Հոկտեմբերի 1-ին հայոց առաքելական աշխարհասփյուռ եկեղեցիների զանգերն՝ արթնության եւ ահազանգի ղողանջներն արդեն հնչեցրել էին, խունկը բուրվառում աղոթքի մրմունջն առ Աստված էր առաքել՝ ամենալուսավոր սուրբ Էջմիածնի մայր տաճարից եւ հերթափոխը հանձնել պահանջ հնչեցնելուն: Ժամը 14-ին Բրյուսելում եւ Եվրոպայի 20-ից ավելի քաղաքներում (Վարշավայում, Վիեննայում, Ստոկհոլմում, Աթենքում, Նիկոսիայում, Պրահայում, Լիսաբոնում, Բրատիսլավայում, Բուխարեստում,Պլովդիվում, Սոֆիայում, Ռուսում, Վարնայում, Լիոնում, Հռոմում, Կոպենհագենում, Մարսելում, Շատորուում, Կլերմոն-Ֆերանում և ֆրանսիական Վալանսում, Մյունխենում, սեպտեմբերի 30-ին՝ Լոնդոնում) միաժամանակ լսվեց հայությունը բողոքի ձայնը՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, Արցախի իրավունքը ոտնահարելու, ԵՄ-ի եւ աշխարհի լռության դեմ: «Europeans for Artsakh» («Եվրոպացիները հանուն Արցախի») ավելի քան 500 կազմակերպություն միավորող կառույցի բծախնդիր եւ նվիրված աշխատանքի շնորհիվ՝ եվրոպահայության ազգային գերագույն նպատակի շուրջ համախմբումը կայացավ: Բրյուսելի Շուման հրապարակում ԵՄ-ի ներկայացուցչական նստավայրի առջեւ 3500- 4000 ցուցարար արդար պահանջատեր էր: (Բրյուսելի հանրահավաքի մասին բոլոր լրատվամիջոցներում արձանագրված ավելի քան 10 000 մասնակից ձեւակերպումը հիշատակածս ցույցի համար ցանկալի, ակնկալելի թիվն էր: Մեր ներկայացրած 3500-4000 -ը արձանագրված է հանրահավաքի ավարտին, կազմակերպիչների տրամադրած թիվն է):
Եվրոպական ԶԼՄ-ները անդրադարձան՝ Սփյուռքը պահանջատեր է
Գերմանական RND անդրադարձավ Բեյրութում անցյալ հինգշաբթի Ադրբեջանի դեսպանության առջեւ հայ համայնքի կազմակերպած ցույցին: «ԼՂ անկումով աշխարհասփուռ հայերի համար երազանք փլուզվեց» վերնագրյալ հոդվածում այսպես է ձեւակերպված՝ «Սփյուռքահայերից շատերի համար ԼՂ-ն պատմական հայրենիքի կարեւորագույն մասն է»: Հենց Սփյուռքում շատերը հույս էին տածում, որ ԼՂ կարող է օրերից մի օր պաշտոնապես անկախ ճանաչվել կամ ՀՀ-ին ձուլվել, գրում է լրատվականը եւ հավելում «Կարնեգի» ինստիտուտի աշխատակից Թոմաս դե Վաալի գնահատականը՝ «Խիստ անիրատեսական հույսեր»:
Նույն հոդվածն իրազեկում է, թե ԱՄՆ-ում, հատկապես Լոս Անջելեսում հայկական համայնքը նշանավոր է: Այնտեղ էլ բողոքի հանրահավաքներ են գումարվել, սեպտեմբերի 19-ին բեռնատարների միջոցով մի քանի ժամով փակել են ավտոմայրուղիներից մեկը, իսկ Քիմ Քարդաշյանը սոցցանցում կոչ է արել Բայդենին կանխել Հայոց նոր ցեղասպանությունը:
Սփյուռքում ԼՂ-ի հայությանն օգնելու դրամահավաք են անում, գրում է RND-ն, ակնարկելով նաեւ Բեյրութի համալսարանի դոցենտ Նարոտ Սերուջյանի այն անկեղծացումը, թե հայրենակիցներով երբ խոսում են, հուսահատություն, անզորություն են զգում նաեւ:
Նույն հոդվածում ակնարկ կա Բրյուսելում կազմակերպվող ցույցի մասին:
Unternehmen-heute կայքը հոկտեմբերի 1-ին վերնագրում է «Հազարավոր հայեր բողոքի հանրահավաք են անցկացնում Բրյուսելում Ադրբեջանի դեմ»: Նրանց թվում են նաեւ Գերմանիայից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչները, նշում է գործարարներին տնտեսական լրատվություն մատուցող գերմաներեն կայքը:
Գերմանական «Դոյչե վելլեն» էլ անդրադարձել է Բրյուսելի ցույցին: «2000- ամյա Հայոց քաղաքակրթությունն ընդդեմ ադրբեջանական գազի» ենթավերնագիրը փոխանցում է բրյուսելյան հանրահավաքի պաստառներից մեկի՝ ԵՄ-ին ուղղված հետեւյալ ձեւակերպումը՝ « 2000 -ամյա հայոց քաղաքակրթությունը վաճառվում է ադրբեջանական գազի դիմաց»:
Հոկտեմբերի 1-ին հանրահավաքին անդրադարձավ «Բեռլիներ ցայթունգը»: Բաքվի քաղաքապետի հայտնի հայտարարությունը հիշատակելով, թե «Մեր նպատակն է հայերի լիակատար բնաջնջումը», թերթը գրում է՝ իրենց հայրենիքն ու ինքնությունը կորցնելու վախից դրդված՝ կիրակի օրը հազարավոր հայեր Բրյուսելում ԵՄ-ի նստավայրի առջեւ բողոքի ցույց գումարեցին: «Եվրոպայի տարբեր անկյուններից Բրյուսելում հավաքված հազարավոր ցուցարարները ԵՄ-ին մեղադրում էին, որ փակել է աչքերը, հայոց տառապանքները չի տեսնում, քանի որ Ադրբեջանից գազ են մատակարարում»: «Բեռլիներ ցայթունգը» նշում է, որ հավաքի մասնակիցները Ադրբեջանին մեղադրում են ԼՂ-ում «էթնիկ մաքրազտում» իրականացնելու համար:
Նույն օրը ժամը 18.53-ի թողարկմանը Բրյուսելի ցույցին անդրադարձավ
«Եվրոնյուզը»՝(գերմաներեն տարբերակը) Արցախին նվիրված իր տեսանյութում՝ ակնթարթային հիշատակումով: «Տարբեր երկրներից հայկական սփյուռքի ներկայացուցիչները կիրակի օրը հավաքվել էին Բրյուսելում՝ ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակման դեմ բողոքի հանրահավաքի: Հայ անջատողականները, որ ԼՂ-ն վերահսկում էին 3 տասնամյակ, անցյալ շաբաթ… իրենց զենքը վայր դրեցին», հաղորդեց «Եվրոնյուզը»:
Ավստրիական «Դեր Շտանդարտը» հոկտեմբերի 1-ին մեկ նախադասությամբ արձանագրեց Բրյուսելում բողոքի հանրահավաքի, նույն օրը հայոց եկեղեցիներում համազգային աղոթքի մասին՝ «ՄԱԿ-ի առաքելությունը ժամանեց ամայացած ԼՂ» վերնագրյալ հոդվածում:
Նիդեռլանդական հանրային հեռարձակող rtv Oost-ն էլ անդրադարձավ հանրահավաքին: Նրանց պատրաստած՝ մոտ երկու րոպեանոց տեսանյութում երեւաց, որ տեսախցիկը հեռուստադիտողի հայացքը բեւեռում է համայնքի անդամների պարզած «էթնիկ մաքրազտում» ցուցապաստառի վրա: Ալմելոյի հայկական համայնքի հանդեպ հոլանդացիների ուշադրությունն ու հարգանքը նկատելի դարձավ: Սեղմ տեսանյութում ցույց տրվեց, որ Ալմելոյից եւ մերձակայքից նվազագույնը 400 հոգի պատրաստվում է Բրյուսել մեկնել ավտոբուսներով՝ մասնակցելու հանրահավաքի, քանզի կարեւոր է, որ «աշխարհն իմանա, թե ԼՂ-ում ինչ է կատարվում, մեզ օգնություն է անհրաժեշտ» : Տեսանյութը շատ լավ արձանագրում է այն փաստը, որ Բրյուսել մեկնումը համակարգված, կարգուկանոն պահպանելով էր կազմակերպվել: Ալմելոյի հայ եկեղեցական համայնքի ատենապետ Օնիկ Գիլիչին շեշտում է՝ 4-րդ դարում հայ քրիստոնյան արդեն Ադրբեջանում (պետք է լինի՝ ներկայիս տարածքում- Ան. Հ.) եկեղեցի էր կառուցում: Այն փաստը, որ այնտեղից այժմ մեզ վռնդում են, անընդունելի է: Մեր մշակույթը երկրորդ անգամ են ոչնչացնում, ճիշտ այնպես, ինչպես Հայոց ցեղասպանության ժամանակ»: Հեռուստահաղորդման մեջ հիշատակվում է, որ քրիստոնյա հայերը դեռ 4-րդ դարում հոլանդացիների հետ առեւտուր էին անում՝ ամուր կապեր հաստատելով երկու երկրների միջեւ, սակայն նրանց հանդեպ ուշադրությունն անբավարար է: Ակնարկվում է, որ 2004-ին Նիդեռլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որին մինչ օրս չի հետեւել կառավարությունը: Գելիչին խոսում է Թուրքիայի ուրացման դեմ լռության, Ադրբեջանի ցեղասպան վարքի մասին՝ հարցնելով «Ի՞նչ է անում Ռութթեն( Mark Rutte Նիդեռլանդների վարչապետը- Ան. Հ.) Եվրոպան: Ոչինչ»: Այնուհետ հույս է հայտնում, որ քաղաքական շատ գործիչներ կտեսնեն եւ կլսեն, կընդունեն, որ մեկ անգամ արդեն արտոնել են ցեղասպանությունը: Նիդեռլանդական հեռուստաեթերում ընդգծվեց , որ շատ են ցույցի համար Բրյուսել մեկնող երիտասարդները:
Ճիշտ է ուշ, բայց ոչ ուշացած
Կիրակի վաղ առավոտյան Գերմանիայի տարբեր քաղաքներից՝ Դույսբուրգից, Քյոլնից, Նոյվիդից, Դորտմունդից, Ախենից ավտոբուսներով Բրյուսել մեկնելու ցանկությունը մեծ էր: Բրյուսելում նկատելի դարձավ, որ ցանկության եւ լավ կազմակերպելու դեպքում իսկապես կարգուկանոնը հարգող ազգ ենք: Ավտոբուսների լեփ լեցուն լինելու պատճառով շատերը Եվրոպայի մայրաքաղաք էին ժամանել իրենց անձնական ավտոմեքենաներով՝ կիրակի օրը մասնակից դառնալու Շուման հրապարակում հայերի համախմբմանը: Հե՛նց համախմբմանը, քանի որ վերջին շրջանում հայության ամենամեծ թերին միասնականության կարեւորության նվազ գիտակցումն է: 2020-ի պատերազմից հետո, երբ փշրվեց մեր անպարտելի լինելու ապառաժը, երբ Սաղմոս ասացող կար, բայց «ո՞վ է մեղավոր» հարցի պատասխանը չէր գտնում Նարեկացու «Մատյանի» բարձրաձայն ընթերցողին, ինքնախոստովանողին, ապաշխարողին, իսկ թշնամին ամեն օր հարվածում էր (է), թշնամությունը երկրի կուչ եկած սահմանը հատում, սփյուռքին վարակում էր: Արցախի զարգացմանն ուղղված համախմբող գործի փոխարեն այժմ Արցախը տեսիլ է դառնում, որ պետք է փրկել մահվան ճիրաններից:
Մեր ավտոբուսի մեջ հայոց ոգին ամրացնող երգեր էին երգում: Բրյուսելում հոլանդահայ, բելգիահայ, գերմանահայ, ֆրանսահայ երիտասարդները նկատելի շատ էին, տարանուն պաստառներով, գեղեցիկ դեմքերով, վառ աչքերով, արյան չմարող կանչով, արդարության համար կռիվ տալու պատրաստ, պահանջատեր: Բրյուսելի կենտրոնական փողոցների սյուների վրա կպչուն թուղթը դրոշմել է Արցախի դրոշը, Հայաստանի դրոշը, Շուշի, Արցախ բառերը: Ռուբեն Վարդանյանին, մյուս առեւանգվածներին ազատ արձակելու պահանջը: Ֆրանսահայ երիտասարդական «Շարժումը» Ոտքի, Հպարտ, Անհնազանդ, Շարժում բառերով հանդերձավորել է՝ ուր աչքդ տեսնի… Բրյուսելում առերեսվելու են հայկական հետքին:
Չե՛նք նահանջելու:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Բրյուսել