Հեռացող ամռան նախավերջին երեկոյան կյանքի 92-րդ տարում մահացած Միխայիլ Գորբաչովի՝ Խորհրդային Միության վերջին ղեկավարի, նրա գործի մասին անցած օրերին աշխարհում ամենուր արձագանքներ, հետահայաց գնահատականներ հնչեցին: Հիմնականում՝ երեւի դրական ու կարեւորող` «դրսում», հաճախ նաեւ քննադատող ու դատապարտող՝ Ռուսաստանում եւ նախկին ԽՍՀՄ տարածքի այլ երկրներում:
Խորհրդային երկրում նրա հռչակած վերակառուցման, հրապարակայնության եւ որոշակի ազատությունների քաղաքականությունից ավելի, որոնք նաեւ իրենց քննադատելի կողմերն ունեին, կարեւորվում է նախկին «գենսեկի» դերը միջազգային ասպարեզում: Ըստ տարբեր գնահատումների, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարը եւ երբեմնի հզոր տերության առաջին ու վերջին նախագահը, լինելով մեծ քաղաքական գործիչ, անգնահատելի ավանդ է ներդրել 20-րդ դարի պատմության մեջ, վերջ է դրել «սառը պատերազմին» եւ աշխարհն ազատել է միջուկային պատերազմի սպառնալիքից:
Անուրանալի է նրա մատուցած ծառայությունը, մասնավորապես, գերմանացի ազգին՝ Բեռլինի պատի փլուզման ու երկու Գերմանիաների վերամիավորման առումով: Դա այս երկրում չեն մոռացել եւ իրենց Բունդեսթագում նրա հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ ու երկրի դրոշի խոնարհումով: Երկրի կանցլեր Օլաֆ Շոլցը, նրան համարելով «խիզախ բարեփոխիչ եւ հեռատես քաղաքական գործիչ», նշել է, թե գերմանացիները շատ բանով պարտական են Գորբաչովին:
Այս բաների, համաշխարհային ասպարեզում ունեցած դերակատարության համար ԽՍՀՄ ղեկավարին 1990 թվականին շնորհվել է Խաղաղության նոբելյան մրցանակ:
Իսկ ահա, օրինակ, Չինաստանի որոշ վերլուծաբաններ, այս երկրում հրատարակվող Global Times թերթի վկայությամբ, նշում են, թե նա որպես քաղաքական գործիչ լուրջ սխալներ է թույլ տվել միջազգային իրավիճակի գնահատման հարցում եւ քաոս է ստեղծել ԽՍՀՄ-ի տնտեսությունում, ինչից Չինաստանը ժամանակին դասեր է քաղել՝ ընթանալով սոցիալիզմի սեփական ուղիով:
«Մեռածների մասին՝ լավը կամ ոչինչ» («De mortuis aut bene, aut nihil»). լատինական այս հայտնի ասացվածքը նման տրամաչափի գործչի հարցում դժվար թե կարելի է կիրառելի համարել: Այսպես է մտածում նաեւ Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գեննադի Զյուգանովը, որի գնահատմամբ «Գորբաչովը Ռուսաստանի հազարամյա պատմության մեջ այն կառավարիչն էր, որը ոչ միայն մեր երկրի բոլոր ժողովուրդներին, այլ նաեւ դաշնակիցներին ու բարեկամներին բերեց բացարձակ աղետ եւ վիշտ ու դժբախտություն»: Այս խոսքերը որքա՜ն հասկանալի են մանավանդ հայերիս համար:
Գորբաչովի հայտարարած ազատությունները հույս տվեցին եւ խթանեցին Արցախյան ազատագրական շարժումը, եւ եթե անգամ հարց համարենք՝ նա որքանով կարող էր թե չէր կարող արդարացի լուծել իրեն շատ լավ հայտնի խնդիրը, էլի չենք կարող մոռանալ, որ նրա օրոք ու իր կառավարության թողտվությամբ խորհրդային երկրում տեղի ունեցան հայ բնակչության հանդեպ Սումգայիթի, Գանձակի, Բաքվի ու այլ վայրերի արյունոտ ողբերգությունները, դրանց կազմակերպիչներին ու մասնակիցներին պատժելու փոխարեն սովետական զորքի ուղղակի անողոք մասնակցությամբ զենքի ու տանկերի օգնությամբ, բռնի հայաթափվեցին նաեւ հայկական Շահումյանի շրջանի, հյուսիսային Արցախի քաջաբար պաշտպանվող բնակավայրերը …
Այն ժամանակ էլ աշխարհն ըստ էության անտարբեր եղավ ու խաղաղության միջազգային մրցանակ շնորհեց այն երկրի ղեկավարին, որտեղ դեռ թարմ էր այդքան թափված անմեղ արյունը:
Ինչ ծառայություններ էլ որ Միխայիլ Գորբաչովը մատուցած լինի աշխարհին, այդքան հայի անմեղ արյուն կա նրա խղճին: Կա՞ արդյոք «այն աշխարհ» ու այնտեղ նա դրա համար պատասխան տալո՞ւ է թե ոչ՝ հայտնի չէ: Բայց հայտնի է, որ այս աշխարհից նա հեռացավ ծանր ու երկարատեւ հիվանդությունից հետո…
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Գյումրի