Երբ երազանքը դառնում է իրականություն

82

Պետերբուրգաբնակ բարերար և հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի ծննդյան 52-րդ տարեդարձի առթիվ

Եթե կազմելու լինենք մեր թերթի լավագույն բարեկամներին նվիրված հիշարժան տարեթվերի օրացույց, ապա օգոստոսի 11-ը, անկասկած, լինելու է տոնական: Այդ օրն է ծնվել պետերբուրգաբնակ մեր նշանավոր հայրենակից, ճանաչված բարերար և հասարակական գործիչ ՀՐԱՉՅԱ ՄԻՍԱԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

Օգոստոսի 11-ին լրանում է նրա ծննդյան 52-րդ ամյակը, ինչի կապակցությամբ ի սրտե շնորհավորում ենք հայ ժողովրդի արժանի զավակին, իր գործի նվիրյալին և բարերարին՝ մաղթելով քաջառողջություն, ընտանեկան անդորր, ամենայն բարիք, նորանոր հաջողություններ և նվաճումներ:

Ամենայն հարգանքի և դրվատանքի է արժանի Հրաչյա Պողոսյանի անցած ուղին: Մեր հայրենակցի անսահման սիրով լեցուն սիրտը բաբախում է հանուն Հայաստանի և Ռուսաստանի բարօրության, հանուն հայռուսական անկեղծ բարեկամության, և բարերարի միտքը մշտապես նոր ծրագրեր է որոնում՝ երկու երկրների բարեկամական կապերն ավելի ամրապնդելու և սերտացնելու համար:

Հրաչյա Պողոսյանը մի մեծ հավատամք ունի՝ օգտակար լինել այն ժամանակահատվածի համար, որը մարդկանց տրված է լինել երկրի վրա: Նա նաև փորձում է կապ ստեղծել անցյալի, ներկայի և ապագայի միջև, վեր հանել անարդարացիորեն մոռացված իրողությունները, որպեսզի սերունդները տեսնեն և գնահատեն կատարված գործերը և էստաֆետը փոխանցեն հաջորդ սերունդներին։

Ասվածի վկայությունները կյանքի կոչված հարյուրավոր ինքնատիպ գործերն են:

Հրաչյա Պողոսյանի և նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ամբողջ  աշխարհում ստեղծվել և վերականգնվել են ավելի քան 300 հոգևոր, մշակութային և պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ: Մեր հայրենակցի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 14 երկիր: Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումը՝ արել է սիրով ու նվիրումով և հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի։

Բարեգործական ծրագրեր իրականացրած երկրների հետ կապը Հրաչյա Պողոսյանի համար շարունակական է: Պողոսյանի բարեգործական գործունեությունը Ղազախստանում սկսվել է 2017 թվականից: Մայիսի 31-ին այդ երկրում ավանդաբար նշվում է քաղաքական բռնաճնշումների զոհերի օրը: Անցյալ տարի, այդ տարելիցի նախօրյակին, Ղազախստանի Ակմոլայի մարզի նախկին համակենտրոնացման ճամբարի տարածքում, որտեղ իրենց պատիժն էին կրել հայրենիքի «դավաճանների» կանայք, Հրաչյա Պողոսյան բարեգործական հիմնադրամի կողմից օրհնությամբ կատարված և տեղադրված Ուղղափառ խաչերի մոտ անցկացվեցին հիշատակի միջոցառումներ, որոնց ներկա էին բազմաթիվ երևելի դեմքեր և ներկաները բազմաթիվ երախտիքի և գնահատանքի խոսքեր ուղղեցին Ղազախստանում մի շարք կարևոր ծրագրեր կյանքի կոչած պետերբուրգցի բարերարի հասցեին:

Համակենտրոնացման ճամբարը գտնվելով Ակմոլինսկ քաղաքից (այժմ՝ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան) ոչ հեռու, այն պաշտոնապես կոչվել է 26-րդ կետ և իր գոյության 15 տարիների ընթացքում ընդունել է ավելի քան քսան հազար կին ԽՍՀՄ-ի ողջ տարածքից: Նրանցից մեկուկես հազարը բռնադատվեցին Լենինգրադից։ Ընդհանրապես, ղազախստանյան այցելություններն ու այնտեղ 1938-1953 թվականներին տեղի ունեցած ողբերգական ու սահմռկեցուցիչ իրադարձությունները ծանր տպավորություններ են թողել Հրաչյա Պողոսյանի վրա:

Ղազախստանի «Առլան» ռազմահայրենասիրական կենտրոնի տնօրեն Ամանժոլ Ուրազբաևը նրան էր հանձնել է բռնաճնշումների ենթարկված ավելի քան 80 հայ կանանց ցուցակ, ովքեր զոհվել են Աքմոլայի ճամբարում: Հրաչյա Պողոսյանը 2017 թ.-ին, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանի օրհնությամբ, խաչքար է տեղադրել այնտեղ: Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվել:

Արդեն մեծ էկրաններին է, ինչպես նաև յութուբյան ալիքում տեղադրված է «Հրաչյա Պողոսյան» հիմնադրամի պատվերով և հովանավորությամբ նկարահանված «26-րդ կետը» վավերագրական ֆիլմը՝ ի հիշատակ Աքմոլայի համակենտրոնացման ճամբարում իրենց պատիժը կրած հայրենիքի «դավաճանների» կանանց: Ֆիլմի պրեմիերան կայացել է անցյալ դեկտեմբերի 21-ին:

Պավել Գլադունովի նկարահանած ֆիլմը դիտվում է մեծ հետաքրքրությամբ, գրեթե մեկ շնչով:

Ֆիլմի պրեմիերային ներկա էին Ռուս Ուղղափառ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու, Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի, տարբեր պետական ​​կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, ինչպես նաև կրթության ոլորտի մասնագետներ։ Պրեմիերային անհամբեր սպասում էին նաև բռնադատվածների մերձավոր ազգականները։ Միայն տեսնել էր պետք ֆիմի դիտումից հետո  ներկաների հուզված, արտասվաթոր աչքերը և խորին շնորհակալությամբ լեցուն հայացքներն ու խոսքերը՝ ուղղված ֆիլմի գաղափարը իրականություն դարձրած բարերարին:

Կարծում եմ, այստեղ տեղին է հիշել նաև մեր հայրենակցի կյանքի կոչած մեկ այլ ծրագիրը, որը կարելի է անվանել նաև որպես հոգու պարտք: Հրաչյա Պողոսյանն, ընդհանրապես, իր գործունեության ընթացքում առնչվել է հազարավոր մարդկանց և ամենատարբեր ճակատագրերի հետ, և ահա անցյալ տարի բախվեց իր տասնամյակների գործունեության ամենածանր ու դժվարին իրողությանը՝ ֆինանսավորելով արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայ 26 մարզիկ ուսանողների հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցման աշխատանքները Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տարածքում: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2021-ի հոկտեմբերի 22-ին։

Հրաչյա Պողոսյանը սփյուռքի մեր այն արժանապատիվ հայրենակիցներից է, ով արդեն երեք տասնամյակից ավելի ապրելով և աշխատելով Հայրենիքից հեռու՝ ոչ միայն նշանակալի ձեռքբերումների է հասել ու բարձր է պահում հայի և Հայաստանի անունը, այլ նաև հոգով ու սրտով հայրենիքի հետ է: Մեծ եռանդի, աշխատասիրության և նույնքան մեծ սրտի տեր այս մարդու հայացքն ու մի ոտքը միշտ Հայաստանում է՝ պատրաստ գործուն աջակցություն ցուցաբերելու Հայրենիքին, ինչը նա արել և անում է երկար տարիներ: Իսկ հայրենիքում էլ մի թանկ ու նվիրական անկյուն ունի՝ հայրենի գյուղը:

Արագածի ստորոտին փռված Ագարակը հազարամյակների պատմություն ունի: Գյուղի տարածքում պեղված բնակատեղիները, քարանձավներն ու դամբարանները վկայում են այն մասին, որ մեր նախահայրերը բնակության համար նախընտրել են այս տարածքը: Կատարված հնագիտական պեղումների արդյունքում՝ այստեղ բացվել է ուրարտական ժամանակաշրջանի դամբարանադաշտ, հայտնաբերվել են վաղ բրոնզի դարի բնակատեղիներ և գտածոներ: Գյուղով մեկ սփռված եկեղեցիներն ու քրիստոնեական սրբատեղիները ապացուցում են, որ հին ագարակցիներն ամուր կառչած են եղել մեր հավատքին, Հայ առաքելական եկեղեցուն և քրիստոնեական ավանդույթներին: Հազարամյակների պատմամշակութային բազում շերտերի մեջ, սակայն, անփոփոխ է մնացել մարդը՝ պարզ գյուղացին, որ պատմության ողջ ընթացքում եղել է լավատես, գալիք օրվա հանդեպ լցված հույսով, հավատով և իր լավատեսությամբ ոչ միայն ապրել է ինքը, այլև վարակել իր շրջապատին:

— Ժամանակի տարեգիրները մեր գյուղի մասին գրել են՝ Ագարակը եղել է նախակենտրոններից մեկը հայոց աշխարհի և քաղաքակիրթ մշակույթով ներծծված մի վայր,-ասում է Հրաչյա Պողոսյանը: Եվ հենց այս եզերքի ձգողական ուժն ու վաղվա պայծառ օրվա հույսն էր, որ թուրքական յաթաղանից մազապուրծ մեր պապերին ստիպեց նոր շունչ ու կյանք տալ հնամենի Ագարակին:

Ի դեպ, հայրենի եզերք Ագարակի հնամյա պատմությանն ու մեր օրերի նշանակալի իրադարձություններին վերաբերող անչափ հետաքրքիր վավերագրական ֆիլմը, որը նույնպես ստեղծվել է բարերարի հովանավորությամբ, բոլորովին վերջերս տեղադրվել է ՙՀրաչյա Պողոսյան՚ բարեգործական հիմնադրամի յութուբյան ալիքում:

Ագարակն այսօր Արագածոտնի մարզի ծաղկուն գյուղերից է՝ շնորհիվ իր հնամենի գյուղը սիրող և արմատներին խոնարհվող, իր հայանպաստ գործունեությամբ հայտնի Հրաչյա Պողոսյանի:

—      Իմ առաջին բարեգործությունը Ագարակում էր,-հիշում է Հրաչյա Պողոսյանը: Ես ամեն անգամ ցավով նկատում էի, թե ինչպիսի դժվարությամբ են գյուղից քաղաք մեկնում երեխաներն ու ուսանողները. կանգառում սպասելիս՝ պատսպարվելու տեղ չունեին: 2004 թվականին իմ նախաձեռնությամբ կառուցվեց մի կանգառ՝ քաղաք մեկնողներն արդեն պաշտպանվում էին անձրևից, քամուց և ձյունից: Հետո գյուղում իմ հովանավորությամբ կառուցվեց խաղահրապարակ, որտեղ երեխաներն անցկացնում են իրենց մանկությունը: Ագարակը չուներ նաև որևէ հոգևոր կենտրոն: Իմ նախաձեռնությամբ 2008 թվականին կառուցվեց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և օծվեց նույն թվականի հոկտեմբերի 4-ին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, իսկ 2010 թ.-ին եկեղեցու կողքին կառուցվել է զանգակատուն՝ նվիրված Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին: 

Արդեն երկար տարիներ է, ինչ հոկտեմբերի 4-ը համարվում է Ագարակ համայնքի Վերածննդի օրը (այն վավերացվել է նաև Ագարակ համայնքի ղեկավարի և ավագանու համատեղ որոշմամբ), որը նշվում է ամեն տարի: Եվ 2008-ի հոկտեմբերի 4-ին, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողության ժամանակ, առաջին անգամ հնչեց իմ նախաձեռնությամբ և հատուկ այդ օրվա համար ստեղծված երգը՝ «Վերածնունդ» անվամբ, որը կատարեց ճանաչված երգիչ Արթուր Հակոբյանը (Միստր Իքս):

Խոսքերի հեղինակն է Հայկ Բլբուլյանն է, երաժշտությունը գրել է Արտակ Հակոբյանը: Համատեղ քննարկելուց հետո ստեղծվեց համանուն տեսահոլովակը: Այդ տեսահոլովակը անչափ թանկ է ինձ համար: Այնտեղ մեր գյուղն է, մեր գյուղի մարդիկ, հայրս, մեր սրբավայրերը…

Համագյուղացիները երախտագիտությամբ հիշում են, որ Հրաչյա Պողոսյանի ջանքերով Հայրենական մեծ պատերազմի նահատակների հիշատակը մաքրվեց պատմության փոշուց, և այսօր Ագարակի կենտրոնում վեր է խոյանում մի հրաշալի հուշակոթող, որն անմահացնում է զոհված 43 նահատակների հիշատակը:

Ապրելով և գործելով հայրենի գյուղից հեռու՝ Հրաչյա Պողոսյանն այն եզակի մարդկանցից է, ով իր բազմազբաղ գործունությանը զուգահեռ՝ ամբողջովին ապրում է գյուղի հոգսերով, համագյուղացիների դարդուցավով՝ փորձելով թեթևացնել դրանք իր բարի գործերով, խորհուրդներով ու ջերմ խոսքով:

Արդեն շատ վաղուց՝ գյուղն ու Հրաչյա Պողոսյանը չափազանց ներդաշնակ են իրար՝ շաղկապված արյան և հողի կանչով, և պատահական չէր, որ համայնքն իր արժանի զավակին պատվեց Ագարակի պատվավոր քաղաքացու կոչումով:

Կարևորելով վաղվա ագարակցու կրթությունն ու առողջ ապրելակերպը՝ պարոն Պողոսյանը վերանորոգել է դպրոցը, կահավորել ռոբոտոտեխնիկայի և այլ առարկայական դասարաններ, համալրել գույքով և տեխնիկայով և ամեն կերպ աջակցում է հարազատ դպրոցին: Ի դեպ, որպես նախկին շրջանավարտի երախտագիտության խոսք դպրոցի նախկին տնօրենին՝ քիմիայի սիրելի ուսուցչին՝ Հրաչյան ամբողջովին վերանորոգել և կահավորել է քիմիայի դասասենյակը: Դպրոցի դասասենյակներից մեկն էլ, նույնպես վերանորոգված և կահավորված, կրում է Հրաչյա Պողոսյանի անունը: Կրթօջախում իր առանձնակի տեղն է զբաղեցնում Պատվո հարթակը, որը լուսանկարներով և տեքստերով ամփոփում է հարգարժան հայրենակցի, ճանաչված բարերարի, հասարակական գործչի և արժանավոր հայի՝ Հրաչյա Պողոսյանի գործունեության բազմաթիվ գեղեցիկ էջերը:

Անհանգիստ այս մարդը մի գերբնական զորություն  ունի՝ իր շուրջը բարիք ու բարություն սփռելու, և շնորհն այդ, իրոք, աստվածատուր է: Ի պատիվ վերին աստիճանի իր հավատացյալ պապի՝ նա գյուղում մատուռ է կառուցել, բարեկարգել է խաղահրապարակը: Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ խաղահրապարակում տեղադրվել է մեծադիր ցուցատախտակ-քարտեզ, որտեղ նշված են Ագարակի հիմնադիրները եւ Արեւմտյան Հայաստանի այն քաղաքներն ու գյուղերը, որտեղից նրանք գաղթել են։

Արժե հիշատակել, որ 2018-ի հոկտեմբերի 7-ին ռուսաստանյան մի շարք հայտնի լրատվամիջոցներ գրեցին Հայաստանի Արագածոտնի մարզում գտնվող Ագարակ համայնքի մասին: Այդ օրը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնակատարությունների նախաշեմին հայկական փոքր Ագարակ գյուղը ոչ պակաս հանդիսավորությամբ նշեց իր վերածննդի 10-ամյակը. տոնակատարություններին մասնակցելու համար անձամբ գյուղ ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ռուսական կայքերը շեշտեցին, որ այդ հրաշքն իր համագյուղացիներին կարողացավ նվիրել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը:

Այդ օրը Ագարակում տեղի ունեցան շքեղ և ուրախ միջոցառումներ, ամենուրեք իշխում էր տոնական բարձր տրամադրություն, կային բազմաթիվ հրավիրյալներ, հնչեցին ողջույնի խոսքեր և շնորհավորանքներ:

Արժե հիշատակել, որ գյուղի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ագարակի պատվավոր քաղաքացիների կոչում ստացան բարերար Հրաչյա Պողոսյանի մայրը` Լենա Պողոսյանը, ով նաև համայնքի բնակիչ է, և գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը:

    Համագյուղացիները Հրաչյա Պողոսյանին բնութագրում են որպես վերին աստիճանի ծնողասեր մարդ, և պատմում են, որ նա Մոսկվա՝ Պետդումայի իր ցուցահանդեսին գնացել էր իր մայրիկի հետ։

Իսկ այդ օրը կրկնակի տոն էր Ագարակ համայնքում. մեծ հանդիսավորությամբ նշվեց գյուղի վերածննդի 10-ամյա հոբելյանը և լեգենդար «Արարատ 73»-ի հաղթանակի 45-ամյակը: Այդ օրը Ագարակի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցան նաև հիշատակության արժանի ութ կարևորագույն և աննախադեպ միջոցառումներ:

1. Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցավ Հրաչյա Պողոսյանի պատվերով և պետերբուրգյան «Տավր» բաց բաժնետիրական ընկերության վարպետների կողմից պատրաստված Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկերի օծման արարողություն: Նման մեծամասշտաբ աշխատանք առաջին անգամ է տեղադրվում Հայաստանի Հանրապետության տարածքում, և ըստ մասնագետների՝ նախադեպը չունի ամբողջ աշխարհում:

2. Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԽՍՀՄ հերոս, առաջին տիեզերագնաց-օդաչու Յուրի Գագարինի անվան  ռոբոտաշինության դասարանի բացումը: Դասարանի անվանումը նախապես համաձայնեցվել է Յուրի Գագարինի դստեր՝ «Մոսկովյան Կրեմլ» թանգարան-արգելավայրի գլխավոր տնօրեն Ելենա Գագարինայի հետ: Այն դարձավ շատ հայտնի վայր, եւ տեխնոլոգիական ցուցահանդեսների եւ անգամ WCIT ՏՏ համաշխարհային կոնգրեսի ժամանակ բազմաթիվ պատվիրակություններ են այցելել այստեղ Մարոկկոյից, Բանգլադեշից, Հնդկաստանից, Աֆղանստանից եւ անգամ Նիդերլանդներից։  

3. Նորաբաց դասարանում տեղի ունեցավ բարերար Հրաչյա Պողոսյանի պատվերով պատրաստված Յուրի Գագարինի կիսանդրու բացումը: Բացման արարողությունը կատարեցին Հրաչյա Պողոսյանը և տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը:

4. Նույն օրը Ագարակի կենտրոնում տեղի ունեցավ «Արարատ-73» ֆուտբոլային թիմի պատվին անվանակոչված նոր հրապարակի հանդիսավոր բացման արարողությունը: Բացումը կատարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արարողությանը հաջորդեց ծառատունկ. «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակի 40-ամյակի և Ագարակ գյուղի վերածննդի պատվին 2013 թ.-ին բացված «Արարատ-73» հուշարձանի մոտ Ագարակում առաջին անգամ տնկվեց հավերժության եղևնի:

5. Այդ օրը Ագարակի կենտրոնում տեղի ունցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսին Սանկտ Պետերբուրգի հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ արված առաջարկով հիմնված կարի արտադրամասի բացման արարողությունը: Հրաչյա Պողոսյանն առաջինն էր, որ արձագանքեց ՀՀ վարչապետի կոչին և իր համագյուղացիներին աշխատանքով ապահովելու նպատակով արդեն իսկ գործում է ավելի քան 20   աշխատատեղ: Կառուցվող կցաշենքի հիմքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հրաչյա Պողոսյանը զետեղեցին հիշողության պատիճ։ Կառուցվող մասնաշենքը թույլ կտա արտադրամասի աշխատակիցների թիվը հասցնել շուրջ հարյուրի։

6. Այդ օրը տեղի ունեցավ Հրաչյա Պողոսյանի ինքնատիպ ու յուրօրինակ մտահղացման շնորհիվ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ և «Ռոսկոսմոսի»՝ հանձին Սերգեյ Կրիկալևի աջակցությամբ տիեզերք տարված Հայաստանի դրոշի հանդիսավոր հանձնման արարողությունը: 195 օր տիեզերքում` միջազգային տիեզերական կայանում մնալուց հետո Հայաստանի դրոշը վերադարձել է երկիր: Այն այնտեղ էր տարել տիեզերագնաց Օլեգ Արտեմևը: Հայաստանի դրոշը նախօրեին անձամբ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովն է բերել մեր երկիր և տոնական միջոցառման ընթացքում այն Ագարակում հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հանելով փաթեթից, որի մեջ այն դրվել էր հենց տիեզերքում:

7. Նույն օրը, Հայաստանում առաջին անգամ, Ագարակի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Հայ Առաքելական եկեղեցու սպասավորի՝ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու առաջնորդ Վիգեն Մանուկյանին:

8. Դպրոցի բակում տնկվեց դեռևս Պետրոս Առաջինի կողմից տնկված և խնամված դարավոր կաղնու շիվ, որը Հրաչյա Պողոսյանն էր բերել հայրենի գյուղ: Շիվը, որ հայազգի բարերարին նվիրել էին Սանկտ Պետերգուրգի ռուսական թանգարանից՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ծավալած ակտիվ և նվիրված գործունեության համար, տնկեցին Սանկտ Պետերբուրգից և Մոսկվայից ժամանած հյուրերը:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական է համարել այդ օրը` մի քանի պատճառներով. «Շատերը հարցնում են, թե Հայաստանում վերջին հինգ ամսվա մեջ ինչ է փոխվել: Նրանք, ովքեր ուզում են տեսնել` կտեսնեն, որ ՀՀ-ում փոխվել է ամենակարևոր բանը` տրամադրությունը, մարդկանց հայացքները, ինքնազգացողությունը, ինքնավստահությունը: Կարևոր է արձանագրել, թե ինչն է ժողովրդի համար ամենակարևորը, դա իր ինքնասիրությունն է, իր հպարտությունն է»:

 «Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ ծանոթացա Հրաչյա Պողոսյանի հետ` հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում: Երբ խոսում էինք Հայաստանի զարգացման մոդելի մասին, թե ինչպես պետք է զարգանա Հայաստանը, եկանք եզրակացության, որ կառավարության հիմնական դերն է` ստեղծել հնարավորություններ, որպեսզի գործարարները Հայաստանում ներդրումներ անեն: Պարոն Պողոսյանը խոստացավ, որ ներդրում կանի Ագարակում, այն մարդիկ, ովքեր ասում են և անում, իրենց խոսքի տերն են, մեր ամենակարևոր գործընկերներն են, նրանք, ովքեր կարող են ոչ միայն բարեգործություն անել, այլ հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուր հայ կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել»:

 — Պարոն Պողոսյան, հատուկ շնորհակալություն Ձեզ, որ մեր հայրենակիցների հետ կապը չեք կորցրել»,- նշել է Նիկոլ Փաշինյանն ու ընդգծել, որ Հրաչյա Պողոսյանը խոսքի տեր մարդ է և առաջինն արձագանքեց  նոր Հայաստանը շենացնելու իր կոչին:

Անցնող տարիների ընթացքում Հրաչյա Պողոսյանի և նրա բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր և ամսագրեր, նկարահանվել են մի շարք  մեծարժեք և ուսուցողական վավերագրական ֆիլմեր:

Ճանաչված բարերարի և իր բարեգործական հիմնադրամի կողմից կյանքի կոչված գործերը վերաբերվում են մեր կյանքի բոլոր ոլորտներին և իրականացվում են Ամենայն Ռուսիո Եկեղեցու առաջնորդ Կիրիլի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի օրհնությամբ: Նրա գործնեությունը բարձր գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում և Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են նրա նախաձեռնությունները: Նա ստացել է կառավարական, գերատեսչական և հասարակական պարգևներ, ստացել է Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևը, ինչպես նաև պարգևատրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու շքանշաններով: Կարևորագույններից են՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով շնորհված պետական պարգևը՝ «Բարեգործության համար» շքանշանը, Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը, «Մովսես Խորենացի» մեդալը՝ հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, «Ուղղափառ և Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու շքանշանը», «Պատվո III աստիճանի», «Սբ. Արքայազն Ալեքսանդր Նևսկու անվան II աստիճանի» շքանշանը, «Ռուսաստանի զարգացման գործում ունեցած վաստակի և անձնական մեծ ներդրման համար», ՌԴ Արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանը, «Մարշալ Բաղրամյան», «Սպարապետ Վազգեն Սարգսյան», «Հավատքի եւ հայրենիքի համար» I աստիճանի մեդալները և այլն:

Այս տարվա ապրիլի 13-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Օրենսդիր ժողովում հանդիսավորապես հրապարակվեց մի աննախադեպ որոշում, որի համաձայն՝  պետերբուրգաբնակ մեր ճանաչված հայրենակից Հրաչյա Պողոսյանի անունը կրող բարեգործական հիմնադրամն արժանացավ Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար տիտղոսին: Ասում ենք աննախադեպ, քանի որ «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամը քաղաքի պատմության մեջ դարձավ առաջին իրավաբանական միավորումը, որին շնորհվեց նման պատվավոր կոչում։

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մարիինյան պալատում։ Հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանին պարգևը հանձնեց Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին։

«Այսօր մեր երկիրը նշում է հովանավորի և բարերարի օրը»,- ներկաներին դիմեց պարոն Բելսկին: — Այս տոնը երկրորդ, ոչ պաշտոնական անունն ունի՝ Շնորհակալության օր: Եվ ես ուզում եմ հարգարժան Հրաչյա Պողոսյանին ասել, որ շատ շնորհակալ եմ նրա ղեկավարած թիմի կատարած աշխատանքից։ Հրաչյա Պողոսյանի եռանդուն ջանքերով տեղադրվել և վերականգնվել են մեծ թվով խորհրդանշական վայրեր, այդ թվում՝ Արիության հրապարակում գտնվող հուշարձանը և Ալեքսանդր Նևսկու վանական համալիրում Ֆյոդոր Դոստոևսկու գերեզմանի հուշարձանը։ Հիմնադրամի գործունեությունը գնահատել են առաջին հերթին մեր քաղաքի բնակիչները և հասարակական կազմակերպությունները։ Դուք՝ պարոն Պողոսյան, օրինակ եք Սանկտ Պետերբուրգի բոլոր ձեռնարկատերերի համար և բարի գործեր եք կատարում ոչ թե գովասանքներ կորզելու համար, այլ՝ միմիայն ի շահ մարդկանց։ Շնորհակալություն Ձեզ բոլոր պատգամավորներից, անձամբ ինձնից և մեր քաղաքի յուրաքանչյուր բնակչից։

 — Ես շատ ուրախ և հպարտ եմ այդ բարձր տիտղոսին արժանանալու համար,- ելույթին արձագանքեց հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանը։ -Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Օրենսդիր ժողովի պատգամավորներին և անձամբ Ձեզ, Ալեքսանդր Նիկոլաևիչ, որ այդքան կարճ ժամանակում կարողացաք ուսումնասիրել իմ գործունեությունը և ինձ պատվել այդքան բարձր կոչումով։ Ես ուզում եմ երախտագիտության խոսքերս ուղղել պաշարված Լենինգրադի բնակիչներին և նրանց սերունդներին, նրանք իմ կողքին էին լենինգրադյան հողում իմ առաջին օրերից: Շնորհակալ եմ հոգևորականներին՝ իմ աշխատանքը օրհնելու համար, իմ ընտանիքին, ընկերներիս, թիմին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ այս տարիների ընթացքում։ Ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի այն փաստը, որ ես Պետերբուրգի պատվավոր հովանավոր եմ դարձել Պետրոս Առաջինի 350-ամյակի տարում։ 2013-ին ես վերստեղծեցի Պետրոս Առաջինի առաջին հուշարձանը, որը կառուցվել էր մասնավոր միջոցներով` պուտիլովյան քարհատներ Սպիրիդոնովների ընտանիքների կողմից: Նախքան կայսեր հուշահամալիրը վերստեղծելը, ես գտա, թե որտեղ է հանգչում Սպիրիդոնովների ընտանիքը և վերականգնեցի նրանց ընտանեկան գերեզմանը։ Ես երախտապարտ եմ Սանկտ Պետերբուրգին, որ բացեց իր «գաղտնի դռներն» ինձ համար և թույլ տվեց դիպչել պատմությանը, հավերժացնել մեծ մարդկանց և կարևոր իրադարձությունների հիշատակը։

Արժե նաև հիշեցնել, որ անցյալ տարի ՌԴ ՊՆ հրետանային, ինժեներական և կապի զորքերի թանգարանում ամփոփված «Տարվա տղամարդ 2020» մրցույթի արդյունքներով՝ «Բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը» անվանակարգում հաղթողի դափնին նվաճել է պետերբուրգաբնակ մեր հայրենակիցը:

Իսկ Սանկտ Պետերբուրգի Պատվավոր բարերարը, ով մեր ուսումնասիրություններով՝ իր կատարած արժեքավոր բարեգործությունների ծավալով համարվում է անգերազանցելի Ռուսաստանի հայ համայնքում,  արդեն նախատեսում է նոր բարեգործական ծրագրեր։

Հրաչյա Պողոսյանի անցած ուղին հայրենասիրության, աշխատասիրության և պարտաճանաչության փայլուն օրինակ կարող է ծառայել երիտասարդ սերնդին, նա ամենուր իրեն դրսևորում է որպես բանիմաց  և պատասխանատու մարդ, նրա բոլոր ձեռնարկումները ուղղված են մեկ նպատակի՝  հանուն մարդու և մարդկության: Որպեսզի աշխարհում գիրիշխի սերը, բարությունը և միշտ հիշվեն լավ մարդկանց լավ գործերը:

Կրկին շնորհավորում ենք մեր պատվարժան հայրենակցին՝ ծննդյան 52-րդ ամյակի կապակցությամբ: Քանի որ Դուք հիանալի ամուսին եք և նույնքան հիանալի հայր, ապա ցանկանում ենք, որ անչափ հայեցի Ձեր ընտանիքը՝ տիկին Նազիկը և Ձեր 4 երեխաները մշտապես հիանան Ձեզնով և այսուհետ ևս իրենց ներկայությամբ թևութիկունք լինեն Ձեզ: Թող մշտապես անամպ լինի Ձեր երկինքը և Ձեր մշտական ուղեկիցները լինեն Բարությունն ու Հաջողությունը:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից