Դեկլարացիան ստորագրելու դեպքում ՀՀ վարչապետն օրինականացնելու էր Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության ոտնահարումը

93

Իսկ ՀԱՊԿ օգնության նախագծի ստորագրումը հանգեցնելու էր Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտումի օրիկանացման

Նոյեմբերի 23-ին Երեւանում բացվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը։ Քանի որ պաշտոնական Երեւանը ռազմական օգնության համար նախապես դիմել էր ՀԱՊԿ-ին, ուստի նիստի օրակարգում առաջնահերթ նշանակությամբ պետք է դրվեր օգնության հարցը, սակայն ռազմական այդ դաշինքն օգնության փոխարեն, ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը, իրավիճակը գնահատելու նպատակով առաքելություն է ուղարկում Հայաստան։ Առաքելության նպատակն էլ հավանաբար հայ ժողովրդին հերթական անգամ մոլորեցելն էր եւ հայաստանյան իշխանություններից նոր զիջումներ կորզելը հօգուտ Ադրբեջանի։

Ինչո՞ւ։ Մինչ հարցին պատասխանելն ասենք, որ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի երեւանյան նստաշրջանը տեղեկատվության բացակայության պատճառով պատշաճ մակարդակով չի լուսաբանվել Հայաստանում։ Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 22-ին Իլհամ Ալիեւի հետ ունեցած հեռախոսազրույցին, ապա մեր լրատվամիջոցներում նշվեց, որ նա վերջինի հետ քննարկել է տրասպորտային կապերի վերականգման հարցեր։ Մինչդեռ ռուսական լրատվամիջոցների վկայությամբ, Պուտինն Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է հոկտեմբերի 31-ին «Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ու ադրբեջանա-հայկական սահմանի անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր»։

Ըստ ամենայնի Պուտին-Ալիեւ քննարկումները եղել են չափազանց արդյունավետ, որ հայկական կողմի օգնության դիմումը քննարկելու կոչված Երեւանում գումարվող ՀԱՊԿ գագաթաժողովի բացման օրը ադրբեջանցի հրոսակները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացում հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հիշեցման կարգով նշենք, որ այդ հրոսակները դեռեւս սեպտեմբերի 13-ից սկսել էին խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ։ Թեեւ սեպտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ էր սահմանվել, բայց ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է դա, որպեսզի ՌԴ ԱԳՆ ներկայցուցիչ Մարիա Զախարովան մի առիթով հայտարարի. «Եթե չեք ուզում կրակեն ձեր զինվորների վրա, դուք էլ հաշտության պայմանագիր ստորագրեք Ադրբեջանի հետ»։

Ի դեպ՝ սեպտեմբերի 13-ի այդ ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունեցել է 201 զոհ՝ 197 զինծառայող եւ 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող։ Զախարովայի այդ՝ հավանաբար ոչ պաշտոնական հայտարարությունը պետք է համարել նաեւ խրախուսման  յուրատեսակ խոստվանություն։ Սակայն անկախ նրա խոստվանությունից, հանրահայտ է, որ Ալիեւի կամ Էրդողանի հետ Պուտինի յուրաքանչյուր հեռախոսազրույցից, առավել եւս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու գործուղումից հետո, Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի է դիմել, որովհետեւ ադրբեջանցի մարդասպան հրոսակը Հայաստանի իշխանություններին կաթվածահար վիճակում պահելու, իսկ հայ ժողովրդին ահաբեկելու միջոց է դարձել Պուտինի ձեռքին, որ իրականացնի իր այսպես կոչված աշխարհաքաղաքական ծրագրերը։

Թուրքական ժխտողականության առաջամարտիկ Դողու Փերինչեքը օգոստոսի 19-ին ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող “Halk TV”-ի էկրանից հայտարարեց, որ Թուրքիան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ համագործակցությամբ ամերիկյան իմպերիալիզմին դուրս վտարեց Հարավային Կովկասից։ Այդ վտարման հարատեւությունն ապահովելու հրամայականը ենթադրում է Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի ստորագրման պարտադրումը Հայաստանին, ինչպես նաեւ «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Բացման դեպքում դա կհամադրվի Մեղրիի միջանցքով, որ Սյունիքը նույնպես դառնա ռուսական զորանոց՝ ինչպես Արցախի հայկական հատվածը, ավելին՝ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան վերջնականապես դուրս մղվեն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացից եւ նրանց առջեւ իսպառ փակվի Հարավային Կովկասում իրենց քաղաքական ներկայությունը  վերականգնելու հնարավորությունը։

Պուտինյան այս նկրտումները միանգամայն բացառում են ՀԱՊԿ-ի օգնությունը Հայաստանին, որի ինքնիշխանությունն ու անկախությունն ոտնահարել է մեր ռազմավարական այսպես կոչված դաշնակից Ռուսաստանը, իսկ տարածքային ամբողջականությունը՝ ոխերիմ թշնամին Ադրբեջանը, էլ չենք խոսում արդեն գոյություն չունեցող Արցախի Հանրապետության մասին։ Հարկ է նշել, որ Հայաստանը նախքան ՀԱՊԿ-ին անդամակցելը, դեռ 1997-ին, «Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության» պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ։ Եթե ՀԱՊԿ-ը, իբր ըստ կանոնադրության, չի կարող միջամտել հայ-ադրբեջանական կռիվներին, ապա այս պայմանագիրը Հայաստանին օգնելու հարցում պարզապես պարտավորեցնում է Ռուսաստանին, իսկ ՌԴ նախագահը շարունակում է սերտորեն համագործակցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Հետեւաբար Հայաստանին օգնելու նշանաբանով բացված գագաթաժողովը ի վերջո հանգեց Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի ստորագրումը Հայաստանին պարտադրելու եզրակացության։

Այդ առումով հատկանշական է Lragir.am-ի «Պեսկովը մատնեց «Հայաստանին ՀԱՊԿ օգնության» իրական նպատակը» վերնագրով հոդվածը, որտեղ Կրեմլի խոսնակը ասում է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները բանակցություններում քննարկել են Հայաստանում խաղաղապահ առաքելության երկարաձգման հարցը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ճակատագիրը, Ռուսաստանը շարունակում է կարեւոր դերակատարում ունենալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում եւ կշարունակի օգնել։ Ակամա հարց է ծագում՝ ինչո՞ւ համար։ Որպեսզի ի վիճակի լինի ՀԱՊԿ-ը գործադրել Հայաստանի դեմ՝ հանուն Բաքվի շահերի։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավելել է Պեսկովին. «Հայ-ադրբեջանական հակամարտությունը կավարտվի եւ կկնքվի խաղաղության պայմանագիր, եթե գործենք այնպես, ինչպես այսօր քննարկել ենք»։ Այսինքն գագաթաժողովի քննարկման գլխավոր թեման եղել Հայաստան-Ադրբեջան պայմանագիրը։

Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթաժողովում հրաժարվել է ստորագրել ՀԱՊկ դեկլարացիան, դրա հետ նաեւ Հայաստանին օգնության նախագիծը, մատնանշելով. «Հայաստանն առաջարկում է  ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական եւ դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ եւ անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։ Գտնում եմ, որ Հայաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ ներկայացված հայտարարությունը բավարար մշակված չէ, եւ ես պատրաստ չեմ դա այս տեսքով հիմա ստորագրել»։

Ակնհայտ է, որ դեկլարացիան ստորագրելու դեպքում ՀՀ վարչապետն ակամա օրինականացնելու էր Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության ոտնահարումը Ռուսաստանի կողմից։ Հայաստանին օգնության նախագիծն էլ օրինականացնում է Ադրբեջանի կողմից մեր հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը։ Հետեւաբար Փաշինյանն այս քայլով գագաթաժողովի մասնակիցներին տհաճ անակնկալ մատուցելուց զատ, խախտել է նաեւ ընդդեմ Հայաստանի բացի Ադրբեջանից նաեւ Թուրքիայի հետ համագործակցող, հակահայաստանյան նկրտումներում ինչպես Իլհամին, այնպես էլ Էրդողանին հավասարապես խրախուսող ՌԴ նախագահ Պուտինի հաշվարկները։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ