Դեռ երկու շաբաթ առաջ էի ուզում գրել Աղազարյան Հովիկի մասին՝ Ազգային ժողովի պատգամավոր եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ՝ ցնոր տնօրինություն: Նույնիսկ խնդրել էի մեր երգիծանկարիչ Toto-ին «զարդարել» հոդվածս: Toto-ն մերժել էր՝ «երգիծանկարը ո՞նց երգիծանկարեմ» համոզիչ առարկությամբ: Այդուամենայնիվ որոշեցի գրել:
Ասեմ, որ ի տարբերություն «ՔՊ» շատ պատգամավորների Հովիկը մեծամիտ չէ, ո՛չ էլ թաքնամիտ եւ ամենեւին էլ ո՛չ բթամիտ: Անմիջական է, խոսք-զրույցը սիրող, երբեմն կռվարար, սակայն գրեթե միշտ անկեղծ: Գրեթե: Նա բացեիբաց ասաց, որ վարկեր ունի մարելու, ուստի պատգամավորի մանդատ-աշխատավարձը իրեն պետք է: Ընդունենք, խորհրդարանում աթոռ զբաղեցնելու համար դա շա՜տ լուրջ դրդապատճառ է: Մինչդեռ շատ խորհրդարանականների թվում է, թե իրենց բարձր արժանիքների համար են իրենք այնտեղ, Ազգային ժողովում, որի համար էլ մենք պետք է միշտ երախտապարտ լինենք ու… վճարենք:
Ինձ համար ամենագրավիչը Հովիկի բացվածությունն է մամուլի առաջ: Նա երբեք չի խորշում լրագրողների հետ զրուցելուց: Ընդհակառակն, ինքն է առիթ ստեղծում ձայնագրիչների, տեսախցիկների առջեւ խոսելու, երբեմն տափակ, երբեմն հիմարավուն, բայց միշտ աշխույժ, անգամ զվարճացնող: Նա միշտ պաշտպանել է գործող իշխանությանը, հատկապես վարչապետ կոչեցյալին: Պատճառը, իմ կարծիքով, նրա տիրասիրությունն է, որը գալիս է նրա երախտամոռ չլինելուց, ի տարբերություն շա՜տ «ՔՊ»-ականների, որոնք, ինչպես Քրիստոսն է ասել իր աշակերտներից Պետրոսին, իրեն երեք անգամ են ուրանալու աքաղաղը դեռ չկանչած:
Քրիստոսի անունը տվեցի ու հիշեցի: Հովիկը, դարձյալ իմ տպավորությամբ, բոլորովին անկեղծ էր, երբ հմայված խոսում էր իր դարձի եկած լինելու մասին: Այդ պահին նա նման էր Հայտնության օրը, երբ Քրիստոսը հարություն առնելուց հետո առաջին ու վերջին անգամ անակնկալորեն հայտնվեց իր մոլորված ու շփոթահար աշակերտներին: Երանի թե Հովիկը հենց այդտեղ էլ փորձ արած լիներ շոշափելու, Թովմաս առաքյալի նման, Քրիստոսի վերքը: Եթե շոշափած լիներ՝ թերեւս այն ժամանակ հասկացած լիներ եւ իսկապես դարձի գար ու հասկանար, որ իր պաշտածը ոչ թե Փրկիչն է, այլ՝ Մատնիչը…
Այստեղից՝ Աղազարյան Հովիկի մյուս հատկանիշը՝ նա իրավատեր է, այսինքն՝ իր իրավունքների տերը: Եվ այս մարզում նա, առայժմ, չունի իր նմանը «ՔՊ»ականների շարքում: Մեկ անգամ նա խոստովանել էր, շատ անկեղծ, որ փողոցում կամ այլուր ի՛նքն է կրում ժողովրդի թուքն ու մուրը, եւ, հետեւաբար, իր տառապանքի համար արժանի է գնահատանքի:
Սին ակնկալություններ: Նա գրավվել-ընդունվել է արկածախնդիր փառամոլների խմբակ, որի անդամները բոլորն էլ ենթակա են հիվանդ մի անհատի, որի համար բոլորն էլ ենթականեր են, բոլորն էլ զրկված են ինքնուրույն մտածելու իրավունքից, առավել եւս՝ գործելուց:
Վարչապետական աթոռը զբաղեցնողի հաշվարկներում բոլորն են իրենը, ի՛ր հպատակները, եւ իր կամքին չենթարկվողները, անկախ օրենք-մօրենքից, ենթակա են պատիժի, համբույրով լինի թե SMS-ով:
Եվ Հովիկ Աղազարյանը, որքան ես եմ հասկանում, ընդվզել է մանդատից հրաժարվելու վարչապետի հրահանգի, թո՛ղ լինի՝ խնդրանքի, առավել եւս՝ խորհրդարանի նախագահի ծաղրանքի դեմ: Նա պայքարում-դիմադրում է ու կդիմադրի այնքան, որքան կարողանա: Նա պաշտպանված չէ ոչ միայն յուրայինների, այլեւ՝ մնացածների կողմից, որոնց հետաքրքրում է ոչ թե մարդը, այլ՝ դեպքը, նախադեպը, հետեւանքները: Իսկ հետեւանքը կրելու է ինքը՝ վարկը փակել-չփակելու, գուցե նաեւ որդին՝ ավտո-ոչխարային գործերով:
Կարեւորը չշլանալն է մի քանի օրում մամուլի գլխավոր հերոս դառնալու փաստից: Կարեւորը հեռուն գտնվող եւ հեռավորության վրա հեռախոսով կամ այլ կերպ իր հետ կապից զրկված խորհրդատու ընկերոջ ժամանումը հետաձգելն է, ժամանակ շահելը: Չմոռանալը նաեւ ժողովրդային իմաստությունը՝ կատվի խաղը մկան մահն է, եւ միայն մուլտֆիլմերում է մուկը հաղթում կատվին…
Մինչդեռ սա մուլտֆիլմ չէ, այլ՝ դաժան իրականություն, նիկոլական իրականություն:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ