Դուբայում գտնվող «Մուհամեդ իբն Ռաշիդ ալ Մակթումի» անվան արեւային էլեկտրակայանը ավելացնում է իր հզորությունը եւս 700 ՄՎտ: Ստորագրվել է ծրագրի ընդլայնման նոր համաձայնագիր: Նախատեսում է հավելյալ կոնստրուկցիաների ավելացում, որոնք հնարավորություն կտան 2030 թվականին գեներացնել մինչեւ 5000 ՄՎտ հզորություն: Նոր նախագծի ավարտից հետո արեւային կայանի մակերեսը կկազմի 215 քառակուսի կիլոմետր, իսկ մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակը տարեկան կնվազի 6,5 միլիոն տոննայով: Կայանի կենտրոնում կտեղակայվի 260 մետր բարձրությամբ աշխարհի ամենաբարձր արեւային աշտարակը:
Արեւային կայանը շահագործման է հանձնվել 2013 թվականին 13 ՄՎտ հզորությամբ: Շահագործման է հանձնվել կայանի երկրորդ հերթը 200 ՄՎտ հզորությամբ:
Արեւային էլեկտրակայանների այս տեսակը գործում է ջերմային էլեկտրակայանների սկզբունքով: Տարբերությունն այն է, որ տուրբինները պտտող գոլորշին առաջանում է արեւի ջերմային էներգիայի հաշվին: Արեւի ճառագայթները հայելիների օգնությամբ ուղղվում են դեպի արեւային աշտարակը, որն իր հերթին գոլորշի է գեներացնում տուրբինների համար:
Հարկ է նշել,որ ՀՀ-ում նախատեսվում է կառուցել 200 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայան, որը հնարավորություն կտա լուծել էներգետիկ հարցեր:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ