Նույն մսից ու արյունից
Երբեմն մտածում եմ, թե որքան տարբեր է կյանքը մարդկանց համար: Թվում է, թե բոլորս էլ նույն մսից ու արյունից ենք, բայց ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, որ մեր այժմեկան կյանքը պարզ մի պատահականություն է` կախված նրանից, թե որտեղ եւ երբ ենք լույս աշխարհ գալիս:
Աշխարհի մյուս ծայրում ապրում է երեւի ինձ նման մի աղջիկ` նույն գիտելիքներով, պատրաստակամությամբ եւ երազանքներով: Տարբերությունը միայն այն է, որ նա պարզապես չի ունեցել նույն հաջողությունը, ինչ ես: Հնարավոր է ,նա ապրում է մի հասարակությունում,որտեղ կանայք անգամ ձայնի եւ ընտրության իրավունք չունեն: Կամ միգուցե, պատերազմն է պատճառ դարձել, որ նա ժամանակ չի գտնում մտածելու եւ գործելու սեփական անձի համար, այլ միայն գոյատեւելու:
Զարմանում եմ ,թե ոնց ենք աշխարհն այս վիճակին հասցրել: Մարդիկ բաժանված են իրարից մի հորինված, գոյություն չունեցող սահմաններով: Բաժանված են ուրիշների պարզ ու անփոփոխ որոշումով, թեեւ սա նրանց տունն է հավասարապես:
Երբ հարազատներիս ասում եմ ,որ ինձ գտնելու համար օտար երկիր եմ ուզում մեկնել, քննադատում են: Երբ ձգտում եմ ուղղակի ճամփորդել, ինձ օտարամոլ են անվանում: Երբ ուզում եմ անգամ թշնամու երկիրը տեսնել, դավաճան են անվանում: Սակայն կա մի պարզ ճշմարտություն, ես ուր էլ, որ լինեմ այս Երկիր մոլորակի վրա, ես տանն եմ:
Ինչպիսի հաջողություն…
Նույն մսից ու արյունից ենք կարծես, բայց չենք արժեւորում դիմացինի կյանքը, միայն մերը: Ցածր ենք դասում ախր նույն միսն ու արյունը եւ նույնքան վեր հանում ինքներս մեզ: Տարանջատում ենք մեզ մաշկի գույնով, լեզվով եւ բնակության վայրով: Լավ կլիներ, եթե միայն տարանջատեինք: Մենք ախր դատում ենք այս պարզագույն տարանջատումներով:
Ինչպիսի կատակերգություն…
Հաջողակ է իրեն համարում սպիտակը` իրեն վեր դասելով սեւից:
Բայց միթե ցամաքը նրա համար էր, որ նրա շուրջը սահմաններ գծվեին: Միթե մարդիկ այսքան տարբեր էին, որպեսզի պիտակավորվեին: Միթե մեր այս լույս աշխարհ գալը լոկ պատահականություն էր, թե միգուցե՝ հաջողություն…
Չգիտեմ…
Սակայն գիտեմ ,որ ապրում ենք միայն ու միայն հենվելով պատահականություն կոչված այդ հաջողության հույսին: Չէ՞ որ ծնվում ենք ի սկզբանե անհավասար պայմաններում: Ապրում ենք նույնպես անհավասար պայմաններում, վայրում, ժամանակաշրջանում: Միայն մեռնելուց ենք հավասար մեռնում` արժանանալով նույն վերջաբանին:
Այսպիսով, կարող ենք ասել, որ պատահականություն է մեր կյանքն այս աշխարհում: Ծրագրված բարձր եւ խորդուբորդ, որի ամեն աստիճանին տարբեր մարդիկ են կանգնած, միշտ մեկը մյուսից վերեւ, որ սակայն տանում է միայն մեկ հասցեով…
ԱՆԱՀԻՏ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Ուսանողուհի