Երեւանում մթնոլորտը հեղափոխական չէ, օդում լարում չկա

228
Protesters of the ‘Resistance’ movement hold a protest action demanding the RA Prime Minister Nikol Pashinyan's resignation in front of the RA National Assembly building of Yerevan, Armenia

Մայրաքաղաքային օդում լարում չկա, մթոնոլորտը հեղափոխական չէ։ Ինչքան էլ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարի, թե «Դիմադրության շարժումն» օրեցօր նոր թափ է առնում, անզեն աչքով էլ նկատելի է՝ մարդկանց հոսքը դեպի Ֆրանսիայի հրապարակ չի ավելանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանից ու նրա կաբինետից շատերը, գուցե՝ ՀՀ բանակչության մեծամասնությունն է դժգոհ, բայց նրա հրաժարականի պահանջով փողոց դուրս եկողների քանակը, ըստ տարբեր հաշվարկների, 15 հազարը չի անցնում։ Ու դա ոչ թե այն պատճառով, որ մեր հայրենակիցների մեմածամասնությունը պակաս է մտահոգվում Արցախի, Հայաստանի ճակատագրով կամ ապագայով, այլ պարզապես այլեւս ոչինչ ու որեւէ մեկին լսել չեն ուզում։ Այժմ, այո, գործողության ժամանակն է, ու մարդկանց արդարացի ցասումը, թե  ճառ ասելու ժամանակը վաղուց է անցել, իսկապես տեղին է։ Ընդդիմության լիդերները՝ Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Սեյրան Օհանյանն ու մյուսներն ասես «դավաճան», «հողատու» բառերն արտաբերելու մրցույթի են մասնակցում. ո՛վ ավելի բարձր ու շատ արտասանի, նա՛ էլ իշխանության կգա։

Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանն, այո, խայտառակություն էր. թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորների վարքագիծն անընդունելի էր առավել քան։ Ի՞նչ էին վանկարկում «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ու ի՞նչ էին մտածում Փաշինյանի աչքին առավել քան հավատարիմ երեւալ ցանկացող իշխանականները։ Անգամ քննարկել չարժի այդ ֆարսը, որտեղ բոլոր դերակատարներն արժեն իրար։ Ծափահարում էին գրեթե բոլորը (չծափահարողներ էլ կային), բայց առավել քան զազրելի էր ՔՊ-ական պատգամավորների, օրինակ, Արթուր Հովհաննիսյանի կեցվածքը, որ ոչ միայն ծափահարում, այլ նաեւ ֆուտբոլային երկրպագուին բնորոշ ձեռքի «հուռա-հուռա» շարժումներ էր անում։ Անտանելի էր նաեւ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ աղոթական, փառաբանական հայացքով ու հոտընկայս ծափերն՝ առ գերագույն, գլխավոր «շեֆ»։ Քանի՞ գրոշ արժեր ընդդիմադիրների խորհրդարանական դահլիճում «հարայ-հուրայ» անելն ու Փաշինյանին հերթական հաղթաթուղթը տալով՝ դահլիճը խելոք-խելոք լքելը։

Այս հարցերը, վստահ եմ, իշխանությանն ու ընդդիմությանը նաեւ ՀՀ քաղաքացիներն են տալիս ու հիասթափվելով բոլորից՝ նոր, առավել թարմ, չշահարկված ու չշահավարկվող դեմքերի փնտրում։ Մարդիկ հրապարակում չեն ուզում տեսնել, օրինակ, իրենց գյուղի նախկին գյուղապետին, որ գյուղապատկան բոլոր տեսակի ու նշանակության հողերն իր, իր զավակների անունով է արել։ Չեն ուզում տեսնել պաշտոնյայի, որ պետական գույքը սեփական շահերին է ծառայեցնում։ Չեն ուզում լրագրողի վրա ձեռք բարձրացնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կամ դասախոսի տեսնել։ Երեւանյան փողոցներում քայլելիս՝ ո՛չ հեղափոխության, ո՛չ ցասման, ո՛չ էլ ինչ-որ բանի փոփոխության շունչ չես առնի այս օրերին։

Հետեւաբար ընդդիմադիրների խզված ձայնով պաթոսախառն ու միլիոն անգամ կրկնված տեքստերը որեւէ մեկի սրտին չեն դիպչելու։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ