ Գրոսսի աշխատանքների հետ: Հուսով եմ, որ այդ երկու վայրերում նախատեսված գրքի շնորհանդեսն ինտերակտիվ կլինի նաեւ այն առումով, որ մուլտիմեդիա հնարավորությունների շնորհիվ միջոցառման մասնակիցները կկարողանան կապ հաստատել նաեւ գրքի հեղինակների հետ:
–Դուք նշեցիք հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վատթարացման մասին: Հայտնի է, որ Հունգարիայի կառավարության կողմից ադրբեջանցի մարդասպանին Բաքու արտահանձնելուց հետո, որտեղ նրան դարձրին ազգային հերոս, Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունները սառեցվել էին, սակայն վերջերս դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեցին: Հուսանք՝ նման նախաձեռնությունները կնպաստեն երկու երկրների միջեւ հետագա համագործակցությանը:
-Մեծ ամոթ էր, որ նման ողբերգական դեպք տեղի ունեցավ: Հետագա իրադարձությունները նույնպես ամոթալի էին, ինչպես նաեւ Հունգարիայի կառավարության հակասական վերաբերմունքն այս հարցում: Խայտառակություն է, որ Հունգարիան դեռեւս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը եւ կառավարական ամենաբարձր մակարդակով ներողություն չի խնդրել հայ երիտասարդի ողբերգության համար: Հունգարիան թաքնվում է կաթոլիկ եկեղեցու հետեւում՝ Պետեր Պազմանյի անվան կաթոլիկ համալսարանի կամ «Հունգարիան օգնում է» կազմակերպության կողմից խորհրդանշական դրական ժեստեր ցուցաբերելով Հայաստանի նկատմամբ՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցում արդար, ազնիվ եւ շիտակ, էթիկական մոտեցում ցուցաբերելու փոխարեն: Այդուամենայնիվ, երկիրը եւ ժողովուրդը երբեք չպետք է ամբողջությամբ նույնացվեն նրա ղեկավարության հետ: Եթե անգամ դիվանագիտական ուղիները մի պահ սառչում են, ապա այս գրքի նման նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ քաղաքացիական կյանքի մակարդակով եւ մշակութային ոլորտում հայերի եւ հունգարացիների միջեւ համագործակցությունը ոչ մի պահ չի դադարել: Ավելին, հենց այն փաստը, որ հայերը տուն են գտել Հունգարիայում եւ Տրանսիլվանիայում, եւ նրանց պատմությունը բավականաչափ միահյուսվել է հունգարացիների պատմությանը, կարող է նույնպիսի կարեւոր փաստարկ ծառայել հրատարակության համար, ինչը մեզ՝ հունգարացիներիս, պարտավորեցնում է հետաքրքրությամբ, համակրանքով եւ հատուկ ուշադրությամբ վերաբերվել հայ մշակույթին: Ես խորապես հավատում եմ բառերի ուժին, հատկապես, եթե դրանք արտահայտված են այնպես, որ գրավիչ լինեն ինչպես սրտի, այնպես էլ մտքի համար, ինչպես այս գրքի դեպքում է: Հուսով եմ, որ այս ժողովածուն Առնոլդ Գրոսսի հզոր ցուցանմուշների հետ մեկտեղ կարեւոր դեր կխաղա խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման գործընթացի արագացման գործում:
–Մեր հեռակապով զրույցի ընթացքում հաճելի էր իմանալ, որ դուք ձեզ հայոց իշխանուհի եք անվանում: Գիտենք, որ Հունգարիայում բազմաթիվ հայ ազնվական ընտանիքներ են եղել: Խնդրեմ, մեր ընթերցողներին պատմեք ձեր հայկական արմատների մասին:
-Նման բա՞ն եմ ասել: Երեւի լավագույն դեպքում ինձ անվանում էի մի Տիկին, որն ունի թե՜ հայկական ծագում, թե՜ ազնվական տիտղոս: Մեր ընտանիքը ներառված է Յանոշ Գուդենուսի «Հայկական ծագմամբ հունգարական ազնվական ընտանիքների ծագումնաբանությունը» գրքում: Ես ունեմ նաեւ Տրանսիլվանիայի հունգարացի հայտնի պատմաբան Դեզսյո Գարդայի «Սեկելյ ժողովուրդը 12-17-րդ դարերում եւ Բլենեշի ընտանիքը» գիրքը, շապիկին՝ մեր զինանշանով: Իմ նախնիները մաս են կազմել Մաթիաս թագավորի հոր՝ Յանոշ Հունյադիի բանակին, որը 1456 թվականին Նանդորֆեհերվարում (Բելգրադ) հաջողությամբ ջախջախել է թուրքերին: Թերեւս հայկական միջավայրում այնքան էլ հայտնի չէ, որ այդ ժամանակվանից ի վեր ամեն օր, ժամը 12-ին, Եվրոպայում զանգ են հնչեցնում՝ ոգեկոչելով այդ փառավոր իրադարձությունը: Այսպիսով, աղոթելուս պահին իմ նախնիները նույնպես ներառված են աղոթքիս մեջ: Ի նշանավորումն իմ նախնիների՝ նշված ճակատամարտում դրսեւորած խիզախության, 1615 թվականին Տրանսիլվանիայի այն ժամանակվա կառավարիչ Գաբոր Բեթլենը նրանց ազնվական կոչում է շնորհել: Ուստի ես ընտրություն կատարեցի ապրել Բուդապեշտի Գաբոր Բեթլեն փողոցում: Հետաքրքրական է, որ իմ ժառանգական կալվածքը Տրանսիլվանիայի Գյերգիոսզարհեդյ (Լազարեա) ավանում նույնպես գտնվում է Գաբոր Բեթլեն փողոցում: Այսպիսով, որտեղ էլ որ մնամ՝ Բուդապեշտում կամ Գյերգիոսարեգիում, ապրում եմ Գաբոր Բեթլենի անվան փողոցում: Հետեւաբար, այդ անվամբ փողոցն իմ դեպքում որպես կացարան ընտրելը գիտակցված արարք է, քանի որ երկու ծնողներս ծնվել են Գյերգիոսզարհեգիում՝ Տրանսիլվանիայի ամենագեղեցիկ ամրոցով գյուղում, որտեղ անցել է Գաբոր Բեթլենի մանկությունը եւ որտեղ ես անց եմ կացրել մանկությանս ամենակարեւոր եւ լավագույն շրջանը՝ տատիկիս եւ պապիկիս մոտ: Ես ջերմ զգացումներ ունեմ այդ վայրի, ինչպես նաեւ մեր ընտանիքի պատմության եւ Գաբոր Բեթլենի կերպարի հանդեպ, որը համարվում է Տրանսիլվանիայի տիրակալ, որն իր ներդրումն է ունեցել նրա ոսկեդարում: Ես ապակու վրա նկարել եմ մեր զինանշանը հորս հուղարկավորությունից առաջ՝ 2016 թվականին, եւ այս գիրքը նվիրել եմ նրա հիշատակին: Հատկապես հպարտ եմ, որ իմ ազնվական կոչումը ոչ թե, այսպես ասած, «կապույտ արյան» պատճառով է, այլ իմ նախնիների արժանիքների:
–Հունգարահայերը կորցրել են լեզուն ու կրոնը, բայց շատերը պահպանել են իրենց ինքնությունը: Ինչպե՞ս է դա արտահայտվում:
-Ինքնությունը բարդ խնդիր է եւ կարող է դրսեւորվել տարբեր ձեւերով ու միջոցներով՝ սովորույթներ, կրոնական ծեսեր, ճաշատեսակներ, անցյալի վերհիշում: Անգամ եթե մենք չենք խոսում այդ լեզվով, մենք մեր հայկական արմատներին պատկանելու ուժեղ զգացողություն ունենք: Ես ունեի Տրանսիլվանիայից հունգարահայ ծագմամբ մի շատ սրամիտ եւ շնորհալի ուսանողուհի՝ Իլդիկո Կինչեսը, որը զարգացրեց իր ինքնությունը՝ իր գիտական գործունեության մի զգալի շրջան նվիրելով հայկական ինքնության եւ Ցեղասպանության խնդրին վերաբերող հետազոտություններին: Ես նրա ղեկավարն էի Կորվինուսի համալսարանում: Նա դեռեւս շարունակական հետաքրքրություն ունի հայկական ինքնության նկատմամբ, անկախ այն բանից՝ աշխատում է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության շրջանակներում, թե այլուր: Ես հույս եմ փայփայում, որ երբ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեն, Իլդիկոն դիվանագետի դեր կստանձնի: Նա լավ հագեցած է մտավոր առումով եւ ունի անհրաժեշտ հմտություններ եւ տաղանդ՝ դիվանագետի առանցքային պաշտոն ստանձնելու համար:
–Հայաստանին առնչվող ապագա որեւէ նախագիծ ունե՞ք:
-Ունեմ: Նույնիսկ՝ բավական շատ: Առաջին հերթին՝ կցանկանայի բարելավել իմ հայերենի իմացությունը: Այս առումով խոստումնալից հնարավորություն է Վենետիկի հայկական ամառային դասընթացը: Երկրորդ՝ շատ եմ ուզում այցելել Հայաստան, հատկապես նռան բերքահավաքի շրջանում: Երրորդ՝ կցանկանայի Երեւանում կազմակերպել մեր այս ժողովածուի շնորհանդեսն Առնոլդ Գրոսսի գծանկարչական ցուցահանդեսի հետ: Ես արդեն իմ գաղափարը հայտնել եմ նրա որդուն՝ Անդրաշ Գրոսսին, որը կարծես ոգեւորված էր դրանով: Ի դեպ, Առնոլդ Գրոսսն արդեն հաջող ցուցահանդես է ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, բայց, ցավոք, դեռ ոչ՝ Հայաստանում:
Իմ ծրագրերի շարքն անվերջ է, որը ներառում է նաեւ հայ ժամանակակից պոեզիայի եւ արձակի ժողովածու կազմելու գաղափարը, որտեղ անպայման կներառեմ այս անթոլոգիայի լավագույն թարգմանիչներից մի քանիսին, այդ թվում՝ Օրսոյա Ֆենվեշիին, Անդրաշ Գերեւիչին, Բոտոնդ Կաալիին, Նոեմի Լասլոյին եւ Աննա Տ. Սաբոյին, որը հոր կողմից Տրանսիլվանիայի հայկական ծագում ունեցող հայտնի հունգար գրող Դյորդ Դրագոմանի կինն է: Նրա վեպերը թարգմանվել են տասնյակ լեզուներով, բայց դեռեւս՝ ոչ հայերեն: Սակայն նրա ազգանունը նշանակում է թարգմանիչ, միջնորդ: Էլ ո՞վ, եթե ոչ նրանք, եւ վերոհիշյալ բանաստեղծների ու գրողների ստեղծած առաջնակարգ գրականությունը կարող են լավագույն միջնորդ դառնալ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ