2023 թվականի սեպտեմբերի 24-ին Բրիտանահայ Միությունը անցկացրեց իր հերթական խաղաղ ցույցը Ուայթհոլլում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի դիմաց (10 Downing Street): Այս բողոքի ակցիան կազմակերպվել էր սեպտեմբերի 19-ին Արցախի անզեն խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական ռազմական հարձակումից հետո: Բրիտանիայի տարբեր կողմերից ժամանած 200 ցուցարարներից շատերը հնարավորություն ունեցան ազատորեն արտահայտելու իրենց մտքերը բարձրախոսով: Իսկ կազմակերպողները պատրաստել էին պաստառներ՝ ՄԱԿ-ի մանդատով միջազգային խաղաղապահներ Արցախ եւ Հայաստան տեղակայելու պահանջով, ինչպես նաեւ պաստառներ՝ Ադրբեջանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերով:
Բողոքի ակցիան նպատակ ուներ բրիտանական հանրության եւ լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել Արցախում ադրբեջանական զինուժի կողմից 120 հազար բնիկ հայության՝ 30,000 երեխաների, 9,000 հաշմանդամների եւ 20,000 տարեց քաղաքացիների բռնի տեղահանման եւ ֆիզիկական ոչնչացման վրա: Ինչպես հայտնի է, ռազմական գործողությունների առաջին իսկ օրը դաժանաբար սպանվել են հարյուրավոր հայ բնակիչներ (գլխատումներ, որոնց տեսանյութերը ադրբեջանցիները հրապարակել են առցանց), այդ թվում՝ երեխաներ եւ կանայք, բազմաթիվ տղամարդիկ գերեվարվել են, հազարավորները՝ անհետ կորել են: Մարդկային այս ողբերգությունն արձագանքում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը:
Լոնդոնի կիրակնօրյա ցույցի ժամանակ հարցազրույցների ընթացքում՝ մասնակիցներից մեկն ասաց. «Իմ անունը Հուսեյին է, ես ազգությամբ թուրք լուսանկարիչ եւ նկարիչ եմ: Միացել եմ այս ակցիային, որպեսզի զորավիգ կանգնեմ իմ հայ բարեկամին եւ համայն հայությանը: Ես ձեզ հետ եմ ամբողջ սրտով: Անընդունելի եւ սարսափելի է այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում: Ազգանունս Օույաօղլու է եւ նույնանուն առցանց էջեր ունեմ: Ես ցանկանում եմ այս նկարները հրապարակել իմ էջերում եւ լայն հասարակությանը իրազեկել հայ ժողովրդի ցեղասպանության մասին»:
Մեկ այլ ցուցարար՝ լոնդոնաբնակ հայուհի Վիոլետ Ղարիբյանն իր խորը մտահոգությունը հայտնեց ծավալվող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ. «Լսում եմ սարսափելի լուրերը եւ այստեղ եկել եմ՝ աջակցելու մեր ազգին: Հույս կա՞, որ Արցախը կփրկվի: Արցախահայությունը քաղցած ու ծարավ անցկացրին ինը երկար ամիսներ, իսկ հիմա կոտորվում են: Լսում ենք, որ տներ են այրվում, մարդիկ են սպանվում: Ինչո՞ւ չեն թողնում, որ մեր ժողովուրդը խաղաղ ապրի: Ե՞րբ է ավարտվելու այս աղետը: Ես մասնակցում եմ այս բողոքի ակցիային, որպեսզի իմ ձայնը լսելի դարձնեմ: Ինչով կկարողանամ՝ կօգնեմ մեր պայքարի համար»:
Առաջին անգամ բողոքի ակցիային մասնակցեցին տասնյակ հայ երիտասարդ ուսանողներ՝ Ֆրանսիայից, Բրիտանիայից, Հայաստանից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից, որոնք սովորում են բրիտանական համալսարաններում: 21-ամյա ուսանող Թովմաս Գուլյանը, որը տեսել էր առցանց բողոքի ակցիայի գովազդները, ասաց. «Կցանկանայի, որ այս ամենը փոփոխություն բերեր Մեծ Բրիտանիայի քաղաքական դաշտում, մենք պետք է իրազեկենք ամենքին, ինչպես ուկրաինական համայնքն է անում: Աշխարհը լռում է, մինչ խաղաղ բնակչությանը սպառնում է կա՛մ մահ, կա՛մ արտաքսում սեփական տներից, իրենց հայրենիքից»: Ակցիայի ցուցարարներիցներից մեկը՝ Մարինան, ծագումով հրեա, եկել էր իր իսկ սարքած պաստառով. «Ես եկել եմ սատարելու հայ ժողովրդին: Երեխաները ռմբակոծվում են, եւ լրատվամիջոցնորում բավարար լուսաբանում չկա: Եթե ներկայիս Բրիտանիայի կառավարությունը աջակցում է Ադրբեջանին եւ զենք է վաճառում Ալիեւին՝ դա երկակի ստանդարտ է եւ կեղծավորություն, դա անընդունելի է»:
Չնայած շարունակվող ցեղասպանությանը եւ հումանիտար ճգնաժամին, Մեծ Բրիտանիան հիրավի շարունակում է տնտեսական, քաղաքական եւ ռազմական լայն համագործակցությունը ադրբեջանական ռեժիմի հետ: Ադրբեջանը անարգել զենք, ռազմական տեխնոլոգիաներ է գնում առնվազն 18 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, կարծես առոչինչ՝ ռուսական գազը եւ նավթը վերափաթեթավորում եւ վաճառում է ԵՄ երկրներին՝ այդ կերպ միջազգային շուկայում բարձրացնելով իր վարկանիշը:
Լոնդոնյան ցույցի ընթացքում հարյուրավոր թռուցիկներ բաժանվեցին ԶԼՄ-ների եւ մամուլի ներկայացուցիչներին՝ բրիտանական հանրությանը եւ օտարերկրյա այցելուներին՝ իրազեկելու ադրբեջանական տոտալիտար ռեժիմի կողմից շարունակվող ցեղասպանության եւ արցախահայության ողբերգության մասին: Բրիտանահայ Միությունը նաեւ բաց նամակ ուղարկեց Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ վարչապետ Ռիշի Սունակին, արտգործ եւ պաշտպանության նախարարություններին ի մեջ այլոց պահանջելով.
* Հին եւ նոր հայ քաղաքացիական պատանդների եւ գերիների ազատ արձակումը,
* Մարդասիրական օգնություն հասցնել արցախահայությանը,
* դադարեցնել Ադրբեջանի հետ ռազմական, տնտեսական համագործակցությունը,
* դատապարտել եւ պատժել Ադրբեջանի կառավարության անդամներին ռազմական հանցագործությունների համար:
Բրիտանահայ Միության կողմից կազմակերպվող բողոքի ակցիաները կշարունակվեն առաջիկա շաբաթների ընթացքում:
Լոնդոն, ՆԱՏԱԼԻԱ ԱՎԱՆԵՍՈՎԱ
Բրիտանահայ Միություն
info@britisharmenian.org