44-օրյա պատերազմի ժամանակ հայ հասարակությանը «հաղթելու ենք» կամ «հաղթում ենք» կեղծ պաթոսով սնած Արծրուն Հովհաննիսյանը, որ, ի դեպ, պատերազմի օրերին Ստեփանակերտում չէր բարեւում, չէր հետարքրվում իր գործընկերների՝ լրագրողների ինչպիսիությամբ կամ առողջական վիճակով, այս օրերին արդեն փորձագետի դիրքերից է հանդես գալիս ու քննադատում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Իհարկե, միամտաբար ու անզգուշորեն է դա անում, այլապես նույն իշխանության հետ համգործակցող Հովհաննիսյանը, դժվար թե, քաղաքական իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի հասցեին թթու խոսք ասեր:
«Եթե 18 տարեկան պատանու քաղաքացիական պատասխանատվության, գիտելիքի, արժեհամակարգի, ձգտումների, երազանքի, պատկերացումների ամբողջությունը չշտկեցիր, նախկին տարիների արժեհամակարգի մարդ եղավ՝ փողոցային բարքեր, գողական ընկալումներ, գնաց բանակ, սպայի համար դա լինելու է լուրջ խնդիր: Սպան չի կարողանալու այդ մարդուց ստանա պարտաճանաչ, պատասխանատու եւ լավ զինվոր, ենթակա ու միշտ լինելու են բախման խնդիրներ: Դրանք մի օր կդրսեւորվեն, մի օր չեն դրսեւորվի ու կպայթեն»,- լրատվականներից մեկի հետ զրույցում ասում է այժմ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում փորձագետ աշխատող Հովհաննիսյանը:
Նա բանակում «գողական բարքերի» մասին «դուխով» խոսում է՝ մոռանալով, որ պաշտպանության ներկա նախարարը՝ Սուրեն Պապիկյանը, իր ծառայության տարիներին դանակահարության դեպքի համար պատասխանատվության է կանչվել: Ըստ մամուլի հրապարակման, հիշեցնենք, պաշտպանության լոռեցի նախարարը հրամանատարի հետ էր «հաշիվներ ունեցել», ինչն էլ դանակ խաղացնելով էր ավարտվել:
Իհարկե, աբսուրդ է, երբ ժամկետային ծառայության ժամանակ նման «փորձառություն» ունեցողն այժմ պաշտպանության գերատեսչություն է ղեկավարում, բայց Նիկոլ Փաշինյանի օրերում ամենաանտրամաբանական թվացող հարցն ու երեւույթը կարող է միս ու արյուն ստանալ:
Ասես Սուրեն Պապիկյանի անձնական PR-ի համար է աշխատում պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, որ նախարարի պաշտոնի հետ հարմարվող Պապիկյանի տարաբնույթ այցերի մասին կոկ ու գեղարվեստական ոճով հրապարակումներ է պատրաստում:
Արծվի կտրող հայացքով՝ խորունկ ու անմեկին, նախարար Պապիկյանը հակառակորդին է դիտարկում՝ անվադողերին հենված ու անզեն աչքով: Ըստ պաշտպանության նախարարության հրապարակման՝ լուսանկարն արվել է՝ նախարարի դիրքեր այցի շրջանակներում: Դիրքի խորությունը՝ մոտ մեկ մետր է, ու եթե պարոն նախարարը մեջքն ուղիղ, ոչ թե կռացած կանգներ, ապա անվադողերը նրա մինչեւ գոտկատեղ կծածկեին, ու հակառակորդն էլ իրեն կարող էր անզեն աչքով դիտարկել, նշանառել եւ այլն: Ինչ վերաբերում է անվադողերով կահավորված սահմանին, ապա անվադողի դրա նշանակությունը հետեւյալն է. մեջը հող ու քարեր են լցնեն, որ այն պաշտպանի հնարավոր կրակոցներից: Լուսանկարից սակայն երեւում է՝ անվադողերի մեջ ոչինչ էլ լցված չէ: Այս նոր՝ չտեսնված մոդելը, ըստ երեւույթին, «հեղափոխական» իշխանությունների նորարարությունն է: Հրամանատարին դանակահարած ու 2016-ին ՊՆ-ի կողմից «Գարեգին Նժդեհի» մեդալով պարգեւատրված նախարարը մասն է այն իշխանության, որ ընդդիմություն եղած ժամանակ, քարը քարին չթղողնելով, քննադատում էր սահմանները «կոնսերվաների» տարաներով ու «անվադողերով» կահավորող ՀՀԿ-ականներին:
Հուսանք, որ սպորտային շապիկից այդպես էլ չհրաժարված, սպաների ու զինվորների հետ ազատ ոճի հագուստով հանդիպման գնացող նախարարի այս լուսանկարները, օրինակ, ճամփեզրի դաշտավայրերից մեկում, ոչ թե սահմանին կամ դիրքում է արվել: Այլապես, եթե այսպիսին են մեր դիրքերը, ապա Հայաստանի սահմանների վիճակը, մեղծ ասած, լացելու է:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ