Գյումրու «Մուշ 2-2» հետերկրաշարժյան ծայրամասային թաղամասում ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով վեցհարկանի երկու բնակելի շենքերի կառուցումը: Այժմ հարակից տարածքի բարեկարգմանը զուգընթաց շինարարը ձեռնամուխ է եղել դրանց հարեւանությամբ, նույն ծրագրով 9-հարկանի երկու նոր բնակելիների կառուցման հիմնային աշխատանքներին:
Սա 88-ի աղետից հետո երեւի առաջին դեպքն է, երբ ակտիվ երկրաշարժավտանգ այս տարածքում արդեն բարձրահարկեր են կառուցվում: Եթե հաշվի առնենք այդ երկրաշարժի դառը փորձն իսկ, նման որոշումն այստեղ դժվար թե կարելի է խրախուսելի համարել, սակայն կառուցապատողը հավաստիացնում է, որ դրանք սեյսմիկ պայմաններին համապատասխանող ամուր շենքեր կլինեն:
Արդեն կառուցված 36 բնակարանները երկրաշարժից դեռ անօթեւան տնակաբնակ ընտանիքներին հանձնվելու են որոշ կահավորումով: Բնակարաններ կհատկացվեն նաեւ 44-օրյա պատմերազմի ժամանակ վիրավորված զինվորների ընտանիքներին: Կառուցվելիք մյուս երկու բազմահարկերը միասին կունենան 72 բնակարան: Սրանք պետք է հանձնվեն 2024 թվականին:
Իսկ Գյումրու կենտրոնի նախկին տեքստիլ կոմբինատի՝ Գարեգին Նժդեհի փողոցին հարող տարածքում օրերս տեղի ունեցավ արդեն «պրեմիում դասի» կամ էլիտար կոչվող նոր բնակելի համալիրի հիմնարկեքի արարողություն: Մասնակցում էին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, համայնքային իշխանության այլ ներկայացուցիչներ: «Պրոմ գրուպ» ընկերության կողմից կառուցվելիք 8 մասնաշենքից բաղկացած, նույնպես 2024 թվականին շահագործման հանձնվելիք «Պարկ Գյումրին», պատասխանատուների հավաստմամբ, նորաոճ եւ հարմարավետ բազմագործառույթ բնակելի համալիր է, որը ներդաշնակելու է քաղաքի յուրատիպ ճարտարապետական ամբողջականությանը: 2-4 սենյականոց բնակարանները կվաճառվեն ինչպես կանխիկ, այնպես էլ հիփոթեքային վարկավորմամբ: Համալիրն ունենալու է կանաչապատ այգի, խաղահրապարակ, շատրվան եւ այլ հետաքրքրություններ, շենքերում օգտագործվելու են եվրոպական ստանդարտներին համապատասխան վերելակներ: Նախատեսվում է նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղի:
Գյումրիում այս կարգի բնակելի համալիրի կառուցումը բնավ չի նշանակում, թե քաղաքի ընդհանուր տխուր սոցիալ-տնտեսական պատկերը փոխվել է: Բայց այստեղ էլ է առաջացել ժամանակի ընձեռած հնարավորություններով հարստացածների գնողունակ մի շերտ, հավանաբար կլինեն նաեւ սրանով մուտք գործող հիփոթեքային շուկայից օգտվել ցանկացողներ:
Միգուցե սա անուղղակիորեն նաեւ մայրաքաղաքի գերհագեցած բնակարանային շուկայի բեռնաթափմա՞ն մի քայլ է:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Գյումրի