Տարիներ առաջ էր, չեմ հիշում արեւմտյան ո՛ր կառույցն էր Թբիլիսիում անդրկովկասյան երեք հանրապետությունների խմբագիրների համար աշխատանքային հանդիպում կազմակերպել մամուլի ինքնակարգավորման հարցի շուրջ մտքեր փոխանակելու եւ Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում մամուլի խորհուրդներ ստեղծելու հնարավորությունները ստուգելու նպատակով։ Այնտեղ էր, որ ծանոթացանք ադրբեջանցի խմբագիրների, որոնք մեզ առանձին մատնանշեցին իրենց կազմում Հեյդար Ալիեւի դրածո լրտեսներին, ծանոթացանք վրացի մեր գործընկերներին, որոնք ինքնակարգավորման որեւէ մեխանիզմ չունենալով հանդերձ եվրոպացիներին փորձում էին տպավորել, որ իրենք էն գլխից եվրոպականացած են եղել, իսկ հայերս տեղեկացրինք, որ աշխատանք տանում ենք մամլո խորհուրդ ստեղծելու ուղղությամբ։
Երեկոյան կազմակերպիչները մեզ տարան արդիական մի սրճարան՝ վրացական գինի վայելելու։ Բոլորովին անակնկալ՝ ինձ մոտեցավ մի մարդ եւ ասաց, որ նույն սրճարանում է գտնվում Վրաստանում Թուրքիայի դեսպանը, որը հրավիրում է ինձ նստել իր սեղանին։ Մոտեցա, նստած էր իր ֆրանսուհի տիկնոջ հետ։ Ծանոթացանք, ասաց, որ լավ գիտի մեր թերթը, կարդում է մեր թուրքագետ աշխատակցի՝ Հակոբ Չաքրյանի վերլուծականները ու պատրաստ է նյութեր հայթայթելու մեզ, որպեսզի, իր ասելով, ավելի լավ պատկերացնենք իր երկրի դիրքորոշումները հատկապես անդրկովկասյան կտրվածքով։ Ու որպեսզի վստահություն ներշնչի ինձ՝ ավելացրեց, որ մոտիկ բարեկամ է մեր արտգործնախարար Վարդան Օսկանյանին։ Շարունակեցինք միասին վայելել վրացական փափուկ գինին, իսկ վերջում, որպես մեր զրույցի վերջաբան խորհուրդ տվեց ինձ հիշել, թե 100 տարի առաջ ովքե՞ր էին վրաց մայրաքաղաքի իսկական տերերը եւ ինքն էլ եզրափակեց՝ «Դուք, հայերդ»։ Թափանցիկ այդ ակնարկին հետագայում հաջորդեցին, գրեթե ամենօրյա ռեժիմով, ֆաքսով մեր խմբագրություն առաքվող նրա պաշտոնական հաղորդագրությունները, որոնց կարիքը չունեինք, քանզի շաբաթական թռիչքով Փարիզից կանոնավոր ստանում էինք նաեւ թուրքական թերթեր։
Այս սյունակի ծավալին ոչ այնքան հարիր այս երկար նախաբանի նպատակը հարց տալն էր, թե արտասահմանյան երկրներում աշխատող մեր՝ ավելի քան 30 դեսպաններից ու պաշտոնական ներկայացուցիչներից, ընդորս նաեւ Արցախի՛ կցորդներից քանի՞սն են աշխատել կամ աշխատում այդ թուրք դեսպանի նման, մի քիչ ագրեսիվ, շատ համարձակ, բայց միշտ լավատեղյակ, միշտ նպատակասլաց ու հետեւողական։ Խոսքը վերաբերում է միջազգային մամուլի հետ աշխատանքային, միջազգային լրատվամիջոցների խմբագիրների ու լրագրողների հետ մերոնց հարաբերություններին։ Քանի՞սն են կապեր հաստատում, համագործակցում օտարերկրյա լրագրողների հետ։
Այդպիսիք անշուշտ կան կամ եղել են։ Նրանցից մեկը Գերմանիայում մեր դեսպան՝ վաղամեռիկ Կարինե Ղազինյանն էր, որին տեսել եմ բեռլինյան pub-երից մեկում գերմանացի լրագրողներով շրջապատված, իսկ մյուսի մասին տեղեկացել եմ իր գործընկերներից՝ նույնպես վաղաժամ հեռացած այս կյանքից։ Նա Ջիվան Թաբիբյանն էր, սիգարի նշանավոր վաճառականը, որը Վիեննայում ու Պրահայում, ինչպես նաեւ՝ համատեղության կարգով՝ ԵԱՀԿ-ում մեր դեսպանն էր։
Ընդհանրապես մեր նախկին եւ մասնավորապես ներկա իշխանությունները քիչ ուշադրություն են դարձրել ու դարձնում արտաքին քարոզչությանը, որը, ճիշտ է, աշխատատար ու միաժամանակ ծախսատար գործառույթ է, հավելյալ հմտություններ է պահանջում ու անձնական հմայք, սակայն հրամայական մարտահրավեր է մեր երկրի ու ժողովրդի համար։ Չքմեղանքը, որը հնչել ու հնչում է արտգործնախարարության կուլիսներում այն է, որ Բաքուն խավիարադոլարների մեծ քանակ է ի գործ դնում այդ գործում՝ համոզիչ չէ, ամենեւին։ Քանզի, առաջին հերթին, ամեն լրագրող ու լրատվամիջոց չէ, որ ընդունում է կաշառքը, եւ երկրորդ՝ մեր քարոզչության հիմնական բաղադրիչը ոչ թե հակաթուրքականությունը պետք է լինի, այլ՝ մեր արժեքների պրոպագանդումը, մեր կենսասիրությունը, խնդիրները հաղթահարելու մեր կամքը ներկայացնելը։
Ցարդ մեզ չի հաջողվել, ներողություն՝ փորձ անգամ չի արվել արտասահմանում ստեղծել բազմալեզվյան լրատվական որեւէ ծառայություն, հարթակ։ Տարբեր երկրներում մեր ունեցած տպագիր մամուլն ու մյուս լրատվամիջոցները գերազանցապես համայնքային են։ Մինչդեռ Եվրոպայում, Ամերիկաներում ու Միջին Արեւելքում ունենք ներզոր կարողություններ, որոնց հանրագումարը մեզ առայսօր հայտնի չէ։ Օտար լրատվամիջոցներում ծառայող հայերի թիվը, հիմնվելով կցկտուր տեղեկությունների վրա, բնավ արհամարհելի չէ։ Ցարդ մեկ անգամ է անհաջող փորձ կատարվել նրանց փոքր մասին բերելու Երեւան՝… պտույտի։ Մինչդեռ այս գործը պահանջում է կայուն, տեւական, ամենօրյա աշխատանք, պրոֆեսիոնալիզմ։
Դրա բացակայությունն է, որ մեր երկիրը բերեց այս վիճակին, այսինքն՝ տեղեկատվական մեկուսացումի։ Ինչպես նշել եմ մեկ այլ առիթով՝ 44-օրյա պատերազմը տանուլ տալուց առաջ մենք արդեն կորցրել էինք քարոզչական պատերազմը։
Ու շարունակում ենք կորցնել…։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ