Թեքեյան մշակութային միության, «Ատգեն Արմենիան» հիմնադրամի եւ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի համատեղ բարեգործական ծրագիրը շարունակում է գտնել եւ աջակցել 44-օրյա պատերազմից հետո Քաշաթաղի շրջանից Վայոց Ձորում ապաստան գտած ընտանիքներին:
Օրերս Երեւան այցելած Մոնրեալի (Կանադա) «Ապագայ» շաբաթաթերթի եւ Թեքեյան մշակութային միության գրասենյակի աշխատակից Սալբի Հալաջյանը հյուրընկալվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության հայաստանյան ներկայուցուցչության գրասենյակ: Ի դեպ, նախատեսված էր այցելել գործընկեր Վայոց Ձորի «Սյունիք- Զարգացում» հասարակական կազմակերպություն, նրանց հետ շրջելու ծրագրի շահառու ընտանիքներին, տեղում ծանոթանալու աջակցություն ստացած ընտանիքներին, զրուցելու ծրագրի արդյունավետության եւ հետագա անելիքների մասին: Այցը չկայացավ՝ Սալբի Հալաջյանի ժամանակի սղության պատճառով:
Գրասենյակում կայացած վերոհիշյալ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Արցախի Բերձոր քաղաքի Վահան Թեքեյանի անվան դպոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը:
ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գայանե Մուրադյանը տեղեկացրեց, որ ՀԿ-ն կանադական «Ատգեն Արմենիան» հիմնադրամի, «Թեքեյան մշակութային միության» ընկերության հայաստանյան ներկայացուցչության եւ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի հետ համատեղ Արցախի տարբեր շրջաններից տեղահանված ընտանիքների համար իրականացրել եւ հիմա էլ իրագործում են աջակցության տարբեր ծրագրեր: Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպություններն օգտվում են իրենց տեղեկատվական բազայից եւ աջակցում առաջին հերթին օգնության խիստ կարիք ունեցող ընտանիքներին:
Համագործակցության շրջանակներում նույն կազմակերպությունները համատեղ իրականացնում են նաեւ աջակցության մեկ այլ՝ գյուղատնտեսական ծրագիր, դրա մեջ ներառելով Արցախից տեղահանված եւ Վայոց Ձորում ապաստանած արցախցի բազմանդամ եւ սոցիալապես անապահով ընտանիքներին: Ծրագրի նպատակն է աջակցել այդ ընտանիքներին՝ սննդի եւ եկամտի ապահովման, ինչպես նաեւ զբաղվածության տեսանկյունից: Այդ շրջանակներում մարզի տարբեր համայնքներից ընտրված շահառու ընտանիքներին տրամադրվում են գոճիներ, կովեր, անասնակեր, մեղվաընտանիքներ, դրանց խնամքի հետ կապված այլ պարագաներ:
2021 թվականին շահառու երկու ընտանիքի տրամադրվել է 6-ական գոճի՝ 4 ամսվա համար նախատեսված անասնակերով, երեք ընտանիքի՝ 2-ական կով: Ըստ ծրագրի, յուրաքանչյուր շահառու ընտանիք, իր հերթին, նորածին գոճին ու հորթերին տրամադրում է շահառու այլ ընտանիքների: Այս սկզբունքով՝ Քաշաթաղի շրջանից վերաբնակեցված 2 ընտանիքի տրամադրվեց 2-ական գոճի եւ 3 ընտանիքի 1-ական հորթ:
Ռաֆիկ Ռուբիկի Ավագյանին (գյուղ՝ Գնդեվազ) տրամադրվեց 1 հորթ՝ Հովհաննես Ավագյանից, Արմինե Արարատի Ավագյանին (քաղաք՝ Վայք) տրամադրվեց 2 գոճի՝ Արարատ Ավագյանից, Ալվարդ Ամիրխանյանին (գյուղ Մարտիրոս) տրամադրվեց 1 հորթ՝ Արեւիկ Սարգսյանից, Միսակ Ալեքսանյանին՝ (գյուղ Մալիշկա) 1 հորթ Լուսինե Չիչակյանից, Փափազ Նվերի Ստեփանյանին (գյուղ Սալլի) 2 գոճի՝ Թանգուհի Ստեփանյանից:
Աջակցության վերոնշյալ ծրագրի համար շնորհակալություն ենք հայտնում ծրագրով հետաքրքրվող բոլոր կազմակերպություններին, բարերարներին, որոնք հոգատարությամբ հովանավորում են եւ ապահովում ծրագրի շարունակականությունը:
Հատուկ շնորհակալություն ԹՄՄ կենտրոնական վարչության անդամներին մասնավորապես՝ Արթօ Մանուկյանին, ում հետեւողական աշխատանքի շնորհիվ մինչ օրս ծրագիրը հաջողությամբ շարունակվում է:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Երեւան