Հայկական սփյուռքը ողբերգության հետեւանքում առաջացած մի ուժ է, որն անցնելով իր ուրույն ճանապարհը, դարձել է, գուցե պատահաբար, քաղաքական մի հզոր կառույց, որի հետ հաշվի պետք է նստել։ Սփյուռքահայերը երբեմն մոռանում են, թե ինչ հեղինակություն են ձեռք բերել ներգործելու համար Հայաստանին վերաբերող քաղաքականության վրա։ Բայց վերջինիս թշնամիները` Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունները, գիտակցում են նրա հնարավորությունները եւ ըստ այդմ զինում իրենց` դիմակայելու համար բացասական հետեւանքները։
Վերջերս արտասանած իր ելույթում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակն ու արտաքին քաղաքականության խորհրդատուն` Իբրահիմ Քալինը խոսեց այն մասին, թե որքան անհրաժեշտ էր Հայաստանի եւ Ադրբեջանի համար ստորագրել խաղաղության մի պայմանագիր։ Հայաստանի համար նման պայմանագիրը բազմաթիվ վտանգներ է նախատեսում։ Քալինն իր ելույթում նշեց, որ Հայաստանը դրական ազդանշաններ է ցույց տվել այդ հարցի վերաբերյալ, սակայն հավելեց, որ սփյուռքահայերն էլ պետք է նույն վերաբերմունքը ցուցաբերեն եւ գիտակցեն նման մի պայմանագրի օգուտները ամբողջ տարածաշրջանի համար. ,Մենք փաստացի տեղյակ ենք, որ հայերն ինչ հզոր համայնքներ ունեն Մ. Նահանգներում եւ Ֆրանսիայումե, ասաց նա։
Սա գուցե ակամա մի արտահայտություն էր, որն ընդունում էր, թե որքան ներուժ ունեն այդ համայնքները։ Թուրքական իշխանությունները միշտ էլ բողոքել են Ցեղասպանության ճանաչման պայքարում սփյուռքահայերի ցուցաբերած ակտիվությունից։ Դա ակնհայտորեն խոչընդոտ է հանդիսացել Եվրոմիությանն անդամակցելու Թուրքիայի քաղաքականության ձգտումներին եւ շարունակելու է խոչընդոտ հանդիսանալ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան հետամուտ լինի անդամակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
Ներկայիս Հայաստանն ու Թուրքիան բանակցություններ են վարում վերացնելու համար Հայաստանի շրջափակումը եւ հաստատելու դիվանագիտական հարաբերություններ` ենթադրաբար առանց նախապայմանների։ Սակայն բանակցությունների ընթացքում Թուրքիան նախապայման է առաջ քաշել` պահանջելով Հայաստանից առաջընթաց քայլ կատարել Հայաստան-Ադրբջեան խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Բացի դրանից կան նաեւ այլ՝ չբարձրաձայնված նախապայմաններ, որոնցից մեկը մասնավորապես ակնկալում է, որ Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության ճանաչումը պահանջելուց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ըմբռնելով այդ, արդեն իսկ Անկարային հասկացրել է, որ Ցեղասպանության ճանաչման հարցով զբաղվում է սփյուռքահայությունը։ Նման դիրքորոշում որդեգրելով, Փաշինյանն ու նրա կառավարությունը չեն կարողանալու փրկել իրենց կաշին, քանի որ Թուրքիան ամեն ջանք գործադրում է լռեցնելու համար սփյուռքահայությանը։ Թուրքիան եւ Ադրբեջանը բավականաչափ միջոցներ ունեն լրջորեն պայքարելու սփյուռքահայության աշխուժության դեմ, ինչը ստիպում է սփյուռքահայությանը շարունակել դերակատարություն ունենալ` գիտակցելով իր իշխանության հզորությունը եւ կարողանալով ճիշտ օգտագործել այն։ Գործելու հնարավորություններ եւ առիթներ միշտ էլ եղել են։ Դժբախտաբար, երբեմն սփյուռքահայությունը գործել է իր շահերի դեմ։ Օրինակ` համայնքների որոշ հատվածներ, որոնք քաղաքական համախոհներ ունեն հայրենիքում, այնտեղի տարաձայություններն ու բեւեռացումները տեղափոխել են սփյուռք` բողոքելով հայրենի պաշտոնական անձանց օտար երկրներ այցելությունների դեմ։
Նման գործողությունը հասել է այն աստիճանի, որ քարկոծել են ՀՀ վարչապետի ավտոշարասյունը օտար երկրի մայրաքաղաքում` մինչ ազատ ճանապարհ բացելով Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի ավտոշարասյան համար։ Վերջինիս օտար երկրներ այցելությունները մեծամասամբ եղել են առանց մարտահրավերի։
Անցնելով առաջ նշենք, որ այդուհանդերձ իրադարձությունները, կարծես, Հայաստանի օգտին են շրջվում վերջերս` պահանջելով մեզանից առավել զգոն լինել եւ օգտվել նոր հնարավորություններից։
2020-ի քառասունչորսօրյա պատերազմի ամբողջ ընթացքում միջազգային համայնքի մեծ չափերի հասնող պասսիվությունը կամ անտարբերությունը հետեւանք չէր միայն նախագահ Դոնալդ Թրամփի անփույթ արտաքին քաղաքականության, այլ նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանը լուրջ քարոզչություն էր կատարել` հավատացնելով, որ իր գործողությունները ռազմատենչ բնույթ չէին կրում, այլ պարզապես Հայաստանի կողմից ,բռնազավթվածե պատմական տարածքների վերանվաճումն էին հետապնդում։
Հայաստանի եւ Սփյուռքի համատեղ միջոցները երբեք էլ չեն կարող հավասարվել Ադրբեջանի միջոցներին։ 2018-ին Եվրոխորհրդի խորհրդարանական համաժողովի (PACE) 13 պատգամավորներ արտաքսվեցին կազմակերպությունից Ադրբեջանից նվերներ եւ կաշառք ընդունելու համար։ ,Կազմակերպված հանցագործության եւ կաշառակերության զեկուցագիրըե բացահայտեց, որ 2012-ից 2014 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը 2,9 միլիարդ դոլար էր լվացել Եվրոմիության քաղաքագետներին վճարելու համար։ Բոլորս գիտենք, որ Ալիեւը 3 միլիարդ դոլար ներդրեց Հունգարիայում` համոզելու համար այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանին, որ ազատ արձակի Գուրգեն Մարգարյանին 2004-ին կացնահարող ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, որ Գուրգենի նման նույնպես մասնակցում էր ՆԱՏՕ-ի զորավարժություններին։
Այս բոլորն անշուշտ քաղաքական շրջանակներում բարեհաճ վերաբերմունք ձեռք բերելու Ադրբեջանի սառցալեռ կազմող անօրինական գործողությունների միայն երեւացող գագաթն է։
Լավ լուրն այն է սակայն, որ Հայաստանի դեմ սանձազերծված վերջին շրջանի ագրեսիան եւ տարածքային ներթափանցումը այլեւս միեւնույն հանդուրժողականությամբ չեն դիտարկվում, եւ Ադրբեջանը կորցնելով իր ժողովրդավարության կեղծ դիմագիծը՝ օրեցօր ավելի է պիտակավորվում որպես ,պարիաե (իրավազուրկ թշվառական), որպիսին ինքը իրականում է՛։
Այնպես որ, ժամանակն իրոք եկել է, որ հայ ժողովրդի եռանդուն գործիչները հակահարված տան, հատկապես համակարգելով սփյուռքի մեր քաղաքական ուժերը։ Հնարավորություններ կան եւ մեզ են սպասում։
Առաջին սցենարը Իսպանիայում է իրականացել։ Այնտեղ խորհրդարանի ստորին պալատը չեղարկել է Ադրբեջանի հետ 2021-ին կնքված մի համաձայնագիր, ըստ որի երկու երկրները պարտավորվում էին խիստ գաղտնի տեղեկատվություն փոխանակել միմյանց միջեւ։ Ստորին պալատը 174 ձայնով (կողմ 132) դեմ քվեարկեց այդ համաձայնությանը` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։ Խորհրդարանի պատգամավորներից Յոն Ինյարիտուն ,անհեթեթությունե որակելով օրակարգային հարցը նշել է, որ ի՛նչ համաձայնության մասին կարելի է խոսել, երբ ագրեսոր Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք եւ օկուպացրել տասնյակ կիլոմետրեր։ Մարթա Ռոզիկ անունով մեկ այլ պատգամավոր Իսպանիայի կառավարությանն է մեղադրել Հայաստանում եւ Ղարաբաղում Ադրբեջանի գործած վայրագությունները անարձագանք թողնելու համար եւ վերջում հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ մինչ օրս Իսպանիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Իր հերթին Ֆրանսիայի սենատն առավել խիստ ու հաստատակամ դիրքորոշում է որդեգրել քննարկման ներկայացնելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մի նախագիծ, որը նաեւ պահանջում է Բաքվից անհապաղ դուրս բերել իր զորքերը Հայաստանից եւ ի կատար ածել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրի բոլոր դրույթները, որպեսզի հնարավոր լինի ,տեւական խաղաղությունե հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։
Ցեղասպանության ճանաչման հարցում ամենահամառ պետությունը մինչ օրս Միացյալ Թագավորությունն է եղել, որտեղ բարոնուհի Քերոլին Կոքսը Լորդերի պալատում պարբերաբար ելույթներ է ունեցել ի նպաստ Ղարաբաղի, երբեմն շոշափելով նաեւ Ցեղասպանության հարցը։ Սակայն վերջերս լորդ Դեյվիդ Ալթոնը ներկայացրել է ,Ցեղասպանության սահմանումը որոշելու նախագիծըե, որը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո փոխանցվել է համապատասխան հանձնախմբին` հետագա քննարկումների համար։ Նախագծի ընթերցման առիթով Լորդերի պալատի ծագումով հայ միակ պատգամավորը, առողջապահության նախկին նախարար Արա Դարզին, հուզիչ խոսքերով հանդես է եկել ի նպաստ նախագծի։
Վերեւում նշվածներն ու նմանատիպ այլ գործողությունները, որոնք տեղի են ունենում եվրոպական եւ ընդհանրապես գլոբալ քաղաքական շրջանակներում, արժանի են մեր անվերապահ ուշադրությանն ու պաշտպանությանը։ Փոխանակ քննադատելու հայրենի կառավարության պաշտոնյաների օտար երկրներ այցելությունները, սփյուռքահայերը պարտավոր են համախմբվել այդ զարգացումների շուրջը։
Իսպանիայում հայերի ներկայությունը ընդհանրապես սակավաթիվ է եղել եւ միայն վերջերս է, որ մոտ 30 հազար հայաստանցիներ հաստատվել են այնտեղ։ Եթե համայնքի ղեկավարներին հաջողվի քաղաքականացնել այդ հայերին, ապա նրանք կկարողանան իրենց երախտագիտությունը հայտնել Իսպանիայի կառավարությանը եւ հավաքներ կազմակերպել ի պաշտպանություն այն օրենսդիրների, որոնք Հայաստանի օգտին քվեարկողների առաջամարտիկներն են եղել։
Ֆրանսահայ համայնքը քաղաքականապես շատ ակտիվ է։ Նրա անդամները վստահաբար իրենց ձայնը լսելի կդարձնեն կառավարության բարձրագույն ատյաններում։ Մարտահրավերն այժմ համասփյուռքյան մի շարժում կազմակերպելն է, որպեսզի դեպի տարբեր երկրների իսպանական եւ ֆրանսիական դեսպանատները երթեր անցկացնելով կարողանանք մեր գոհունակությունն ու երախտագիտությունը արտահայտել։
Մինչ այդ մենք պետք է աչալուրջ լինենք եւ բացահայտենք նորանոր հնարավորություններ, դաստիարակենք մեր համայնքները եւ ուղղորդենք նրանց քաղաքականապես։
Հայերս ընդհանրապես սովոր ենք ֆինանսական օժանդակություն ցուցաբերել հայրենիքին մեր խիղճը հանգստացնելու համար։ Սակայն վտսահորեն կարելի է ասել, որ քաղաքական ակտիվությամբ մենք շատ ավելի լավ արդյունքների կհասնենք։ Համահարթեցման ներկա պայմաններում զանգվածներին նպատակաուղղորդելը հեշտացել է, բայց մենք պետք է նախ գտնենք քաղաքական ղեկավարության այն կորիզը, որը կկարողանա առաջնորդել շարժումը եւ ուղերձներ հղել աշխարհի բարձրագույն ատյաններին։
Հակառակ իր սահմանափակ ակտիվությանը, սփյուռքը այնուամենայնիվ կարողացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունը գրավել։ Դա էլ արդարացնում է հետագա առավել համախմբված գործողությունների իրականացումը` ի պաշտպանություն անցյալի եւ ներկայի հայկական բոլոր հարցերի։
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)