Հյուսիսամերիկյան ծագումով «Եվրասիանեթ» ինտերնետային կայքը, որն ի դեպ, իր վերլուծություններում կարեւոր տեղ է հատկացնում բնապահպանական խնդիրներին, դեռեւս նոյեմբերի 29-ին տեղեկացրել էր, որ Բաքուն Լաչինի միջանցքը փակելու համար հող է նախապատրաստում։ Իր ինքնությունը չբացահայտելու պայմանով սույն տեղեկատվությունը «Եվրասիանեթին» փոխանցած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյա ներկայացած աղբյուրը նաեւ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» եւ արցախահայության զինաթափման վերաբերյալ ներկայացված պահանջների կատարման հարցում Բաքվի շտապողականությանը։ Նույն աղբյուրը նաեւ խոսել է դիվանագիտական ուղիներով նշված հարցերը կարգավորելու անհնարինության մասին, եւ հավելել․ «Ի՞նչ տեղի կունենա, եթե մենք Լաչինի մուտքի մոտ սահմանային անցակետ տեղադրենք ու բոլոր հարցերը լուծենք։ Առանց թթվածնի ինչպե՞ս կարելի է շնչել»։
Եվ ահա, դեկտեմբերի 12-ից Արցախին թթվածին մատակարարող միակ խողովակը փակած Ադրբեջանն, ի տես աշխարհի, կատարում է իր հերթական «գիտափորձը»՝ պարզելու, թե ինչպես առանց թթվածնի կարելի է գոյատեւել։
«Եվրասիանեթ» ինտերնետային կայքի տվյալ նյութը լայնորեն տարածվել է նաեւ իրանական ԶԼՄ-ներում, որի կապակցությամբ կա դիտարկում այն մասին, որ սույն տեղեկատվությունը փոխանցած անանուն աղբյուրի ինքնությունը պարզելու համար մեծ ջանք չի պահանջվում, քանի որ «Զանգեզուրի միջանցքի» մասին անձամբ Իլհամ Ալիեւն է ասել՝ «եթե իրենց կամքով չտան այդ ճանապարհը, մենք ուժով կվերցնենք»։ Իսկ Իրանը հնարավոր բոլոր մակարդակներով, առանց ինքնությունը թաքցնելու, հայտնել է «Զանգեզուրի միջանցքի» կապակցությամբ իր կարմիր գծերի մասին։ Մեզ մնում է պարզել՝ արդյո՞ք Արցախի հայաթափումը նույնպես Իրանի «կարմիր գիծն» է համարվում։
Դեկտեմբերի 13-ին, Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանն, օրինակ, Լաչինի միջանցքի փակելը համարել է Կովկասի անթեղված կրակը բորբոքող անհեթեթ ու վտանգավոր քայլ։
Իսկ միջազգային հարաբերությունների փորձագետ, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Էհսան Մովահեդիանն էլ, անդրադառնալով արցախցիների «շնչահեղձ» լինելու վտանգին, Իրանի պատկան մարմիններին կոչ է արել ներկա իրավիճակից ելնելով՝ դիտարկել դիվանագիտական ու ռազմական քայլեր ձեռնարկելու հնարավորությունները։
«ԻԼՆԱ» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, իրանցի միջազգայնագետը անդրադարձել է դեկտեմբերի 12-ին բնապահպանների կեղծ քողածածկույթով ներկայացած մի խումբ ադրբեջանցիների գործողություններին, որոնք, ըստ Մովահեդիանի, մտադիր են ռուս խաղաղապահներին սադրանքի ենթարկելով մուտք գործել Արցախ։
Այնուհետեւ Մովահեդիանը շարունակում է. «Ադրբեջանի նպատակը հայերին ցեղասպանության ենթարկելն է, որին անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 12-ին՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի բացման ժամանակ»։ Մովահեդիանի կարծիքով, այդ քայլին դիմելով, Ադրբեջանը նաեւ մտադիր է իր վերահսկողությանը ենթարկել 50 եւ 10 մլրդ․ դոլար արժողությամբ երկու ոսկու հանքավայրերը, որոնց շահագործման համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեռեւս մինչեւ 44-օրյա պատերազմը եւ 2022 թվականի հուլիսի 5-ին պայմանագրեր է ստորագրել բրիտանական ընկերության հետ։
Արդյո՞ք Թեհրանին պարզ չէ, որ Ադրբեջանի կազմում հայաթափ եղած Ղարաբաղը կարող է ամրապնդել Բաքվի դիրքերն Իրանի հետ փոխհարաբերություններում։ Իսկ Իրանի ներքաղաքական ներկայիս փոթորկոտ կյանքի վրա ներազդելու բազմաթիվ լծակներ ունեցող Ադրբեջանի հետ երկխոսելիս, Թեհրանն արդյո՞ք չի ձգտում ազդեցության լրացուցիչ լծակներ ունենալ, որոնցից մեկը կարող է լինել հայերով բնակեցված Արցախի հայանպաստ կարգավիճակը։
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ