2023թ. հունվարի 19-ին հեղինակը այս հոդվածում շոշափվող թեմայի հետ կապված հարցազրույց էր տվել RFE/RL (Ազատություն Ռադիոկայան)-ի ադրբեջաներեն բաժնին, որի հրապարակումը ուշացել էր։ Նախնական համաձայնություն կար, որ մոտ 18-20 րոպեանոց հարցազրույցը եթեր կհեռարձակվի առանց այնպիսի խմբագրման, որը կարող էր փոխել ասվածի իմաստը։ Ծառայությունը, սակայն, լուրերի թողարկման ընթացքում օգտագործել էր հարցազրույցից մի փոքրիկ՝ 2 րոպեանոց հատված եւ անտեսել Նախիջեւանի միջանցքին վերաբերող ավելի առարկայական հատվածը։ ՌԱԿ Բոստոնի պաշտոնաթերթ «Միրոր-Սթեքթեյթրի» կայքում հարցազրույցի ամբողջական հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, այնուամենայնիվ, հրապարակեց հարցազրույցի ամբողջական վերծանումը իր կայքում։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ամենասուր հարցերից մեկը, եթե ոչ ամենասուրը, Ադրբեջանի՝ այսպես կոչված «միջանցքի» պահանջն է, որով իր հարավարեւմտյան շրջանները պետք է կապվեն իր էքսկլավ՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ։ Միջանցքը պետք է անցնի Հայաստանի հարավով՝ Մեղրիի տարածաշրջանով։
Ընդ որում, միջանցքի բնութագրերը ընթացքում բավականին փոխվել են, եւ այժմ Բաքուն կարծես թե պահանջում է այդ տարածքի նկատմամբ ամբողջական կամ գրեթե ամբողջական վերահսկողություն, ինչը Հայաստանի ինքնիշխանության լուրջ խախտում է։
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ 2020թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին Եռակողմ հայտարարության 9-րդ կետը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության սահմանապահ ծառայության մարմինները»:
«Անխոչընդոտ տեղաշարժ» ձեւակերպումը սահմանում է այս տրանսպորտային ուղիների երկու հիմնական բնութագիր․
1․ Տրանսպորտային հաղորդակցության անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, քանի որ տարածքը, որով անցնում են այդ ուղիները, պատկանում է Հայաստանի Հանրապետությանը եւ հայկական ինքնիշխան տարածքի մաս է կազմում։ Այնուամենայնիվ, Ռուսաստանն ունի որոշակի վերահսկողական պատասխանատվություն տրանսպորտային այդ ուղիների նկատմամբ, եւ՝
2․ Տրանսպորտային ուղիներում կգործեն այնպիսի կանոնակարգեր, որոնք կհեշտացնեն եւ կխթանեն մեքենաների տեղաշարժը։
3․ Խոսքը վերաբերում է մեկից ավելի տրանսպորտային ուղիների, մինչդեռ անհամաձայնությունը հիմնականում ներկայացվում է որպես ընդամենը մեկ այդպիսի կապուղու կամ միջանցքի վերաբերյալ վեճ:
Այս առումով առաջին դիտարկումն այն է, որ տրանսպորտային նման ուղիների վերաբերյալ «միջանցք» տերմինի օգտագործումը ոչ միայն տեղին չէ, այլեւ վնասակար է։ Եթե Կրակի Դադարեցման Համաձայնագիրը ստորագրած կողմերը համարեին, որ այդ տրանսպորտային ուղիները «միջանցք» են, ապա համաձայնագրում կօգտագործվեր հենց այդ եզրույթը, ինչպես նույն Հայտարարության մեջ նկարագրված է Հայաստանը Ղարաբաղին կապող ճանապարհը։ Տրանսպորտային կապերը, ինչպես դա ձեւակերպված է Հայտարարության մեջ կամ տրանսպորտային ուղիները, ավելի քիչ վտանգավոր եզրույթ է, եւ հարցի վերաբերյալ քննարկումների ու բանակցությունների տեղ է թողնում։
Բացի այդ, Նախիջեւանի տրանսպորտային ուղիների վերաբերյալ «միջանցք» տերմինն օգտագործելով՝ Բաքուն, հաճախ նաեւ Անկարան, փորձում են արհեստական հավասարության նշան դնել Նախիջեւանի եւ Լեռնային Ղարաբաղի իրավիճակների միջեւ։
Սա բոլորովին արդար չէ։ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը շատ տարբեր կարիքներ ունեն ու գտնվում են բոլորովին տարբեր իրավիճակներում, եւ նրանք նույն սպառնալիքների ու վտանգների առաջ չեն կանգնած։
1․ Նախիջեւանն իր պատմության մեջ երբեւէ չի եղել Հայաստանի կողմից շրջափակված, ինչպես բազում անգամներ Ադրբեջանի կողմից շրջափակվել է Լեռնային Ղարաբաղը։ Ղարաբաղը շրջափակվել է անգամ 1991թ․, առաջին արցախյան պատերազմից առաջ։ Առաջին պատերազմի գոնե սկզբնական շրջանում, երբ Հայաստանը փորձում էր բանակցել Ադրբեջանի հետ՝ դադարեցնելու Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիան, եւ դրա հնարավորությունը դեռեւս կար, Հայաստանն առաջարկում էր բաց պահել Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ճանապարհը։ Բաքուն էր, որ մերժեց այդ առաջարկը։
2․ Հայաստանը երբեք չի սպառնացել ռմբակոծել, առավել եւս չի ռմբակոծել Նախիջեւանի բնակչությանը կամ ենթակառուցվածքները, ինչպես վարվել է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ օգտագործելով օդուժն ու հրետանին եւ թիրախավորելով ղարաբաղյան գյուղերն ու քաղաքները։ Սկզբնական շրջանում սահմանային որոշակի բախումներ էին հրահրվում, սակայն երկու պատերազմների ժամանակահատվածում էլ նախիջեւանյան սահմանը մնաց հանգիստ։
3․ Հայաստանը չի կարող շրջափակել Նախիջեւանը, ինչպես Ադրբեջանն է պարբերաբար վարվում Ղարաբաղի հետ, ինչին ականատես ենք լինում նաեւ հենց այս օրերին։ Նախիջեւանը սահմանակից է Թուրքիային եւ Իրանին, ինչը նրան թույլ կտա հաղորդակցվել Ադրբեջանի երկու հարեւան պետությունների հետ եւ խուսափել հումանիտար ճգնաժամից, եթե Հայաստանը փորձի երբեւէ նման քայլի գնալ։ Այդ սահմանները օգտագործվել են տասնամյակներ շարունակ։ Իրականում երկու պետությունների հետ Նախիջեւանի ունեցած սահմաններն էլ չափազանց ակտիվ են, այնուամենայնիվ անցած տարի Բաքուն Իրանի հետ պայմանագիր ստորագրեց՝ ավելի զարգացնելու Հայաստանը շրջանցող տրանսպորտային ուղիները։ Ղարաբաղը անկլավ է, որն ամբողջովին շրջապատված է ադրբեջանական տարածքներով, Ղարաբաղն աշխարհին կապող միակ ճանապարհը Լաչինի միջանցքն է։
4․ Եվ վերջապես, Նախիջեւանը Ադրբեջանի կազմում ունի Ինքնավար հանրապետության իրավական կարգավիճակ, որն ամրագրված է բազմաթիվ պայմանագրերով՝ ներառյալ 1921թ Կարսի պայմանագիրը։ Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանը հիմա հրաժարվում է ընդունել անգամ սովետական ժամանակաշրջանի կարգավիճակը, որպես ինքնավար մարզ։
Ադրբեջանի ցանկությունը՝ տրանսպորտային նոր ուղիների միջոցով հասնել արագ ուղեւորա եւ բեռնափոխադրումների, հասկանալ կարելի է։ Բայց դրան կարելի է հասնել տարբեր եղանակներով․ Երեւանը, կարծես թե արել է իր առաջարկը, բայց կարող են լինել նաեւ այլ տարբերակներ։ Սակայն Ադրբեջանի կողմից խելամիտ չէ պահանջել ավելին, օրինակ՝ տրանսպորտային ուղիների ամբողջական վերահսկողություն, քանի դեռ հարցը կարելի է կարգավորել առանց պահանջելու այնպիսի բաներ, ինչին Հայաստանը կամ որեւէ այլ ինքիշխան պետություն չի կարողանա իրեն թույլ տալ համաձայնել։ Հատկապես՝ եթե նման պահանջներն հիմնավորված չեն ո՛չ որեւէ անհրաժեշտությամբ, ո՛չ էլ 2020թ․ նոյեմբերի 9-ի Հայտարարության տերմինաբանությամբ։
Նաեւ արժե հաշվի առնել փաստը, որ Լաչինի միջանցքը, որի նմանակը Բաքուն փորձում է կորզել Նախիջեւանի համար, այս պահին Ադրբեջանի իշխանության տակ է, իսկ ռուս խաղաղապահների ներկայությունը տարածքում խնդրահարույց է երկու առումով․ ա) ռուս խաղաղապահները մանդատ չունեն անգամ հեռացնելու ցուցարարներին, որոնք խանգարում են նրանց իրականացնել իրենց պարտականությունը, այն է՝ ապահովել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ազատ տեղաշարժը, եւ բ) Համաձայն նոյեմբերի 9-ի Հայտարարության, Բաքուն կարող է պահանջել ռուս խաղաղապահներին հեռանալ Ադրբեջանի տարածքից՝ առանց առաջարկելու տրանսպորտային ուղիների անվտանգության ապահովման այլընտրանքային երաշխիք, քան այն, ինչը իրենք կարող են տրամադրել։
Անցած տարվա դեկտեմբերից ի վեր Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը Ղարաբաղը Հայաստանին եւ մնացած աշխարհին կապող միակ ճանապարհն է, ինչի պատճառով անկլավում հումանիտար ճգնաժամ է ստեղծվել։ Անհնար է լուրջ ընդունել Բաքվի պնդումները, թե ցուցարարները բնապահպանության առումով զգայուն Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք մտահոգված են Ղարաբաղում հանքարդյունաբերության հարցերով։ Երկրում՝ որի տնտեսությունը ամբողջապես հիմնված է ածխաջրածնային պաշարների արդյունահանման վրա, տարիներ ի վեր նման բողոքի ակցիաներ չեն թույլատրվել։ Ակնհայտ է, որ Ղարաբաղի շրջափակումը Ադրբեջանը փորձում է օգտագործել էթնիկ հայ բնակչությանը ճնշելու, ինչպես նաեւ Հայաստանի հետ Նախիջեւանի համար տրանսպորտային ուղիներ բանակցելու ընթացքում որպես մարտավարական գործոն։ Այս քայլով Բաքուն փաստացի հաստատում է հոդվածի հիմնական միտքը, որ որեւէ համեմատության եզր Հայաստանի եւ Ադրբեջանի վարած քաղաքականությունների միջեւ չկա, եւ չի կարող դրվել որեւէ հավասարության նշան մարտահրավերների միջեւ, որոնք կանգնած են Ղարաբաղի եւ Նախիջեւանի բնակչությունների առաջ։
Երբեմն խնդիրների լուծմանը կարելի է հասնել ձեւակերպումներից բացառելով չափազանց ընդհանուր, վատ ձեւակերպված, չարագույժ բառերն ու արտահայտությունները, որոնք բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք են տալիս եւ խոսույթ են ներդրվում տարբեր անհայտ ուժերի կողմից, ինչպես օրինակ «միջանցք» բառը։ Նախիջեւանի տրանսպորտային ուղու խնդրին մոտենալու տարբերակներից մեկը պարզ հարց տալն է․ ի՞նչ խնդիր է լուծելու այդ տարանցիկ ուղին։ Հարցն ունի երկու պատասխան։
Մեկը Ադրբեջանի քաղաքացիների երթեւեկը երկրի մի հատվածից մյուսը հեշտացնելն ու արագացնելն է։ Երկրորդը, Հայաստանի ճանապարհները միջազգային առեւտրի եւ ուղեւորափոխադրումների համար օգտագործելն է։ Առաջին անգամը չէ, որ երկրների միջեւ նման խնդիրներ են ծագում։ Նպատակներից որեւէ մեկը չի ենթադրում, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր ինքնիշխան տարածքի որեւէ հատվածից։ Համաշխարհային փորձը բազմաթիվ համընդհանուր, փորձված լուծումներ է առաջարկում նման դեպքերի համար, որոնք չեն ենթադրում պետությունների կողմից սեփական ինքնիշխան տարածքների զիջում։
Այլ խնդիրներ էլ կան տարանցիկ ուղի(ներ)ի խնդրի լուծման ճանապարհին։ Առաջինը․ խոսելով Նախիջեւանի միջանցքի մասին, Բաքուն կարող է նկատի ունենալ մեկ կամ մի քանի լրացուցիչ ռազմավարական նպատակներ, բացի այն երկուսից, որոնց մասին բարձրաձայնվում է՝ սեփական քաղաքացիների երթեւեկի հեշտացում եւ արագացում եւ միջազգային զբոսաշրջություն եւ առեւտուր։ Այդ նպատակները կարող են ենթադրվել, սակայն չբարձրաձայնվել։ Բաքուն հրաժարվում է անսալ բանականության ձայնին եւ համաձայնել համաշխարհային փորձով հիմնավորված լուծումներից որեւէ մեկին, այն նաեւ մերժել է պաշտոնական Երեւանի առաջարկած առնվազն մեկ հնարավոր տարբերակ, որը գուցե կլիցքաթափեր իրավիճակը։ Ակնհայտ է, որ Բաքուն փորձում է լուծել մի խնդիր, որը ո՛չ հստակ է, եւ ո՛չ էլ խելամիտ։ Դա որեւէ կերպ համահունչ չէ Բաքվի այն պնդումներին, թե իրենք ցանկանում են ապագայում տարածաշրջանում խաղաղության, բարի-դրացիության եւ համագործակցության մթնոլորտ հաստատել։ Եվ երկրորդը՝ այնքան էլ հստակ չէ, որ Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի Հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները երթուղիների գործարկման հետ կապված, եւ, եթե դա իրոք այդպես է, ցանկության այդպիսի բացակայությունը կարող է լրջորեն վնասել կայունության եւ անվտանգության հասնելու հնարավորությանը, ինչի կարիքը երկիրն այս պահին մեծապես ունի։
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ
ՀՀ առաջին նախագահի նախկին ավագ խորհրդական
«Արմինյըն Միրոր-Սփեքթեյթր»
Անգլ. թարգմանեց՝ ՌՈՒԶԱՆ ԱԶԻԶՅԱՆԸ