ՀՀ շարքային քաղաքացուս, որը փորձում է երկրի տնտեսության առումով հարցերի շուրջ ակտիվ լրագրությամբ զբաղվել, շրջապատիս ներկայացուցիչներից ոմանք հաճախ են հարցնում, թե երբ ենք մասամբ մարդավայել առօրյայով ապրելու: Այսօրինակ ցանկություն հայտնելով նկատի ունեն, որ բնակարանում հաճելի ջերմաստիճան լինի, շքամուտքն ու բակը` բարեկարգ, տրանսպորտը սպասեցնել չտա, աշխատավայրը տրամադրի, հանգստի ու ժամանցի համար էլ միջոցներ մնան. այս ամենն անշուշտ՝ սահմաններում խաղաղության պայմաններում: Ինչքան էլ տարօրինակ համարվի, պատասխանս երբեմն գոհացնեղ չի համարվում, քանզի առարկություն չընդունող տոնով ասում եմ, ասենք` երբ ՀՀ-ում մեկ բնակչի հաշվով էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կանցնի 6000 կվտժամը:
Հայաստանաբնակներից շատերն են տարակուսում, թե` ատոմակայան ունենք, դա ի՞նչ հարց է որ: Հենց այստեղ էլ կանգ առնենք եւ դիմենք թվերի օգնությանը: Մեծամորի ատոմակայանի ներկայում գործող ռեակտորի հզորությունը 407 մգվ է, տարեկան միջին էլեկտրաարտադրությունը՝ 2-2.4 մլրդ կվտժամ, ՀՀ առկա բնակիչներից յուրաքանչյուրի առումով՝ մոտ 700 կվտժամ: Առաջարկված 6000 կվտժամի համեմատ շատ համեստ ցուցանիշ է ստացվում, հնարավոր ապահովումը` ծանրագույն աշխատանք պահանջող: Թե որտեղից է վերցվել այդ տարօրինակ 6.000 կվտժամ ցուցանիշը, ինչու այն 5000, 4000 կվտժամ չէ, կամ 7000 կվտժամից բարձր թիվ, փորձենք բացահայտել համաշխարհային տարբեր տեղեկատուներից վերցված հիմնականում կառավարությունների ներկայացրած թվերի օգնությամբ:
ՀՀ-ում էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ցուցանիշը 7 մլրդ կիլովատժամի շրջակայքում է գրեթե 20 տարի, առանձին դեպքերում՝ մի փոքր ավելի կամ պակաս: Տարօրինակ է, որ այս ժամանակահատվածում թե՛ երկրի համախառն ներքին արդյունքը, թե՛ բյուջեն ավելացել են բազմակի անգամներ: Վերջինս, ասենք 500 մլն դոլարից անցել է 5 մլրդ դոլարը, տասնապատկվել է, սակայն արի ու տես, որ ո՛չ տնտեսավարական հանրությունը, ո՛չ էլ իրար փոխարինած գործադիր իշխանությունները երբեւէ չեն անդրադարձել այս խնդրին: Արդյո՞ք, մեղմ ասենք, կարիքը չկա:
Ծանոթանանք Թուրքիայի այսօրինակ ցուցանիշներին, որոնք արձանագրվել են երկրի ազգային արժույթ լիրայի գրեթե աննախադեպ արժեզրկման հետեւանքով` ԱՄՆ-ի դոլարի համեմատ 6-ից 30 եւ ավելի լիրայի հասնելու պարագայում: 2000-ականների սկզբին Թուրքիայում էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը 110-120 մլրդ կվտժամ էր, մեկ բնակչի հաշվով տարեկան ՀՆԱ-ն` 7000 դոլար: Մեր ժամանակներում արդեն էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունն անցել է 300 մլրդ կվտժամը, ՀՆԱ-ն` ըստ գնողունակության գործակցի, 1 բնակչի հաշվով 30 հազար դոլար է մեր 8000 դոլարի դիմաց: Մեկ բնակչի հաշվով տարեկան 4000 կվտժամ էլեկտրաէներգիայի արտադրություն ունեցող Թուրքիայում կարողանում են չորս հզոր ատոմակայաններ կառուցել, երբ մենք մտորում ենք 400 մգվտ թե՞ 600 մգվտ հզորության էլեկտրակայան կառուցելու շուրջ:
Օրեր առաջ իր հոգսերից խոսեց մեր բնակելի զանգվածի մեկ տասնյակ ընտանիքների կաթնամթերքով ապահովող գեղարքունիքցի անասնապահը. պարզվեց՝ 4 կովերից հիմա 3-ն է պահում, պատճառը` արոտատեղում արեւային կայան են տեղադրել: Իսկ ահա Արագածոտնի մարզում 13 հեկտար սեփականաշնորհված հող ունեցող ծանոթս էլ նշում է, որ այն չի կարողանում վաճառել, որովհետեւ գնորդը ցանկանում է արեւային կայան կառուցել: Դե եկ ու գլուխ հանիր այսօրինակ միջավայրից:
Հայրենակիցներիցս ոմանք, թերեւս հարգանքի ու հեգնանքի խոսքերի փնտրտուքի տրվեն: Չեմ կարող չխոսել մեր երբեմնի բախտակից, 1.2 մլն բնակչությամբ Էստոնիայից, ուր էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը մոտենում է 7 մլրդ կվտժամի. գիտենք, որ էլեկտրաէներգիան չի պահեստավորվում, այլ տեղնուտեղը ծախսվում է, մի դեպքում հաստոց է աշխատեցնում, այլ տեղում` հարահոս ու վերելակ, ժամանցի ու հանգստի վայրերում էլ լուսավորություն: Մեկ բնակչի հաշվով 50 հազար դոլարի արդյունք ստեղծող մարդկանց միտքն ու մարմինը այլեւայլ ծառայություններից օգտվելու պահանջ ունի, որն էլ իրացնում է էլեկտրաէներգիայի ընձեռած հնարավորությունների շնորհիվ…
Էստոնիայի հարեւան Ֆինլանդիայում 1 բնակչի հաշվով տարեկան էլեկտրաարտադրությունը հասնում է 13.000 կվտժամի, Նորվեգիայում այս թվի կրկնակիից ավելին է, 28.000 կվտժամ: Թե անսովոր ի՞նչ էլեկտրածախս են իրականացնում, նշեմ դրանցից մեկը. ամենամարդաշատ մայթերի տակ էլեկտրաջեռուցման սնուցում են անցկացրել մայթերը չսառելու նպատակով:
Մեր օրերում էլեկտրաէներգիայի օգտագործման նոր ոլորտ է կազմավորվում, որն է` էլեկտրաավտոմեքենաների ի հայտ գալը: Դրանք արդեն հազարներով կան նաեւ Երեւանում, քանզի ՀՀ կառավարությունը էլեկտրամոբիլներ ներմուծողներին որոշակի արտոնություններ է շնորհում: Դրանց մոդելներից մեկը վարող Վարդանից տեղեկացա, որ էլլիցքավորում իրականացնում է 50 կվտ, որը բավարարում է քաղաքում 400 կիլոմետր երթեւեկի համար: Այնպես որ առայժմ դժվար է հաշվել, թե ի՞նչ քանակի էլեկտրաէներգիա կպահանջվի 1-2 տարի անց պարկը ապահովելու նպատակով, հավանաբար` հարյուր միլիոնավոր կիլովատժամեր, որոնց արտադրությամբ հարկ է, որ ՀՀ-ում քայլեր ձեռնարկվեն:
Անակնկալներն այլ ձեւերով կհայտնվեն:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ