Վերջին շրջանում Արեւմուտքում մի շարք հայամետ քայլեր կատարվեցին։ Դա շրջադարձային քաղաքականությո՞ւն է, կեղծ նախաձեռնությո՞ւն, թե՞ ինչ-որ ուրիշ բան։ Կպարզենք ժամանակի ընթացքում, երբ քննարկենք Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներն ու զարգացումները։
Հայկական կողմի համար չափազանց վրդովեցուցիչ էր տեսնել միջազգային հանրության անտարբերությունը 2020 թվի քառասունչորսօրյա պատերազմի ամբողջ ընթացքում, որ մեկուսացրեց Հայաստանին։ Չմոռանանք նաեւ Հայաստանի նկատմամբ Թրամփի վարչակազմի անկարեկից վերաբերմունքը, որի պատճառով մենք տարածքներ կորցրեցինք եւ բազմաթիվ զոհեր տվեցինք։ Տասնութից քսաներկու տարեկան մոտ 5000 հայորդիներ քաջաբար ընկան հանուն մի երկրի, որ պայքարում էր պահպանել իր բնակչության թվաքանակը։
Պատերազմից հետո, մինչ միջազգային համայնքը սկսեց դանդաղորեն հաղորդակցվել Հայաստանի հետ, Փաշինյանի ուղերձն այն էր, որ Երեւանը պետք է իջեցներ նշաձողը, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա օգնության ձեռք մեկնել շրջափակված հայոց երկրին։ Իսկ նշաձողը իջեցնելը նշանակում էր հաշտվել ղարաբաղյան հիմնահարցի գործնական կարգավորումից հրաժարվելու մտքի հետ։ Բայց դա էլ կարծես բավարար չէր, քանի որ ադրբեջանական բանակը բուն Հայաստան ներխուժելով մինչ օրս օկուպացրած է պահում 125 քառ. կմ տարածք։ Թվում է, թե Ադրբեջանի այդ ագրեսիան շրջադարձային նշանակություն ունեցավ, քանի որ միջազգային հանրությունը վերջապես սկսեց հակադարձել։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մի շարք ազդեցիկ հայտարարություններ լսվեցին Եվրոպայից եւ Մ. Նահանգներից։ Ժամանակը ցույց է տալու, թե որքանով են դրանք անկեղծ եւ ինչքանով դրանք կարող են ազդել Ադրբեջանի վարած միջազգայնորեն դատապարտելի դաժան եւ ռազմամոլ քաղաքական կուրսի վրա։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք խաղաղության խաբուսիկ պայմանագիրը քաշկռտվում է Բրյուսելից Սոչի եւ Վաշինգտոնից Պրահա, առանց շոշափելի արդյունքի։ Նախքան այդ պայմանագրի մանրամասնությունների մեջ խորամուխ լինելը, անհրաժեշտ է ավելի լայն համատեքստում քննարկել հակամարտությունը, ինչը կարող է բոլորովին անտեղի դարձնել Հայաստան-Ադրբեջան լարվածությունը։
Քաջալերված Հայաստանի նկատմամբ տարած իր հաղթանակով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տարածքային պահանջներ է ներկայացնում նաեւ Իրանին, ինչպես պարզ դարձավ Սամարղանդում արտասանած իր խոսքերից։ Նրա փառասիրությունը սնվում է տարածաշրջանում կատարվող նոր զարգացումներից։ Բաքվի, Թեհրանի եւ Անկարայի միջեւ զայրացկոտ մեղադրանքներ են հնչում։ Ճիշտ է, զինված գործողություններ առայժմ չկան, բայց Իսրայելի նոր (նաեւ նախկին) առաջնորդ` Բենյամին Նաթանյահուի քաղաքական դաշտ վերադարձը կարող է դրամատիկական փոփոխություններ մտցնել տարածաշրջանի քաղաքական ներկապնակում։ Մնում է տեսնել, թե արդյոք նախագահ Բայդենն ավելի՞ ուժեղ կգտնվի, քան նախագահ Օբաման` զսպելու համար Իսրայելի առաջնորդի գիշատիչ ախորժակը։
Վաշինգտոնի կողմից ռազմական օժանդակություն չստանալու դեպքում էլ, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իսրայելի կոալիցիան կարող է գործել ընդդեմ Իրանի, հատկապես քանի որ Թուրքիայի նախագահը անդիմադրելի ցանկություն ունի դիմելու արտաքին արկածախնդրությունների եւ հաղթանակների` որպեսզի փրկի իր նվազող ժողովրդականությունը երկրի ներսում, նախքան 2023-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, բացառելով Իրանի դեմ գործողությունների նման սցենարը։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը դեռեւս կշարունակի օրակարգային հարց մնալ Հարավային Կովկասում, եւ այդ դեպքում գերպետությունների միջամտությունը կարող է ազդել բանակցությունների գործընթացի վրա։
Մինչեւ վերջերս, Հայաստանի կառավարամետ եւ ընդդիմադիր շրջանակները քննադատում էին Փաշինյանի վարչակազմը` արտաքին քաղաքականության ոլորտում նախաձեռնություններ չցուցադրելու համար։ Հիմա փոխվել է իրավիճակը։ Հայաստանի կառավարությունը բազմաթիվ լավ թե վատ դիվանագիտական առաքելություններ է իրականացնում։ Սկսել է բազմազանություն մտցնել իր արտաքին քաղաքականության մեջ եւ նույնիսկ երկչոտ քայլեր է կատարում ձերբազատվելու Ռուսաստանի քաղաքական կապանքներից։ Եվ կարծես գործադրված ջանքերը դրական արդյունք են տալիս։ Որոշ բարենպաստ գործողություններ զարգանում են Հայաստանի օգտին։
Հետպատերազմյան առաջին գործարքներից մեկը կնքվեց Հնդկաստանի հետ` վերազինելու հայկական բանակը։ Մյուս զարգացումները քաղաքական երկխոսության մակարդակի վրա են եւ դիվիդենտներ տալու համար կարիք ունեն լավագույն մոտեցումների ու վերլուծությունների։
Օրենսդրական ճակատում Իսպանիան էր, որ առաջին քայլը կատարեց, երբ խորհրդարանի պատգամավորները հրաժարվեցին վավերացնելու հետախուզական տվյալների եւ ընդհանրապես տեղեկությունների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանի հետ կնքված համաձայնագիրը, որպես պատճառ նշելով Հայաստանի դեմ Բաքվի սանձազերծած ագրեսիան։ Դրան հետեւեց Ֆրանսիայի Սենատի նոյեմբերի 16-ի որոշումը (ձայների 265 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ), որը կրնկակոխ զուգադիպեց Մ. Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի (նախագահող Ռոբերտ Մենենդես) նոյեմբերի 15-ի լսումներին, փարատելով փոխկապակցվածությունը երկուսի միջեւ։
Ֆրանսիայի Սենատի որոշման մեջ ներառված են բոլոր այն հարցերը (դիրքորոշումը վերանայելու եւ Ադրբեջանին մեղադրելու որպես ագրեսորի, եւայլն), որոնք Հայաստանը ձգտում էր միջազգային հանրության ուշադրությանը հանձնել։ Որոշումը կոչ էր անում Ֆրանսիայի գործադիր մարմնին քայլեր ձեռնարկել հետեւյալ հարցերի կարգավորման համար. ա) ադրբեջանական զորքերի անվերապահ դուրս բերումը Հայաստանի տարածքից, բ) Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչումը, գ) ռազմագերիների հայրենադարձությունը, դ) հայկական հուշարձանների ոչնչացումը դադարեցնելը, ե) պատժամիջոցների կիրառումը ընդդեմ Ադրբեջանի եւ եվրոպական գործընկերներից պահանջել, որ նույնը կատարեն, զ) հումանիտար գրասենյակի բացում Ղարաբաղում, է) Հայաստանի պաշտպանական կարողություններին զորավիգ կանգնելը, ը) Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության վերահաստատումը եւ այդ նպատակով բանակցություններ վարելը, եւ թ) միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղարաբաղում, որն անտարակույս Կրեմլի նյարդերին է դիպչելու։
Ադրբեջանը կատաղի բռնկումներով արձագանքեց ֆրանսիական Սենատի որոշմանը։ Խորհրդարանը զայրացկոտ մամլո հաղորդագրություն հրապարակեց` մեղադրելով ֆրանսիացի սենատորներին «կողմնակալության եւ անիրազեկության» մեջ։ Նոյեմբերի 16-ին արտգործնախարարությունը Ֆրանսիայի դեսպանատան գործերի հավատարմատար` Ժյուլիեն լը Լանին հրավիրեց ներկայանալ գերատեսչություն եւ նրան բողոքի նոտա հանձնեց որոշման կապակցությամբ։
Հետաքրքրական է, որ ամեն անգամ երբ Ֆրանսիայի օրենսդիր մարմինը կրքոտ հայտարարություն է ընդունում քաղաքական թեմայով, գործադիր մարմինը սառնորեն է վերաբերվում դրան եւ անմիջապես քայլեր չի ձեռնարկում։ Այսպես, օրինակ, Ֆրանսիայի առեւտրի նախարար Օլիվիե Բեխտը, որ Սենատի բանավեճում երկրի արտգործնախարարին էր ներկայացնում, ոչ մի առարկությամբ հանդես չեկավ քննարկումների ժամանակ, բայց նաեւ չնշեց, որ կառավարությունը որեւէ քայլեր կատարելու է։ Նա միայն նշեց հետեւյալը. «Աշխարհի ոչ մի երկիր ավելին չի անում պաշտպանելու Հայաստանին (քան Ֆրանսիան)»։ Պետք է սպասել եւ տեսնել, թե ինչ են այդ խոսքերը նշանակում։
Իր հերթին, Սենատոր Մենենդեսը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի լսումների ժամանակ եվրոպական ու եվրասիական գործերով պետքարտուղարի տեղակալ Քարեն Դոնֆրիդին եւ պետքարտուղարությունից կովկասյան բանակցությունների գլխավոր խորհրդական եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում Մ. Նահանգների ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերին հարցրեց այն մասին, թե ե՞րբ է (եւ եթե) խումբը նորից հավաքվելու եւ գործի անցնելու։
Նախ Մենենդեսը Ղարաբաղի հիմնախնդիրը բնութագրեց որպես մարդասիրական ճգնաժամ, ապա ավելացրեց. «Պետքարտուղարության դեմ ուղղված իմ զայրույթի պատճառն այն է, որ նրանք միշտ ասում են` «Դե, երկու կողմերն էլ պետք է զերծ մնան…», բայց երբ ագրեսոր կա, մենք պարտավոր ենք մատնանշել այդ ագրեսորին… որն այս դեպքում Ադրբեջանն է»։ Նա նաեւ քննադատեց «Ազատությանն աջակցելու (մասին) ակտի 907 ուղղումը» վերացնելու սովորական դարձած ռեժիմը, երբ հայտնի է, որ Ադրբեջանը չի կատարում Ամերիկայի կողմից իր վրա դրված պարտավորությունները։
Գործադիր մարմնի ներկայացուցիչները գրեթե ամբողջ ժամանակ լուռ լսում էին, միայն հազվադեպ պատասխանելով երկիմաստ նախադասություններով, ինչը Սենատորին հունից հանեց եւ եզրափակիչ խոսքում պարտավորվեց նշել. «Բոլորովին անընդունելի է, որ նրանք ճշգրիտ որոշակիությամբ չեն կարողանում պատասխանել, թե ինչպիսի մարդասիրական օժանդակություն է Մ. Նահանգները մատակարարում զոհերի ընտանիքներին»։
Մեկ այլ, քիչ ուշադրության արժանացած դեպք տեղի ունեցավ Ջերբայում (Թունիս), որտեղ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը հանձնեց Թունիսին։ Նա նաեւ կարողացավ, ի հեճուկս դժվարությունների հավաքի վերջնական հաղորդագրության մեջ տեղադրել տալ Հայաստանի դիրքորոշումը։
Հայաստանում անցկացվող միջազգային նորագույն ֆորումը ՀԱՊԿ-ի տարեկան համաժողովն է, որը մեկնարկեց նոյեմբերի 23-ին։ Հայաստանը դժգոհ է այդ կազմակերպության գործունեությունից։ ՀԱՊԿ-ի գլխավոր սկզբունքը իր անդամ երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելն է, սակայն այդ կառույցը Հայաստանի 125 քառ. կմ տարածքի օկուպացումը Ադրբեջանի կողմից համարում է սոսկ «սահմանային վեճ»։ Միայն երկար քննարկումներից հետո հաջողվեց վերջապես «Հայաստանին օգնելու» հարցը ներառել կազմակերպության երեւանյան համաժողովի օրակարգում։
Չնայած Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ երկիր չէ, Ալիեւն արդեն արձակել է իր նախապատվական հայտարարությունը նշելով, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը։ Նրա խոսքերը հաստատվեցին նոյեմբերի 9-ին, երբ Բելառուսն ու Ղրղզստանը շնորհավորեցին նրան 2020 թվականի «հայրենասիրական պատերազմում» հաղթանակ տանելու երկրորդ տարեդարձի առթիվ։ Պուտինի «երկրորդ եսի» եւ իրեն «առյուծ համարող» Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քանիցս վիրավորել է Հայաստանին եւ Փաշինյանին ՀԱՊԿ-ի համաժողովներում` հրապարակայնորեն հայտարարելով, որ «ՀԱՊԿ-ի գործը չէ զբաղվել Հայաստանի դժգոհություններով»։ Այլ առիթներով նա նաեւ ասել է. «Ալիեւը մեր բարեկամն է» եւ «ո՞ւմ է պետք Հայաստանը»։
Հասկանալի է, ուրեմն, որ Լուկաշենկոն եւ Պուտինը դիմակայելու են Հայաստանի զայրացկոտ հասարակությանը, որը Փաշինյանից պահանջելու է դուրս գալ ՀԱՊԿ կառույցից։
Դիվանագիտական այս թեժ գործողությունների պատճառով լավատեսական մթնոլորտ է տիրում այժմ Հայաստանում։ Բայց առավել փորձառու վերլուծաբանները զգուշացնում են ժողովրդին առավել իրապաշտական մոտեցում ցուցաբերել մի շարք պատճառներով։
(ա) Ֆրանսիական սենատի որոշումն ու Մ. Նահանգների արտաքին հարաբերությունների հանձնախմբի լսումների արձանագրությունները լավագույն դեպքում չպարտավորեցնող հանձնարարություններ են` ուղղված գործադիր մարմիններին, որոնք շատ հաճախ գործում են «ռեալպոլիտիկի» շրջանակներում, երբեմն նույնիսկ դեմ գնալով տվյալ երկրի հիմնական սկզբունքներին, եւ ծիծաղելի դարձնելով «մարդու իրավունքներ» եւ «ժողովրդավարություն» հասկացությունները։
(բ) Հակառակ միջազգային բոլոր մեղադրանքներին, Ալիեւը շարունակում է գնդակոծել Հայաստանի սահմանները, որովհետեւ իր թիկունքում ունի Ռուսաստանը, որը նրան խրախուսում է եւ գործելու ազատություն տալիս։ Հուսահատ Պուտինը խրված է ուկրաինական պատերազմի մեջ, որը չի կարողանում հաղթել, եւ այժմ էլ չի պատրաստվում հակադրվել Ալիեւին։ Այդ պատճառով էլ Հայաստանի հաշվին փոխզիջումներ է կատարում։
(գ) Կա նաեւ մի գործոն, որի մասին չեն բարձրաձայնում։ Այդ գործոնը Իսրայելն է, Արեւմուտքի պաշտպանյալը, որը Ադրբեջանի տարածքն է օգտագործում որպես հարթակ Իրանի դեմ հնարավոր գործողություններ կատարելու համար։ Ադրբեջանը Իսրայելի բարեկամ երկիրն է եւ Իրանի թշնամին։ Իսկ Հայաստանը Իրանի բարեկամն է, որին Արեւմուտքը «պարիա» պետություն է համարում։
Հենց կարողանանք գլուխ հանել քաղաքական այս «գլուխկոտրուկից», կհասկանանք, թե ինչու Արեւմուտքի բոլոր քաղաքական բարձրագոչ նախաձեռնությունները համապատասխան արձագանք չեն գտնում եւ մնում են որպես «ձայն բարբառոյ յանապատի»։
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator, 22.11.22)