Իլհամ Ալիեւի վերաբերմունքը մետաքսի նոր ճանապարհի ու ալավիականության նկատմամբ
Այս անգամ Թուրքիայի նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու առաջիկա կիրակի օրը, մեզ համար միջազգային-արտասահմանյան անցուդարձի պարզ թեմա չէ, ոչ իսկ թշնամի-հարեւան երկրի նկատմամբ հետաքրքրության նյութ: Այլ՝ տարածաշրջանային նորանոր զարգացումների, Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ադրբեջանական սաստկացող ագրեսիայի, Բաքվի նկատմամբ Անկարայի սաստիկ սիրո, միաժամանակ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական անխաղաղ խաղաղության շուրջ շփումների ֆոնին՝ առաջիկա այդ ընտրությունները սրում են մեր շահագրգռվածությունը ծայր աստիճան՝ նախագահի փոփոխության դեպքում մեր երկրի նկատմամբ թշնամական քաղաքականության թուլացման ակնկալությամբ:
Այդ իմաստով, հատկապես Էրդողան-Ալիեւ սիրատոչոր հարաբերությունների կտրվածքով, մեր վետերան աշխատակցի ստորեւ ներկայացվող հոդվածը առավել եւս սրում է մեր շահագրգռվածությունը ընտրության ելքի նկատմամբ:
Խմբ.
Ելնելով Թուրքիայի ու Ադրբեջանի լեզվամշակութային ու կրոնադավանական ընդհանրություններից, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմից հետո «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսին փոխարինելու եկած՝ «մեկ ազգ՝ մեկ բանակ» նոր նշանաբանի առանձնահատկությունից, կարելի է միանգամայն հասկանալի ու բացատրելի համարել Թուրքիայի համապետական ընտրությունների նկատմամբ Բաքվի սեւեռռւն ուշադիրությունն ու նախագահի թեկնածու Էրդողանի նկատմամբ Ալիեւի բացառիկ համակրանքը:
Հասկանալի ու բացատրելի է նաեւ Իրանի տարածքով դեպի Չինաստան ձգվող մետաքսի նոր երկաթուղային միջանցքի մասին Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածու Քըլըչդարօղլուի հնչեցրած նախընտրական հայտարարության նկատմամբ Ալիեւի վրդովմունքն ու այդ առիթով՝ վերջինիս ջղաձգումները:
Ըստ globalinfo.az կայքի մայիսի 9-ի համարի, Ադրբեջանի նախագահը խայտառակություն է համարել Քըլըչդարօղլուի՝ Ադրբեջանը շրջանցող նոր միջանցքի մասին հայտարարությունը, որը, ըստ Ալիեւի, հակասում է «նեո-թուրանական» գաղափարախոսությանը եւ դավաճանական քայլ Ադրբեջանի նկատմամբ:
globalinfo.az-ի բնորոշմամբ՝ Նոր մետաքսի ճանապարհի մասին Քըլըչդարօղլուի հայտարարությունը վերջինիս պատասխանն է Էրդողանի թեկնածության օգտին պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, որից հնարավոր է պատկերացում կազմել, կայքի ձեւակերպումով, «Ադրբեջանի Հանրապետության չգոյության» մասին Քըլըչդարօղլուի ու նրա ղեկավարած «ժողովրդահանրապետական» կուսակցության դիրքորոշման մասին:
globalinfo.az-ի հրապարակած հոդվածի նախաբանում նշված է, որ Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայում ընթացող իրադարձություններից, ինչպես նաեւ նախագահական ընտրություններին ցուցաբերվող սրտացավ վերաբերմունքը, միանգամայն տրամաբանական է: Հեղինակը հավելել է, որ թուրանական միասնականության ծրագիրը կյանքի կոչելու համար հարյուր տարվա տքնաջան աշխատանք է պահանջվել, որի իրագործումն առանց Ադրբեջանի, հոդվածագրի կարծիքով, անհնարին է:
Ամփոփելով հոդվածը, հեղինակը Թուրքիայի քաղաքացիներին սթափության կոչով է դիմել ու հորդորել չքվեարկել Քըլըչդարօղլուի օգտին:
Ընդդիմության միասնական թեկնածուի օգտին չքվյարկելու Բաքվի բազմաթիվ պատճառաբանություններից մեկն էլ ալավիական ինքնությունը բացահայտած Քըլըչդաօղլուի խիզախոթյունն էր, որը, կարող է հնարավորություն տալ վերջինիս, ընտրվելու դեպքում, Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ կոտրել նաեւ այլ կարծրատիպեր:
Իրանի ԱԳՆ արտաքին հարաբերությունների ինստիտուտի գիտխորհրդի անդամ եւ Վատիկանում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Մասջեդջամեին, «Ժամանակակից Թուրքիայի սոցիալ-քաղաքական խզվածքը» խորագրով տեսակոնֆերանսին ունեցած իր ելույթում, Թուրքիայի նախագահի թեկնածուներից մեկի՝ ալավիական ինքնության հարցի արծարծումը կարեւոր է համարել ու նշել, որ այդ կրոնադավանական շարժման նկատմամբ Թուրքիայում տարիներ շարունակ ցուցաբերվող անտարբերությունից հետո, ալավիականության թեմայի շուրջ քննարկումները չեն կարող անհետեւանք մնալ: Բանախոսը հիշեցնում է, որ Քըլըչդարօղլուն պարզորոշ կերպով խոսել է իր ալավիական ինքնության ու իրանական մեծ Խորասանից Թուրքիա տեղափոխվելու մասին՝ ներկայացնելով նաեւ դրվագներ իր նախապապերի կենսագրությունից: Ըստ բանախոսի, այսօրվա Թուրքիայում Քըլըչդարօղլուի կարգավիճակն ունեցող անձի կողմից ալավիական ինքնության մասին խոսելն աննախադեպ երեւույթ է, ինչը ոմանց կողմից բարձր գնահատվեց ու վերագրվեց թեկնածուի քաջությանը:
Բանախոսը պնդում է, որ անկախ ընտրությունների վերջնարդյունքից, ալավիական ինքնության մասին Քըլըչդարօղլուի հայտարարությունն իր հետքն է թողնելու Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության հետագա ընթացքի վրա:
Ալավիական շարժման ծագումը, ըստ իսլամագետ Դ. Հովհաննիսյանի ներկայացրած վարկածներից մեկի, կապված է Կիլիկիայի հայաբնակ քաղաքների հետ, եւ այդ փաստով է բացատրվում հայկական քրիստոնեության ազդեցությունն ալավիականության վրա, եւ ի տարբերություն սուննիականության, այս ուղղությունում աստվածացվում է Ալին, որը պատկանում է յուրատեսակ «սուրբ երրորդության»՝ Մուհամմադի եւ Սալման ալ-Ֆարիսիի հետ միասին:
Դժվար չէ պատկերացնել, թե Իլհամ Ալիեւն ինչ վերաբերմունք կարող է ունենալ հայկական քրիստոնեական ազդեցությունը կրող ալավիզմի հետեւորդ Քըլըչդարօղլուի քաղաքական հայացքների հանդեպ:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանում ՀՀ նախկին դեսպան