Եթե մոռանանք, Հայաստանն էլ կդառնա մի հուշարձան, այն էլ՝ առանց հուշավայրի

125
Köln, Hohenzollernbrücke 15.4.2018 Einweihung des Denkmals für den Genozid an der armenischen Bevölkerung © Herby Sachs/version-foto.de

Քյոլնի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Նուռ հուշարձանն այս տարի էլ անիվների վրա մնաց, քանզի քաղաքային իշխանությունները չփոխեցին իրենց՝ արդեն չորրորդ տարին կրկնվող այն պնդումը, թե դրա համար հանրային, կենտրոնական վայրում՝ հաստատուն դարձնելու արտոնություն չի տրվել:

«Հիշելով ցեղասպանությունը» նախաձեռնող խմբի անդամները 2018-ին տեղադրել էին հուշարձանը, կարելի է ասել՝ գաղտնի, դրանով փաստի առջեւ կանգնեցնելով քաղաքային իշխանություններին, որ ենթադրաբար, նաեւ բարոյական ճնշման ներքո կարտոնեին դրա գոյությունն այդ տարածքում: Բայց տեղական իշխանությունները, հենվելով դատարանի որոշման վրա, հեռացրին այն, եւ նույն գործողությունն են կրկնում արդեն չորրորդ տարին: 

Քաղաքային իշխանությունները նախաձեռնող խմբին հիշեցրել են, թե իրենք ընդառաջել են քյոլնաբնակ հայերի ցանկությանը. 2017- ի մարտի 13- ի նիստում մեծամասնության որոշմամբ արտոնվեց եւ Լեհմբախեր վեգ հասցեում գտնվող գերեզմանոցում նոյեմբերի 18- ին կանգնեցվեց եւ օրհնվեց «1915- 16- ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» մակագրությամբ՝ մոտ երկու մետրանոց խաչքարը: 

Նույն պատճառաբանությունը ներկայացրին նաեւ «Ազգ»ին երեքշաբթի օրն ուղարկված գրավոր հարցմանն ի պատասխան Քյոլնի քաղաքապետի գրասենյակից՝ հիշեցնելով, թե «Քյոլնի քաղաքապետարանի հայեցողական որոշումն է հատուկ օգտագործման արտոնություն տրամադրելու որոշումը, որով հայտատուի շահը պիտի կշռադատվի հանրային շահերի պահպանման առաջնակարգությամբ:   Դիմողը հանրային ճանապարհին հուշահամալիր տեղադրելու հատուկ օգտագործման թույլտվություն չունի: Եթե կոթողների, հուշաքարերի տեղադրման համար բոլոր հնարավոր հայտերը բավարարվեն, դա հասարակական տրանսպորտի եւ քաղաքային միջավայրի համար անընդունելի սահմանափակումների կհանգեցնի»: Նամակում հիշատակել էին նաեւ այն, ինչը Քյոլնի հայ համայնքին ուղղված պատասխանում էլ էին շեշտել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար քաղաքապետարանը Քյոլնի՝ Լեհմբախեր վեգ հասցեում ամփոփված գերեզմանոցում արտոնել է Ցեղասպանության հուշաքարի՝ խաչքարի տեղադրումը 2017 թվականին: «Այս գերեզմանոցում թաղված են ինչպես մահմեդականներ, այնպես էլ հայեր, եզդիներ, ռուս ուղղափառ եւ սիրիացի ուղղափառ քրիստոնյաներ», գրված է քաղաքապետարանից մեզ ուղարկված պարզաբանման մեջ:

Հուշարձանի մասին «Ազգ»ում մանրամասն գրել ենք 2018 թվականի ապրիլի 20-ի 20-ի https://archive.azg.am/AM/2018042020 «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ,ՉԱՐՏՈՆՎԱԾե ՀՈՒՇԱՐՁԱՆ ՔՅՈԼՆՈՒՄ» եւ  https://archive.azg.am/AM/2019042604 «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՍԻՄՎՈԼԸ` ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ»  համարներում, իսկ նախորդ շաբաթ մեր թերթում հրատարակված վերլուծականում փորձ էինք արել մեկնաբանել այս մերժումը գերմանա-հայկական, գերմանա-թուրքական հարաբերությունների շրջանակում:

200 կգ կշռող, 1,5 մետրանոց մետաղյա բուրգը, որի ծայրին խորհրդանշական նուռ է, որի վրա հայերեն, գերմաներեն, թուրքերեն, անգլերեն կարելի է կարդալ նույն՝ «Այս ցավը բոլորինս է» գրությունը, մեծ մարտահրավեր է Հոհենցոլլերնբրյուքե հրապարակից երեւացող հսկաներին: Քյոլնի Մայր տաճարի ստվերում, Վիլհելմ Երկրորդ կայսեր ձիարձանի թիկունքում այս փոքրիկ հուշարձանն անգամ չեն հանդուրժում նրանք, որ լավ տեղյակ են սեփական պատմության մութ էջերին, հիշում են, թե կայսեր հրամանով է նաեւ բնաջնջվել մի ժողովրդի մեծաթիվ հատված, իսկ ողջերի ժառանգներին ընդառաջելու, նրանց ցավն ու հիշողությունը հարգելու փոխարեն հաստատում են, թե դահիճը միշտ իրավունք ունի ճշտելու զոհի իրավունքի սահմանը, Ստամբուլի հետ քույրացած քաղաք է Քյոլնը, իսկ թուրք- գերմանական դաշինքը չեն կարող խախտել գերմանացի արվեստագետներ Շտեֆան Քայզերն ու Մաքս Շոլցը՝ հուշարձանի հեղինակները, որոնց ստեղծագործությունը, իրենց մեկնաբանությամբ՝ խոստովանություն է, հիշեցում մեղսակցության մասին:

Գերմանական մամուլը, որ վերջին տարիներին կարծես խուլուհամր է դարձել կամ էլ ձանձրացել է թուրք, ադրբեջանական հրոսակային քաղաքականության դեմ մարտնչելուց, եւ այժմ նոր թեմա ունի՝ ռուս ուկրաինականը, սկսեց անդրադառնալ հուշարձանի խնդրին: Բայց առավել նկատելի չեզոք, փաստերն արձանագրողի դերն է ստանձնել, վճռորոշ, բարոյական կեցվածքից հեռու է:

Տարեցտարի նկատելի է դառնում, որ քաղաքապետարանի որոշման դեմ առավել մեծ թվով մարդիկ, գերմանացի հանրային գործիչներ են համախմբվում, որ արտացոլվում է հուշարձանի մասին ստեղծված տեղեկատվական կայքում:

Նրանց թիվն ավելանալու է: Դրա հետ մեկտեղ այն հույսը, որ բարոյական պարտքն ու մեղքը ճանաչելը ուժեղ եւ հաստատուն է դարձնում երկրայինների խարիսխը: Ո՞վ գիտե, երկինքն ու երկիրն ինչ տարերային աղետ են նախատեսել այն պետությունների համար, որ քարտեզ են գծում, իրենց քմահաճույքով ջնջում որոշ ազգ ժողովուրդների, հանրային հրապարակ են կառուցում՝ առանց հուշավայրերի, առանց մեղսակցության խոստովանության:

Մեր հիշողության այս խորհրդանիշն այս տարի էլ հաստատուն տեղ չունեցավ Թուրքիայի դաշնակից Գերմանիայում: Դահիճների ժառանգներն այդպես են «կարգադրում», մեղսակիցները համապատասխանատվության մասին էլ չեն հիշատակում, քանզի Քյոլնում շատ են թե՛ թուրքերը, թե՛ հայերը, նրանց հակամարտության առիթ, պատրվակ կլինի հուշարձանը, ուրեմն ինչո՞ւ հենման կետ չընտրվի Հայաստանի օրակարգը: Միգուցե այսպես են դատում, թե անցյալը եւ ներկան կանգ են առել Հայաստանում, այս երկիրն ապագայի՝ նոր ժամանակի շեմին է, եւ հիշողության կարեւորությունը ստորադասում է խաղաղության օրակարգին: Գերմանիան վկա՝ հիշողության մշակույթն է, որ այս երկրին վերադարձրեց աշխարհի քաղաքական քարտեզի վրա տեղ ունենալու, որ խաղաղության կայան է այսօր:  Խաղաղությունը երբեք չի հաստատվում այնտեղ, ուր թոռներն ու ծոռները ուրանում են իրենց նախահայրերին, մեծ հայրիկներին, մեծ մայրիկներին, ուր արտոնում են դահճին, որ ինքը որոշի՝ մենք ապրելո՞ւ, թե՞ մեռնելու ժողովուրդ ենք:

Եթե մոռանանք, Հայաստանն էլ կդառնա մի հուշավայր, մի հուշարձան՝ անիվներից էլ զուրկ…

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա