Հունվարի 1-ին կվավերացվի Իրանի անդամակցությունը Բրիկսին
Խորհրդային միության փլուզմամբ պայմանավորված սառը պատերազմի ավարտից հետո, շահական վարչակարգի տապալման շնորհիվ ձեւավորված Իրանի Իսլամական Հանրապետությունը, նյութական եւ բարոյական ահռելի միջոցների ներդրմամբ, ԱՄՆ-ին ընդդիմացող որոշ երկրների մասնակցությամբ, փորձեց հակադրվել ԱՄՆ գլխավորությամբ ձեւավորված նոր աշխարհակարգին: Այդ նպատակին հասնելու Իրանի գործադրած ջանքերի համար պահանջվեց ավելի քան 40 տարի, որի արդյունքը տեսանելի է ներկայիս Իրաքում, Սիրիայում, Եմենում, Լիբանանում, Պաղեստինում, Ալժիրում եւ Հարավային Ամերիկայի որոշ երկրներում:
Ուկրաինական պատերազմի ու դրան հետեւած իրադարձությունների պատճառով որոշ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ու Չինաստանի մոտ, ամերիկյան աշխարհակարգին ընդդիմանալու ձգտումն ավելի առարկայական դարձավ: Տնտեսական, քաղաքական ու ռազմական ռեսուրսներին տիրապետող այդ երկրները, ամերիկյան քաղաքական, տնտեսական ու մշակութային աշխարհակարգի հեռագնա նպատակները խափանելու նպատակով ձեռնամուխ եղան Շանհայի ու Բրիկսի ստեղծմանը*:
Օգոստոսի 22-24-ին Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքում տեղի ունեցած Բրիկսի 15-րդ գագաթնաժողովին հայտարարվեց կազմակերպությանը եւս 6 երկրների՝ Իրանի, Արգենտինանի, Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների, Եգիպտոսի ու Եթովպիայի միանալու ցանկության մասին, որոնց լիարժեք անդամակցույունը կվավերացվի 2024 թվականի հունվարի 1-ին:
Բրիկսի անդամ պետություններն արագ զարգացող եւ հզոր երկրներ են, որոնց բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարեւոր դերը:
Իրանն առաջին անգամ Բրիկսի աշխատանքներին ներգրավվել է 2022 թվականին, երբ ակումբի ռոտացիոն ղեկավարությունն ստանձնած Չինաստանի նախագահը, ընդառաջելով կազմակերպությանն անդամակցելու իրանական կողմի պաշտոնական դիմումին, հրավիրեց ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ առցանց մասնակցելու գագաթնաժողովի աշխատանքներին: Միջոցառմանն ունեցած իր ելույթում ԻԻՀ նախագահը հայտարարեց, որ Իրանը պատրաստ է Բրիկսի նպատակներին ծառայեցնել իր երկրի ողջ կարողությունները, այդ թվում՝ էներգետիկ ռեսուրսներն ու տրանսպորտային տարանցիկ ճանապարհները, ինչպես նաեւ մարդկային բացառիկ ներուժը:
Փորձագետների համոզմամբ, այսօր տնտեսական զարգացման ուղին բռնած Բրիկսին անդամակցող երկրները լրջորեն կարող են մրցակցել Արեւմտյան երկրների տնտեսությունը միավորող G7 կազմակերպության (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրտանիա) հետ:
Իսկ այդ տնտեսական կառույցին անդամակցության հայտ ներկայացրած երկրների հավելումով, Բրիկսը հավակնում է վերածվել տնտեսական եւ քաղաքական կշիռ ունեցող լուրջ կառույցի:
Իրանի հոգեւոր առաջնորդի միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալիաքբար Վելայաթիի համոզմամբ, Բրիկսում Ռուսաստանի, Չինաստանի ու Հնդկաստանի նման տնտեսապես հզոր պետությունների ներկայության փաստն ինքնին վկայում է, որ նշված կառույցում Իրանի անդամակցությունն ի զորու է բարձրացնելու ԻԻՀ քաղաքական ու տնտեսական կշիռը, որի արդյունքներից է պատժամիջոցների հետեւանքների չեզոքացումը: Վելայաթիի խոսքերով, Իրանի անդամակցությունը Բրիկսին վկայում է աշխարհի հետ հարաբերություններ հաստատելու Թեհրանի վճռականության, ինչպես նաեւ տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում ակտիվ դիվանագիտության շնորհիվ դրական ու կառուցողական դերակատարություն ստանձնելու մասին:
Իրանի արտաքին քաղաքականության լրջագույն ճշգրտումներից էր նաեւ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) Իրանի անդամակցությունը, որը հնարավորություն էր տալիս տնտեսական պատժամիջոցների ծանր բեռը թոթափելու նպատակով Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու ԻԻՀ նախկին ղեկավարության վարած քաղաքականության փոխարեն, հայացքն ուղղել դեպի Արեւելք:
Իսկ ուկրաինական պատերազմն էլ հանգեցրեց Թեհրան-Մոսկվա հարաբերությունների որակական փոփոխությունների, ստիպելով կողմերին՝ նորովի ուրվագծել հարաբերությունների սահմաններն ու խորությունը:
Վերջին շրջանում էլ Իրանի տարածաշրջանային քաղաքականության մեջ նկատվող փոփոխությունների նոր ընթացքը, հատկապես Պարսից ծոցի արաբական երկրների հետ Թեհրանի հարաբերությունների բարելավման հարցում, վկայում է Իրանի արտաքին քաղաքականության որակական փոփոխոթւյունների մասին:
Այսպիսով, Շանհային ու Բրիկսին անդամակցելը եզակի հնարավորություններ է տալիս Իրանին՝ միջազգային ասպարեզում հանդես գալու նոր նախագծերով: Սակայն, այդ երկու կազմակերպություններն օժտված չեն միայն տնտեսական կարողություններով, եւ նրանց համատեղումն անվտանգային ու քաղաքական ոլորտներում նույնպես կարող է նշված կազմակերպությունների հիմնադիր երկրներին նետված մարտահրավերների չեզոքացման հարցում լուրջ կռվան հանդիսանալ:
Բրիկսի գործունեության ադյունավետության մասին ԻԻՀ պետական այրերի կողմից հնչող դրվատական տեսակետների կողքին կան նաեւ թերահավատ մոտեցումներ: fardayeeghtesad.com կայքը, որն առավելապես արտահայտում է Իրանի գործարար շրջանակների տեսակետները, այդ կառույցի 15-ամյա գործունեությունը ոչ արդյունավետ է համարում, պատճառաբանելով, որ կազմակերպությանը չի հաջողվել այդ ընթացքում անդամ պետությունների միջեւ ձեւավորել առեւտրատնտեսական ու ֆինանսական կայուն կապ: Կայքի տեսակետով, դրա պատճառն այն է, որ Բրիկսը {հակառակ Առեւտրի միջազգային կազմակերպության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի) ավելի շատ նման է քաղաքական ակումբի, որի մշակած քաղաքական կուրսն ու ընդունած որոշումները չունեն անդամ պետությունների կողմից պարտադիր իրագործան երաշխիքներ:
*Բրիկսը (անգլ.՝ BRICS Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) հինգ երկրներից բաղկացած տնտեսական ակումբ է, որին անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ ՀԱՀ-ը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ