Թվում է արդեն հնչել են ղղ հոբելյանական միջազգային թատերական «Արմմոնո» փառատոնի հանդիսերգերը, որը ժամանակավորապես Հայաստանի մայրաքաղաքը տեղադրել էր թատերական աշխարհի քարտեզում: Եվ սակայն թատերական գործիչները եւ ոչ միայն նրանք դեռեւս ըմբոշխնում են շփման եւ հանդիպումների հաճելի պահերը, տպավորությունները տեսածից: Հիշողության մեջ շարունակ հայտնվում են թատերական տոնակատարության ամենավառ դրվագները:
Ռոմեո եւ Ջուլիետ… Ոչ, խոսքն այստեղ շեքսպիրյան հերոսների մասին չէ, որոնք վաղուց արդեն դարձել են անապակ սիրո խորհրդանիշներ: Հայաստանի թատերական գործիչների միության բեմում մենաներկայացում է Մարգաիտայի եւ Աբուլֆազի մասին՝ ըստ բելառուս գրող, լրագրող, վավերագրական ֆիլմերի սցենարիստ Սվետլանա Ալեքսիեւիչի «Սեքնդ-հենդի ժամանակը» վեպի: Այս սիրո պատմությունը ծնվել է 1980-ականների Բաքվի հայկական ջարդերի ողբերգական իրադարձությունների ֆոնին: Մոնթագների եւ Կապուլետների հակամարտող տների շրջանակներն այստեղ ընդլայնվել են եւ բոլորովին այլ շեշտադրումներ են արվել:
Մենաներկայացման ժանրը բոլորովին էլ պարզունակ չէ: Մենաներկայացում դիտելը դժվար է, երբեմն նույնիսկ հոգնեցուցիչ: Սակայն նույնիսկ ամենամեծ թերահավատները, որոնք ժխտում են մոնոժանրը, այս դեպքում չկարողացան թաքցնել իրենց զգացմունքները: Բեմում ուկրաինացի դերասանուհի Ելենա Դուդիչն է՝ իր էներգետիկայով, խառնվածքով, դերասանական տեխնիկայով եզակի մի դերասանուհի, որը ներկայացման առաջին իսկ րոպեներից դյութում է հանդիսատեսին իր դերասանական բարձր որակով եւ անսահման հմայքով:
Խոսքով, ժեստով, միմիկայով հաղորդվում են այն քաղաքի բոլոր գույները, որը երբեմնի հայտնի էր նրանով, որ այնտեղ կողք կողքի ապրում էին տարբեր ազգության մարդիկ, հարգում էին ավանդույթները, հավաքվում էին մեկ սեղանի շուրջ, կիսում էին վերջին կտոր հացը, դժվար պահերին միմյանց օգնության ձեռք էին մեկնում … Ամեն բան փոխվեց մի ակնթարթում, ինչը ողբերգություն դարձավ մի ամբողջ ժողովրդի եւ երկու սիրահարի՝ հայուհի Մարգարիտայի եւ ադրբեջանցի Աբուլֆազի համար:
Մենաներկայացման լեզուն միաժամանակ կարճ ու կտրուկ է եւ պերճախոս: Դատարկ բեմ, աթոռ, լույս, երաժշտություն: Ահա, թերեւս, եւ վերջ: Եվ հենց այդտեղ է ի հայտ գալիս դերասանի ողջ վարպետությունը, որն իր վրա է կրում հուզական եւ բովանդակային ամբողջ բեռը: Ելենա Դուդիչը միայնակ լցնում է բեմական տարածությունը, եւ դու քո առջեւ տեսնում ես արեւով ողողված փողոցները, հանդիպման վազող երիտասարդ սիրահարներին, քեզ տեսնում ես նստած տոնական սեղանի շուրջ, որտեղ գինին է հոսում եւ իրար հետեւից հնչում են սիրո, ընկերության եւ եղբայրության մասին կենացները, զգում ես ծովից եկող քամու թեթեւ շունչը … Իսկ վայրկյաններ հետո հայտնվում ես դժողքից փախչող մարդկանց ամբոխում, փորձում ես ցատկել դեպի անհայտը ուղեւորվող գնացքի վերջին, փրկարար վագոնը, զգում ես իրավիճակի ամբողջ անելանելիությունը եւ դրամատիզմը, փախչում ես, փրկվում, դեմքդ ծածկում ես ձեռքերով՝ մղձավանջը չտեսնելու, պարզապես չխելագարվելու համար: Իսկ գուցեեւ այն պատճառով, որ աչքերդ լցվում են արցունքներով, եւ դու ցանկանում ես արտասվել, մենակ:
Դերասանուհին ներկայացման մեջ խաղում է սրտով, հնարավոր է, հենց այդ պատճառով պատմությունը ընկալվում է ոչ թե ականջներով,այլ հոգով: Սիրո պատմությունը Ելենա Դուդիչը խնամքով «բարուրում է» իր՝ Դուդիչ դերասանուհու եւ անհատի սիրով: Ասենք, ներկայացման ժամանակ նրա սիրով է պատված ամբողջ տարածությունը՝ բեմից մինչեւ դահլիճ: Այս ներկայացումը այն հազվագյուտներից է, որը քեզ տանում է դեպի մաքրագործում, այլ խոսքերով՝ դեպի կատարսիս:
Դերասանուհու ճերմակ հանդերձը բեմի սեւ ֆոնի վրա դառնում է բարու եւ չարի պայքարի,մտադրությունների մաքրության եւ անմարդկայնության, լույսի եւ խավարի խորհրդանիշը: Ճերմակ հանդերձը մի շարք ձեւափոխումների է ենթարկվում՝ սովորական ամենօրյա եւ տոնական-հարսանեկանից մինչեւ մանկան օրորոցը, որին երիտասարդ մայրը՝ փրկելով ջարդերի սարսափներից՝ պառկեցնում է քնելու «Արի իմ սոխակ»-ը օրորոցայինի հնչյունների ներքո:
Ելենա Դուդիչը ժամանակավորապես բնակվում է Եվրոպայում՝ հոգում փայփայելով շուտով տուն վերադառնալու երազանքը: Եվրոպա մեկնելիս նա իր համար ամենաանհրաժեշտ եւ թանկարժեք իրերի թվում վերցրել է հենց այդ ճերմակ հանդերձը՝ հանդերձ-օրորոցը, հանդերձ-տոնը, հանդերձ-երջանկությունը, հանդերձ՝ որում դերասանուհին փայլել է տարբեր բեմերում՝ պատմելով հույսի, հավատի, սիրո, թշնամանքի մասին… Պատմել է նաեւ սգի մասին, որը չունի վաղեմության ժամկետ, ինչպես նաեւ չի կարող լինել ուրիշինը:
ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Թատերագետ