Բաշշար Ասադի կանխատեսելի այցը Թեհրան

32

Ռուս-ուկրաինական  պատերազմի ելքի անորոշության  պայմաններում,  Սիրիայի նախագահ  Բաշշար Ասադի  մայիսի 8-ի՝ զանգվածային լրատվամիջոցների կողմից   «անսպասելի»  որակված  այցը Թեհրան,  մեր խորին համոզմամբ,  կարելի  է գնահատել որպես  «կանխատեսված»  այցելություն: 

Այցը կանխատեսելի էր, քանի որ  այսուհետեւ մենք  ստիպված ենք լինելու   քաղաքական անցուդարձերի մասին մեր գնահատականները կառուցել  ռուս-ուկրաինական ճգնաժամի թելադրած իրողությունների վրա:  Իսկ առկա իրողությունները  թելադրված են    Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի իշխանության երկարակեցությունը երաշխավորող երկու ուժերից մեկի՝  Ռուսաստանի դիրքերի հնարավոր փոփոխությունից բխող իրավիճակով:  Քանի որ Ասադի իշխանության հիմքերի կայունությունն ավանդաբար ապահովում  են  Իրանն ու  Ռուսաստանը:  Բացառել չի կարելի, որ Ասադն իր իշխանության դիրքերն ամրապնդելու  նպատակով  ֆինանսական  աջակցություն ստանալու համար է այցելել Թեհրան: 

Որոշ վերլուծաբանների կարծիքով, Բաշշար Ասադի այցը Թեհրան այլ նպատակ էլ էր հետապնդում: 2022  թվականի մարտ ամսին  Սիրիայի նախագահը այցելել էր Էմիություններ ու հանդիպումներ  ունեցել Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանի հետ:  Տվյալ այցին նախորդել էին նաեւ արաբական այլ երկրների հետ Սիրիայի հարաբերությունների կարգավորմանը  միտված քաղաքական գործընթացներ, որոնց հետեւանքով կասկածներ էին առաջացել, որ Դամասկոսի մոտ Թեհրանից հեռավորություն պահպանելու ցանկություններ են նկատվում: Այդ պատճառով  էլ Ասադի օրակարգում ներառվեց Թեհրան այցելելու ծրագիրը՝ նպատակ ունենալով  ընդգծել Իրանի հետ Սիրիայի հարաբերությունների առանձնահատուկ նշանակությունը:

Այս անգամ էլ, նախորդ՝ 2019 թվականի նման, Բաշշար Ասադի այցը տեղի ունեցավ  խիստ խորհրդապահական պայմաններում:  Թե՛ նախորդ, եւ թե՛ այս անգամ, այցերը   լուսաբանվեցին միայն  նախագահ Ասադի տունդարձից  հետո: Ի դեպ, 2019 թվականի Բաշշար Ասադի այցի մասին տեղեկացված չէր  նույնիսկ ԱԳ նախարար Զարիֆը, որն իր դժգոնհությունն արտահայտեց հրաժարական ներկայացնելու եղանակով:  

Առհասարակ, Սիրիան Իրանի համար առանցքային նշանակություն ունեցող երկիր է: Իրան-Սիրիա հարաբերությունները զարգանում  են գրեթե բոլոր մակարդակներում` քաղաքական, տնտեսական, ռազմական, կրոնամշակութային եւ այլն: Կորցնել Սիրիան, Իրանի համար կնշանակի Մերձավոր Արեւելքում զրկվել ամուր «հենարանից», որը Թեհրանին  հնարավորություն է տալիս ավելի անկաշկանդ լինել Իսրայելի նկատմամբ դիրքորոշում արտահայտելիս:  

Ըստ իրանական զանգվածային լրատվամիջոցների, Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին եւ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը, բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ,  բարձր են գնահատել «ամուր հիմքերի վրա կառուցված» երկկողմ հարաբերությունները, եւ համոզմունք հայտնել, որ դրանք զարգացման միտում ունեն: 

Հանդիպման ժամանակ Ալի Խամենեին ասել է. «Այսօրվա Սիրիան տարբերվում է մինչպատերազմական Սիրիայից:  Թեեւ մինչ  պատերազմը Սիրիայում  ավերածություններ չկային, սակայն այսօր Սիրիայի վարկն ու պատիվը նախկինից ավելի բարձր է, եւ բոլորը Սիրիան դիտում են որպես հզոր երկիր»: Խամենեին հավելել է. «երկու երկրների կապերը կենսական նշանակություն ունեն, եւ մենք պետք է դրանց ամրապնդման ուղղությամբ ջանքեր գործադրենք»: Իր հերթին, Բաշշար Ասադը Թեհրան-Դամասկոս    հարաբերությունները որակել է որպես Մերձավոր Արեւելքում Իսրայելի ներթափանցման դեմ հուսալի պատվար:

Կարճատեւ այցի ընթացքում Բաշշար Ասադն առանձին հանդիպում է ունեցել նաեւ իր պաշտոնակցի՝  նախագահ Ռայիսիի հետ: Ասադի այցը Թեհրան նաեւ ցանկալի առիթ  էր  բարեկամ  երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ընտրվելուց հետո, իր գործընկերոջ հետ հանդիպումներ ունենալու առումով:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան