Արվեստաբան, գծանկարիչ, «Ազգ»ի մեր հին գործընկեր Լեւոն Լաճիկյանի գծանկար բացիկաշարերը, որոնք արվեստով ներկայացնում են մեր քաղաքների շենքերի, փողոցների ու հրապարակների, հայկական եկեղեցիների ճարտարապետական ու մյուս գեղեցկությունները, հետաքրքրություն են առաջացրել հանրապետությունում եւ Սփյուռքում: Արդեն երկրորդ տարին դրանց ավելանում է սեղանի գեղազարդ օրացույցը՝ Գյումրի քաղաքի պատկերներով:
Տեղիս «Օյունջյան» կրթահամալիրի «Վարդուհի» արվեստի դպրոցում Լաճիկյանի 2024 թվականի «Գյումրի, իմ սեր» եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն օրացույցի շնորհանդեսն ընդամենը դրանով սահմանափակվող միջոցառում չէր: Այս դպրոցը, ի թիվս ոլորտի այլ նման հաստատությունների, մի ուրույն օջախ է, որտեղ կերտվում է մեր ապագան՝ մշակույթով: Շնորհանդեսի հյուրերը հենց սկզբից հայտնվեցին մշակույթի, արվեստի համակող մթնոլորտում՝ ականատես լինելով դպրոցի բալետի բաժնի սանուհիների (նրանց թվում՝ արդեն նաեւ արցախցի երկու աղջնակների) պարապմունքին ու երկու գեղեցիկ կատարումներին, դիտելով կերպարվեստի բաժնի ցուցադրված գեղանկարները, ունկնդրելով մի քանի կատարումները երաժշտության բաժնի սաների, որոնց շարքում արդեն կային միջազգային մրցույթների դափնեկիրներ եւ անգամ բազմակի դափնեկիր:
2024 թվականի այս օրացույցը պարունակում է 12 գծանկար Լաճիկյանի գյումրիապատումից, ասույթներ «արվեստների մայրաքաղաքի» մասին, նաեւ տեղեկություններ քաղաքի հյուրանոցային, սրճարանային, գրքավաճառ, սպասարկման եւ այլ տարբեր հաստատությունների վերաբերյալ:
Մայրաքաղաքում եւ Գյումրիում առաջարկվող նրբարվեստ այս օրացույցը նաեւ ամանորյա լավ նվեր կարող է լինել միմյանց ու երկիր ժամանող հյուրերին:
Գ. Մ.