Վաշինգտոն, Բրյուսել, Մոսկվա, կրկին Վաշինգտոն (հունիսի 12-ին էր նախատեսված՝ ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել է), կրկին Բրյուսել (հուլիսի 21-ին՝ սա էլ տրամաբանորեն պիտի հետաձգվի). ահա այն շրջագիծը, որով պտտվում են Հայաստանի ղեկավարները վերջին շրջանում, նյութը՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններ, Արցախի համար՝ Ադրբեջանի կազմում ինչ-որ հումանիտար իրավունքների հետապնդում:
Եվրոպաշտոնյաների եւ եվրողեկավարների աշխույժ, իրար հերթ չտվող այցելություններ Երեւան, փոխնիփոխ Ալիեւին, Բայրամովին, Փաշինյանին ու Միրզոյանին ջերմորեն ողջունող եվրոկեղծավորություններ, բարձրագոչ հայտարարություններ, թե բա՝ խաղաղություն եւ կայունություն Հարավային Կովկասում, Հայաստանի հանձնառություն, Ադրբեջանի կամք ու պատրաստակամություն՝ Արցախի ժողովրդին իր ներսում անվտանգ ապրել երաշխավորելու, ԵՄ-ի համար կարեւոր գործընկեր Ադրբեջան: Ռուսական կողմից մուննաթներ, թե Արեւմուտքը Երեւանի օգնությամբ իրեն դուրս է ուզում մղել տարածաշրջանից, Զախարովայի կսմթոցներ՝ թե բա Արմեն Գրիգորյանն ո՞վ է, որ նրա ասածն էլ մեկնաբանեմ: Հայաստանի տարուբերում Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ, ինչպես ճոպանով անդունդի վրայով անցնող մարդն է տարուբերվում՝ մահն ու կյանքն ի տես, Ալիեւի հոխորտանք, թե բա՝ լուծարեք Արցախի ինստիտուտները, էական ու անէական շատախոսություն բոլոր դերակատարներից, որից եթե զատենք ամենագլխավորը՝ բոլորն Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, ռուսներից մինչեւ եվրոպացի ու ամերիկացի: էթնիկ զտում էլ որ ասում են, ու մերոնք թութակի պես կրկնում են դա՝ նշանակում է ուրիշ, հիմնական բնակչության ինչ-որ տոկոս արցախահայություն, որին ուզում են իբր զտումից պաշտպանել:
Գումարած՝ որ Ադրբեջանում արդեն ցուցակագրում են նրանց, որոնք պիտի ապրեն Արցախում, նախատեսված է այնքան ադրբեջանցու վերաբնակեցում մեր հայրենիքի արցախյան հատվածում, որքան եւ Արցախի մեր հայրենակիցների ներկա թիվն է: Գնացեք, օդի տատանմամբ զբաղվեք, սիրելի հայեր, գնացեք խաղացեք հայրենասեր-դավաճան խաղը՝ խոսույթի մակարդակով սոսկ, Ադրբեջանը վերաբնակեցման պետական ծրագիր ունի վաղուց, որը միշտ գաղտնագրում է պետական բյուջեների իր նախագծերում:
Երեւան եւ արտերկիր հայրենական եւ արտերկրյա պատվիրակությունների աշխույժ երթեւեկը, ամեն օր շատ արագ կատարվող գործընթացներն ու նոր շեշտադրումները վկայում են այն մասին, որ հանգուցալուծումը մոտ է՝ հայ-ադրբեջանական բանակցությունների առաջընթաց են գրանցում ե՛ւ Վաշինգտոնից, ե՛ւ Եվրոպական մայրաքաղաքներից, այն էլ առաջին ռանգի պաշտոնյաների խոսույթներում: Տպավորություն է՝ ողջ աշխարհն է այս պահին ձեռնամուխ եղել Հայաստանի եւ Արցախի հաշվին Հարավային Կովկասում հարաբերականորեն կայուն իրավիճակ ստեղծելու սուրբ գործին, որ ոչ մի բան հանկարծ ու չսասանի իրենց նավթամուղներից ու գազամուղներից, տնտեսական ձեռնարկներից հոսող միլիարդների հոսքը:
Տեսնես Հայաստանում հասկանո՞ւմ են, թե այս պահին որքան կարեւոր է մեր երկրի պատասխանատուների պահվածքը, որքան շատ բան է նրանցից կախված, որքան, ուրեմն, գործոն է Հայաստանը (ակամա), ինչից հմուտ եւ արհեստավարժ, դիվանագիտորեն պատրաստ պաշտոնյաները կկարողանային օգտվել, ու ոչ թե խեղճանալ , ինչպես որ տարբեր առիթներով տեսնում ենք: Կկարողանային ազատորեն լողալ եւ ճիշտ ժամանակին հակափաստարկ ներկայացնել՝ օգտվելով ե՛ւ պատմությունից, ե՛ւ դիվանագիտությունից, ե՛ւ տնտեսական պրագմատիզմից: Որոնք համարձակություն կունենային չգնալ ու ծիծաղի առարկա դառնալ Թուրքիայում՝ այնտեղ ուղարկելով միայն երրորդ ռանգի պաշտոնյա: Որոնք կկարողանային տարածաշրջանային դիրքից բխող կարեւորությունն արժանապատվություն դարձնել:
Բայց դրա համար պետք է ունեցած լինեինք այդ պատրաստ պաշտոնյաները: Աշխարհը փոխվել է, բոլոր առումներով նոր բարքեր ու նոր կարգեր են, որտեղ դեր ունեն կոնկրետ դերակատարների գիտելիքներն ու որակները: Այս պահին ճակատագրական որոշումների ժամանակ է Հայաստանի եւ Արցախի համար, իսկ մենք ունենք թղթերից՝ Աստված գիտե ում գրածը կարդացող պաշտոնյաներ, դիվանագիտության այբուբենը հազիվ հեգող ֆիգուրներ, որոնք տարուբերվում են Արեւմուտքից եւ Ռուսաստանից եկող հերթագա նոկաուտներից՝ հակահարվածին անպատրաստ, անցյալի շատ մանրամասներից անտեղյակ, քաղաքական կոնյուկտուրայով պայմանավորված՝ ներսի իրազեկներից աջակցություն չստացող: Հայկական ճիշտ որոշումները մնացել են Աստծո հույսին միայն:
Քաղաքական դաշտի դերակատար մնացած անցած բանակցողները այդպես էլ չեն բացահայտում ողջ ճշմարտությունը Արցախյան բանակցությունների գործընթացի վերաբերյալ, այդ թվում՝ անգամ սեփական կուսակիցներից թաքցրածը. Հայրենիքն ի՞նչ է որ՝ քաղաքական խմբային շահի կամ հենց սեփական անձի շահի դիմաց, որ ի վնաս դրանց բացահայտումներ արվեն հանուն Հայրենիքի շահի: Ասենք՝ իրար գլխի հավաքվեն Արցախի ու Հայաստանի բոլոր նախկին արտգործնախարարները եւ անկախ կուսակցական կամ շրջանակային պատկանելության կաշկանդիչներից՝ պատմեն ողջ ճշմարտությունը եւ տեսանելի դարձնեն ամենաանվնաս լուծման հեռանկարը: Ո՞նց կարող է պատահել, որ նրանց բոլորի հայրենիքը ու այդ հայրենիքի շահը նույնը լինեն, այս ինչ չլսված բան եմ ասում. ամեն ինչից վեր՝ նախ իրենց շեֆերի շահերն են (նրանց համար միշտ նախագահ է նա, ում արտգործնախարն են եղել, նրանք հո Հայաստանի արտգործնախարար չե՞ն եղել), հետո գալիս են անձամբ իրենց գեղեցիկ լույսով ներկայացնելու եւ անձնական ունեցվածքից չզրկվելու ու եսիմ էլ ինչ շահեր, ամենավերջում նոր՝ Հայրենիքի շահ կա թե չկա՝ այդ էլ չգիտենք: Օսկանյանը խոսել է, բայց ամեն ինչ չի ասել: Մնացականյանը խոսել է՝ բոլորովին բան չի ասել, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ թաքցնելու բան ունեցած կլինի: Նույնը վերաբերում է էլ ավելի առաջ արտգործնախարար եղածներին, գլխավոր բանակցողներ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Միգուցե հիմա վերջին հնարավորությունն է, մի կողմ դրեք բոլոր տեսակի շահերը, վախերը, ու եթե իրոք, ինչպես առիթ-անառիթ պնդում եք, որ երկրին նվիրված եք եղել, ասեք բանակցային գործընթացի մասին այն, ինչ թաքցվել է, ու ոչ թե այն, ինչ հարմար է քաղաքական ու անձային շահի տեսակետից:
Քաղաքական շահն էլ միշտ եւ հիմա պայմանական բան է Հայաստանում: Ով-ով՝ դուք հո լավ գիտեք, որ Հայաստանում երբեք ինքնուրույն ոչ իշխանություն է փոխվել, ոչ լիդեր առաջացել-նշանակվել, բոլոր դեպքերում արտաքին դերակատարներն են խառնվել: Ու հիմա որ խոսում եք լիդերափոխությունից՝ էլի շատ լավ գիտեք, որ հարկ լինի՝ ճիշտ ժամանակին դերակատարները լիդերին փոխելու են, ինչպես միշտ են արել, այդ թվում՝ 2018 թվականին, ու դա դուք չեք լինելու: Էդ անունները որ հրապարակ են նետում, թե բա՝ Արմեն Գրիգորյան, Ժիրայր Սեֆիլյան, Փաշինյանի փոխարինում՝ լրիվ ապակողմնորոշման տիրույթից են, իմաստը՝ զբաղվեք, կուզեք անվանարկեք նետված անունների տերերին, կուզեք կոմպրոմատներ հայայթելու վրա ռեսուրս ու ժամանակ ծախսեք: Իրական ֆիգուրներին կիջեցնեն անսպասելի եւ այն պահին, երբ նկատեն, որ տարածաշրջանային նախօրոք գծված սցենարը (այդ թվում՝ հայերիս հաշվին իբր խաղաղության պայմանագիրը) ձախողվում է: Եւ Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես շատ տարիներ, ոչինչ չի ունենալու հակադրելու այդ սցենարին՝ քաղդաշտի խաղացողների տարբեր շահերի եւ ամբիցիաների պատճառով: Ինչպես, ի դեպ, միշտ է եղել:
Փոխե՛ք այդ բոլորը մի անգամ: Սկսեք ողջ ճշմարտությունն ամբողջապես բացահայտելուց: Օրինակ՝ որ ասում են Ալմաթիի հռչակագրով ընդունված սահմաններով են գնալու խաղաղության պայմանագրի ստորագրման, դուք միայն խոսում եք նրանից, որ մինչեւ Ալմաթիի հռչկագիրը Արցախն ինքնորոշվել էր: Բա ո՞վ պիտի ասի, որ Ալմաթիի հռչակագրի ստորագրման պահին Ադրբեջանը չի եղել ԱՊՀ անդամ, ԱՊՀ կանոնադրությունն ընդունվել է իննսուներեքին միայն, ու դրանից ամիսներ հետո է միայն Ադրբեջանն ԱՊՀ անդամ դարձել: Եւ1994 թվականի ապրիլի 15-ին, երբ Ադրբեջանը արդեն ԱՊՀ անդամ էր, ԱՊՀ երկրները ընդունեցին հռչակագիր տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնամխելիության մասին, բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը, դա ստորագրեցին, բայց Տեր-Պետրոսյանը, այսինքն՝ Հայաստանը, չստորագրեց այդ փաստաթուղթը, վկայակոչելով 1990 թ Հայաստանի Անկախության հռչակագիրը եւ ԳԽ 1992 թ. հուլիսի 8 -ի որոշումը:
Սա ո՞վ պետք է հիշեցնի հանրությանն էլ, կառավարողներին էլ: Թե քաղաքական կոնյուկտուրան չի թողնում դա անել: Կամ ո՞վ պետք է պատմի, թե ժամանակին երբ բանակցում էիք հինգ շրջանի վերադարձով Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ, ինչո՞ւ չհամաձայնեց Ադրբեջանը ու ի՞նչ էր ուզում (ինչի մասին մինչեւ այժմ լռել եք): Եւ նման այլ մանրամասներ, որոնք անկեղծ ներկայացնելուց հետո բոլորով միասին նստեք ու բանակցելու առումով առաջարկներ ձեւավորեք ազնվորեն: Թե չէ՝ կողքից հեշտ է քննադատելը, օգգ-ն ո՞րն է Հայաստանի եւ Արցախի համար:
Երկրորդը՝ ի սեր Աստծո, եթե իրոք սիրում եք երկիրը, թողեք իրական դերակատարներ առաջ գան: Այնպիսիք, որոնք ժողովրդի ցասումը չեն առաջացնի եւ իրական վտանգի պահին այլընտրանք կլինեն: Գան նոր այնպիսի մարդիկ, որոնք մի քանի լեզու գիտեն, դրան համապատասխան կրթություն ունեն, դիվանագիտության այբուբենին լավ ծանոթ են: Ու ոչ թե նրանք, որոնք տարբեր դրդապատճառներով իշխելու անհագ տենչ ունեն: Հիմա պրոֆեսիոնալների ժամանակ է, իսկ դուք կուսակցությունները լցրել եք ամեն տեսակ պոպուլիստներով ու անբաններով (նորմալ, իրոք երկիր սիրող կուսակցականները թող ներեն ինձ): Աշխարհը փոխվել է, դո՛ւք չեք փոխվում:
Աշխարհը համակարգեր է աշխատեցնում, հայերս՝ էլի փողոցն ու պոպուլիստներին, պրիմիտիվ քարոզը: Դա ե՞ք հակադրելու տեխնոլոգիական աշխարհին: Կուսակցական հովանոցների տակ ամեն տեսակի պատահական մարդկանցով լցրել եք խորհրդարանը: Հնացած, անցած դարի կարգախոսները թափելու փոխարեն՝ դուրս եք քաշում ծակված բոխչաներից եւ նորից փորձում գործի դնել: Պետականության կորստի խնդիր է արդեն, անկարողները թող հետ գնան, առաջ գան իրոք խելացիները եւ նոր մտայնությամբ աշխատելու կարողները, մանավանդ՝ ամենախելացիները չեն կուսակցություններում: Հայերի խելացի հատվածի մեծ մասը կուսակցություններից դուրս է, բայց նրա՛նց ճակատագիրն էլ են ուզում որոշել անխելքները, ներկա խորհրդարանի ողջ համապատկերը (ընդդիմադիր եւ իշխանական) վկա:
Միգուցե ազգին 21-րդ դարի դժվարություններով առաջնորդելու ունակ 100 մարդուն էլի ընտրեն կուսակցությունները (Աղվան Վարդանյանի ականջը կանչի), քանի որ ա՛յդ համակարգն է մեր կառավարման կարգում ամրագրած, բայց եթե իրոք անկեղծ եք Հայրենիքի ճակատագրով ձեր մտահոգությամբ, այդ 100 մարդու չնչին տոկոսը պետք է կուսակցությունների մեջ եղած մարդկանցով հավաքել, գերակշիռ մասը պետք է լինեն նոր աշխարհին որակներով, կրթությամբ ու մտածողությամբ պատրաստ մարդիկ: Մնացյալը ուղղակի բանասացություն է, այն մշտական պաթետիկ ֆոլկլորը, որը մինչեւ հիմա մեր բոլոր կառավարողների միացյալ ջանքերով երկիրը հասցրել է այս կետին, անլուծելի մի շարք ու հատկապես անվտանգային սրված խնդիրներով թնջուկին:
Մոռացեք բոլոր այն ազգանունները, որոնք ուղղակի առաջին իսկ կանչով վազում են փողոց, պեղեք-գտեք նրանց, որոնց գլխավոր կրեդոն աշխատավայրն ու գիտելիքն են՝ որպես երկրին նվիրվածության վկայական: Ուշքի՛ եկեք, ասում եմ ձեզ, որովհետեւ հետո բոլորով կոծելու եք, թե պետականությունն այս ոնց կորցրինք, կամ դառնալու եք սպասարկու կիսաանկախ երկրի բնակիչ, որտեղ ամեն ինչ որոշելու են ուրիշի դրածոները: Գործեք, մի նստեք ու սպասեք, թե մի տասը օրից Ստրասբուրգում, ԵԽԽՎ նստաշրջանում հանկարծ ու հրատապ քննարկվի Լաչինի միջանցքով ազատ երթեւեկի ապահովման հարցը, եթե անգամ քննարկվի՝ Հաագայի դատարանի որոշման ճակատագրին է արժանանալու:
Հ.Գ. -Բոլոր այն մարդկանց, որոնք ասում են, թե ընդդիմադիրներին քննադատելով՝ ջուր եք լցնում իշխանության ջրաղացին, պատասխանում եմ. դա կեղծ, ավելին՝ գավառական թեզ է, եթե սատանան է փրկելու երկիրս՝ սատանայի ջրաղացին էլ ջուր կլցնեմ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ