Վաղուց չէի բարձրացել մայրաքաղաքի «երկրորդ հարկ», Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան։ Բաբայան եւ Ուլնեցու փողոցներով մինչեւ վեր, լայնքին ու երկայնքին տարածվող թաղամասերում շինարարական բում է, մի ամբողջ քաղաք է կառուցվել ու կառուցվում, որը ներքեւից, ասենք՝ Աբովյան կամ Հերացու փողոցներից, բնականաբար տեսանելի չէ։ Տեսանելին այն 8-10 շենքերն են, 16-17 հարկանի անճոռնի հրեշներ, որոնք լայնակի կանգնած են Երեւանի գլխին՝ սպառնալից ու գոռոզ։ Դրանց, այդ հրեշների ետեւում է ձեւավորվում «նոր» քաղաքը՝ իր բարձրահարկերի անտառով, որը, ուշադրություն, ավելի շուտ նման է բերդաքաղաքի, որը դեպի կենտրոն ընդամենն ունի երկու ելք, մեկը դեպի Ազատության պողոտա, մյուսը՝ նույնպես շինարարական բում ապրող Ավան եւ այնտեղից՝ Մյասնիկյան փողոց։ Երկուսն էլ՝ անցյալ դարի 50-ականներին կառուցված, երկուսն էլ՝ սողացող բազմահազար ավտոմեքենաներով խճողված։ 70 տարում ոչ մի նոր մայրուղի, եթե չհաշվենք նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ բացված Սարալանջի՝ ինքնին պրոբլեմատիկ ճանապարհը։
Նպատակս մայրաքաղաքի քաղաքաշինական ներկա, մոտակա կամ ապագա ծրագրերին, ի՜նչ եմ ասում՝ դրանց իսպառ բացակայությանը անդրադառնալը չէ։ Մանավանդ որ շատ քիչ բան եմ հասկանում արդի քաղաքաշինությունից։ Թեեւ, ինչպես շարքային բոլոր քաղաքացիները, ամեն օր ու վայրկյան տեսնում եւ կրում եմ մեր քաղաքի բոլոր թերությունների հետեւանքները, սկսած կայանատեղի գտնելու մղձավանջից,- տուգանվել ու տուգանվում եմ անընդհատ,- վերջացրած անմաքուր, թունավոր օդից, փոշուց, աղմուկից, գիշերային լուսավորությունից (բացառությամբ՝ Նալբանդյան փողոցի այն հատվածը, որը երկարում է ոստիկանապետարանից մինչեւ ԱԱԾ-արան), խցանումներից, հասարակական տրանսպորտի անկատարությունից, դասից եւ աշխատանքից ուշանալուց եւ բազում այլ անպատեհություններից։
Նպատակս շատ ավելի անմիջական, այսրոպեկան իրողության՝ երկրաշարժային խնդրին անդրադառնալն է, աղետների դիմաց մեր անպաշտպանված լինելը, ինձ նման բազմաթիվ մարդկանց մտահոգությունները բարձրաձայնելը։
Տարերային յուրաքանչյուր աղետ, մանավանդ երկրաշարժային, անզորության զգացողություն է առաջացնում մեր մեջ, ստորգետնյա տեկտոնային բեկումները, տեղաշարժերն ու հզոր փլվածքները ծիծաղելի են դարձնում գիտատեխնիկական մեր հոխորտանքները։ Մանավանդ վերջին աղետն իր բազմօջախայնությամբ եւ տարածաշրջանային ահագնությամբ, Կարսից ու Կարինից (Էրզրում) մինչեւ Տիգրանակերտ (Դիարբեքիր), Մալաթիա, Ադանա, Մարաշ, Այնթապ, Վագըֆ գյուղ, Քեսապ եւ Ալեքսանդրեթ (Իսկենդերուն)։ Այսինքն՝ գրեթե ամբողջ Արեւմտյան Հայաստանն ու Կիլիկիան։ Ու դեռ՝ մինչեւ Ազազ, Իդլիբ, Հալեպ ու Լաթաքիա։ Զոհերի ու վիրավորների թիվը, փլատակների տակից դուրս բերվող մարմինները հեռուստատեսությամբ բոլորիս աչքին պատկերում են մարդկային ողբերգությունն իր ողջ տարողությամբ։ Ինչպես 35 տարի առաջ Հայաստանի հյուսիսում, այս անգամ էլ մարդկային կորուստների հիմնական պատճառն իրենց բնակած, երբեմն՝ իրենց իսկ սարքած շենք-շինություններն են՝ վատ նախագծված, վատ կառուցված եւ ավելի վատ պահպանված բարձրահարկերը հատկապես, որոնց մի կողմի վրա թեքվելն ու փլվելը ամենասարսափելին է։
Տարերային աղետները, մյուս կողմից, շատ օգտակար հուշարարներ են, որոնք զգուշացնում-ահազանգում են բոլորին, բոլորիս։ Միաժամանակ՝ դրանց հետեւանքները ուսումնասիրողներին հսկայական նյութ են տալիս, ինչպես Սպիտակի երկրաշարժից հետո, երբ հայ սեյսմոլոգներն աշխարհում դարձան առաջատարներ, Հայաստանը դարձավ երկրաշարժագիտության տարածաշրջանային կենտրոն, իսկ Երեւանի Ամերիկյան համալսարանը հիմնվեց Սեյսմոլոգիական բաժանմունքի հենքի վրա։ Միաժամանակ՝ այդ եւ նման հետազոտությունները սովորեցրեցին, թե ինչպես է պետք նախագծել քաղաքներն ու մյուս բնակավայրերը, ինչպիսի՞ն պետք է լինեն ճանապարհները, աղետի ժամանակ ի՞նչպես է պետք ապահովել մարդկանց ու մեքենաների տեղաշարժը, կառուցել հատուկ ապաստարանները, հիվանդանոցները, կրթական հիմնարկներն ու հասարակական վայրերը։ Նաեւ՝ ինչպիսին պետք է լիներ շենքերի հարկայնությունը, որը, մինչեւ 10-15 տարի առաջ 7-ն էր Երեւանում եւ ավելի պակաս՝ Աղետի գոտում։
Իսկ հիմա՞։ Ասում են՝ կառուցապատման ամեն դիմում ընդունվում է իսկույն, առանց առարկության։ Շինարարությունը փող է բերում, իսկ փողը… պարգեւավճարներ, շքեղ մեքենաներ, արձակուրդներ եւ, անշուշտ, անվտանգություն վարչապետին ու թիմակիցներին։ Ասում են նաեւ, որ նախորդ տարում, «բաց» տվյալներով, շուրջ 20 մլն դոլար է ծախսվել պարգեւավճարների տեսքով։ Այդ գումարով, ենթադրում եմ, կարելի էր գոնե ամրացնել մեր երկրում հաշվառված ավելի քան 300 վթարային շենքերը։
Երկրաշարժը մոլեգնում է մեր հարեւանությամբ, հուշում է դարձյալ, ահազանգում։ Լսող կա՞։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ