Վերջին ամիսների ընթացքում գյուղատնտեսական պարարտանյութերի գինը հայկական շուկայում թանկացել է 60-70%-ով: Նախկին 6000-6,500 դրամի փոխարեն շուկայում այն վաճառվում է 18 000-20 000 դրամով: Գարունը արդեն մոտենում է, գյուղացիներն էլ անհանգստացած են. կտրուկ թանկացել է ազոտական պարտարտանյութը, իսկ նման թանկացումները դժվարացնելու են գյուղատնտեսական աշխատանքները, սա նաեւ կարող է հանգեցնել գյուղմթերքի թանկացման ու չմշակվող հողերի ավելացման:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021 թվականի վերջին ամիսներից ներքին շուկայում պարարտանյութի գների բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների զգալի բարձրացմամբ, իսկ համաշխարհային շուկայում՝ բնական գազի գնի բարձրացմամբ, ինչպես նաեւ պարարտանյութի պակասուրդով:
Գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը ինձ հետ զրույցում նշեց, որ գնաճը համաշխարհային մակարդակով է, սակայն ՀՀ կառավարությունը պետք հրատապ քայլեր ձեռնարկի շուկայում գները կարգավորելու համար.
«Նշեմ, որ ամբողջ աշխարհով կա պարենամթերքների գների թանկացում, դրա հետ մեկտեղ մեր հանրապետությունում եւս նկատվում է հատկապես տեղական արտադրության պարենամթերքի գնաճ: Օրինակ, կարտոֆիլի այս տարվա աննախադեպ բարձր գինը. պայմանավորված է անցած տարվա անբարենպաստ բնակլիմայական պայմաններով. երկրում չափազանց քիչ բերք ստացվեց:
Գնաճը անկասկած կազդի գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի վրա, կկրճատվեն պարարտանյութերի քանակը, որովհետեւ նման բարձր գներով՝ գյուղացին, ենթադրենք, պետք է 10 պարկ պարարտանյութ ձեռք բերեր, այժմ կկարողանա ձեռք բերել դրա կեսը կամ ընդհանրապես հրաժարվել ազոտական պարարտանյութի օգտագործումից, որը, անկասկած, բերելու է բերքատվության անկման, հետեւաբար՝ ավելի բարձր գների:
«Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ խիստ անհրաժեշտ է, որ կառավարությունը հրատապ քայլեր ձեռնարկի, կարելի է ասել՝ ուշացած քայլեր, քանի որ այս մասին կառավարությունը պետք է մտածեր դեռեւս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ինչպես պարարտանյութի, այնպես էլ դիզվառելիքի շուկայական գները կարգավորելու համար: Իհարկե, դա միայն մեզանով չի պայմանավորված. մեր հիմնական գործընկեր արտադրողները՝ Վրաստանը եւ Ռուսաստաը եւս շուկայում կտրուկ բարձրացրել են պարենամթերքների գները: Անորոշությունը գյուղացիներին կանգնեցրել է դժվար երկընտրանքի առաջ. գյուղացին չգիտի կատարի՞ այդ ցանքը, թե՞ չէ, որվհետեւ չգիտի կարո՞ղ է լիարժեք պարարատացնել հողը, թե՞ ոչ: Մարդը պիտի հասկանա, իմանա պետությունը իրեն օգնելո՞ւ է, թե՞ չէ, եւ եթե օգնելու է, ապա ի՞նչ չափով»,- ընդծեց գյուղատնտեսը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն խնդրին անդրադարձել է ասելով, որ նախարարությունը զբաղվում է դրանով.
«Խնդիրներ, այո, կան, նախարարությունը զբաղվում է դրանցով: Կոնկրետ պարարտանյութի վերաբերյալ ինտենսիվ բանակցություններ ենք վարում տարբեր երկրների գործընկերների հետ»-, ասել է նա:
Թեմայի շուրջ զրուցեցի նաեւ Ապարանի Վարդենիս համայնքի համայնքապետ Կամո Պետրոսյանի հետ, որը փաստեց, որ նման թանկացումները միանշանակ պատճառ կդառնան գյուղերում գյուղատնտեսության վերանալուն:
«Գյուղատնտեսությունը առանց այն էլ թանկ է, սկսած դիզելային վառելիքից, ժամկետանց գործիքներից, մեքենատրակտորային պարկից (30-40 տարի օգտագործվում են, վարձերն էլ՝ շատ թանկ): Գյուղատնտեսությունը լեռնային շրջաններում անջրդի պայմաններում առանց այդ էլ շահույթ չի բերում, իսկ այս դեպքում, եթե մոտ 2 անգամ թանկանա պարարտանյութը, գյուղատնտեսությունը որպես այդպիսիսն կվերանա. գյուղերում, եթե մինչեւ այդ վերացած չէր»,- նշեց Կամո Պետրոսյանը:
«Հույսս այն է, որ կառավարությունը այս հարցին մոտենա ի շահ ժողովրդի, ի շահ գյուղացու ինչ-որ ձեւով սուբսիդավորի պարարտանյութի գինը, որպեսզի գյուղացին կարողանա, օրինակ՝ հավի կուտ ձեռք բերի: Մեր ներքին արտադրությամբ մեր հացահատիկի 3 ամսվա պահանջարկը չենք կարողանա կատարել: 2 տարի առաջ Ղարաբաղից մեծ քանակությամբ հացահատիկ էինք ստանում, հիմա էդ էլ չկա. ու մենք լրիվ կմնանք ներկրման հույսին, դրա արդյուքում էլ հացահատիկի գինը կբարձրանա, այդ թվում նաեւ այն հացի»,- ընդգծեց համայնքապետը:
Հավելենք, որ 2018-ից սկսած՝ գյուղացիական տնտեսությունները չեն օգտվում պարարտանյութի ձեռք բերման պետական աջակցությունից: Հիմնավորվեց, որ արդյունավետ չէ: Ժամանակին պետությունը պարարտանյութի ծախսի մի մասն իր վրա էր վերցնում, բայց հետագայում պետական ծրագրում խնդիրներ առաջացան:
ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ-ի Լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի