«Ազգ»-ի զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի ղեկավար Վիտալի Մանգասարյանը
– Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս հայտարարել է, թե մեր երազանքների բանակը սարերի հետեւում չէ: 44-օրյա պատերազմից հետո բանակում բարեփոխում, բարեկարգում եղե՞լ է:
– Անկեղծ ասած չգիտեմ, թե Սուրեն Պապիկյանը, «երազանքների բանակ» ասելով կոնկրետ ի՞նչ նկատի ունի, բայց եթե նրա երազանքների բանակի տեսլականը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ դարձնելու տրամաբանության մեջ է տեղավորվում, այդ դեպքում նրա «երազած բանակը» գուցե սարերի ետեւում չէ: Հակառակ դեպքում չեմ կարծում, թե բանակի նիստուկացին քիչ թե շատ ծանոթ մարդը նմանօրինակ հայտարարությանը լուրջ վերաբերվի: Անգամ անզեն աչքով է երեւում, թե բանակում ինչպիսի լրջագույն խնդիրներ կան, որոնց լուծման համար միայն երազանքներով առաջնորդվելը չափազանց քիչ է: Պատերազմից հետո բանակի վերականգման տեմպերը, մեղմ ասած, գոհացնող չեն: Առկա խնդիրները վերացնելու համար համալիր լուծումներ պետք է առաջարկել, որոնց կյանքի կոչելը, բնականաբար, տեւական ժամանակ է պահանջելու: Բանակը վերականգնելու գործընթացում կարեւոր դերակատարում նաեւ հասարակական կազմակերպություններն ունեն, որոնք բացի ռազմահայրենասիրական տարբեր միջոցառումներ կազմակերպելուց, կոնկրետ ու տեսանելի ժամանաահատվածի համար պետք է կարողանան բանակ-հասարակություն կապը ամրապնդել, ինչը միտված կլինի բանակի նկատմամբ հասարակության ունեցած, որոշ դեպքերում օբյեկտիվ, անվստահության բարձրացմանը:
– Պաշտպանության նախարարի երազած բանակի տրամաբանության մե՞ջ է տեղավորվում 24 մլն-ի աղմկահարույց նախագիծը: Այսչափ քննադատությունից հետո, ի՞նչ եք կարծում, ՔՊ-ն կհրաժարվի՞ աղմկահարույց այդ նախագծից, թե՞, ամեն դեպքում, տուրք կտա իր մտահաղացումներին: Բոլորն այդ նախագծից բխող քաղաքական ու սոցիալական վտանգների մասին են խոսում, իսկ ռազմական կամ զինվորական տեսանկյունից դա ինչո՞վ է վտանգավոր:
– Պարտադիր ժամկետային ծառայությունը 24 մլն դրամի դիմաց վեց անգամ կրճատելը ոչ մի կերպ ազգային ու պետական շահերից չի բխում՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա վտանգներն եւ դրանից բխող հավանական ռազմական իրավիճակները կամ գործողությունները: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի իշխանական պատգամավորները հասկանան, որ հարեւան պետությունների հետ խնդիրներ չունեցող (այն էլ՝ ռազմական) պետությունների փորձը բերել եւ փորձել մեզ մոտ՝ ամեն պահի կարճաժամկետ եւ երկարաժամկետ մարտական գործողություններ սկսվելու մեծ հավանականությամբ երկրում տեղայնացնել, պարզապես կործանարար հետեւանքներ կարող է ունենալ: Նույն այդ պատգամավորները հաճախ են խոսում իսրայելական բանակի մասին, բայց, չգիտես ինչու, չեն ցանկանում նրանց փորձը վերցնել եւ որոշակի ինտեգրում-փոփոխություններ մտցնել մեր ԶՈՒ-ում:
Ինչ վերաբերում է 24 մլն-ի նախագծին, ապա դեռեւս 2020-ին իշխանական պատգամավորների կողմից առաջարկված նմանատիպ մի օրինագիծ մի շարք տրամաբանական հիմնավորումներով մերժվել է ՊՆ-ի կողմից: Ստացվում է՝ այն ժամանակվա մասնագիտական եւ փորձագիտական խմբերը, որ աշխատում էին տարբեր օրինագծերի վրա ու մասնագիտական եզրակացություններ էին տալիս, այժմ կա՛մ աշխատանքից ազատված են ու նրանց փոխարեն նոր մարդիկ են եկել, կա՛մ այդ մասնագետները 180 աստիճանով փոխել են իրենց դիրքորոշումը: Նշեմ նաեւ, որ օրինագծի վերաբերյալ մինչ այս պահը պաշտպանական գերատեսչության կողմից հանրային իրազեկման եւ բացատրական որեւէ գործողություն չի իրականացվել, ինչը նույնպես հարցեր է առաջացնում:
– Եկեք ընդունենք, որ «կաշառքով» բանակից ազատվելու պրակտիկան նաեւ նախկինում է եղել, հիմա, փաստորեն, ներկաներն առաջարկում են այդ պրակտիկայի վրա կնիք դնել:
– Կաշառքով բանակից ազատվելու արատավոր պրակտիկայի դեմ, այո, պետք է պայքարել, իսկ դրա համար պետությունը բավական մեծ գործիքակազմ ունի: Պաշտպանության նախարարության կողմից եթե օրինագիծ բերվեր, որ, օրինակ, բանակից ազատվելու համար կաշառք տվողը եւ վերցնողը (վերցնողն է՛լ ավելի խիստ) պատժի է արժանանալու, ապա, կարծում եմ, այդ օրինագիծը լայն հասարակական աջակցությունը կստանար: Վերջապես պետք է հասկանալ, որ բանակում ծառայությունը նաեւ գաղափարական արժեքներ ունենա:
Խոսքն, ի վերջո, մեքենայի «գոլդ» պետհամարանիշների մասին է, որ գումար տաս, լավ համարանիշ վերցնես: Պետությունն էլ արդարացնի իր այդ քայլն ու ասի, թե այդ գումարը պետական բյուջե է մտնում: Խոսքը պետության ու հայրենիքի նկատմամբ ունեցած պարտավորությունների՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական, մասին է:
– Հիմա կարծես Արցախի բարձրաստիճան զինվորականների նկատմամբ քրեական գործեր հարուցելու շքերթ է հայտարարվել: Իրավական գործերի հիմքում Շուշիի անկումն ու մարտերն է: Ի վերջո՝ ո՞վ է մեղավոր, պատասխանատու Շուշիի անկման համար ու իրականում ի՞նչ է եղել այդ օրը:
– Ընդհանուր առմամբ պատասխանատու եւ մեղավոր է Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ ոչ միայն Շուշիի, այլ նաեւ այսօրվա ստեղծված իրավիճակի համար: Ըստ կառավարման բուրգի՝ ամեն մեկը պատասխանատվության եւ մեղավորության իր բաժինն ունի: Պատերազմից հետո տարբեր փուլերում բազմաթիվ զինվորականների վրա քրեական գործեր են հարուցվել: Սկզբից ցածր եւ միջին օղակների մի շարք զինվորականների նկատմամբ են տարբեր մեղադրանքներ առաջադրվել եւ հասարակական մեծ հնչեղություն ստացել, այնուհետեւ որոշներին մեղադրել են պետական դավաճանության ու լրտեսության մեջ, եւ հիմա հերթը կարծես բարձր զինվորական պաշտոններ զբաղեցնողներին է հասել: Այդ ամենն, իմ կարծիքով, մեկ նպատակ ունի. բոլոր սլաքներն ուղղել զինվորականների վրա եւ ըստ այդմ՝ հասարակական ընկալումներում ամրապնդել այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչում մեղավոր չէ. մեղավորը միայն զինվորականներն են: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրություններում նշվում է, որ Արցախի ՊԲ բարձրաստիճան զինվորականների որոշումներն առաջացրել են ծանր հետեւանքներ: Եթե այդպես է, ապա ես հարց ունեմ՝ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւ որոշումներն արդյո՞ք ուսումնասիրել են իրավապահ մարմինները, արդյո՞ք նրա ոչ մի որոշում ծանր հետեւանքներ չի առաջացրել պետության համար:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ