ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 75 օր տեւողությամբ: Նախատեսվում է իրականացնել հետեւյալ աշխատանքները՝ ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու լրիվ բեռնաթափմամբ, թիվ 2 եւ 3 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում,թիվ 2 եւ 3 շոգեգեներատորների հիմնանորոգում, տուրբագեներատորների ընթացիկ վերանորոգում, շոգետուրբինների ընթացիկ վերանորոգում:
Հիմնական աշխատանքներից բացի, իրականացվելու են անվտանգային որոշ համակարգերի արդիականացմանն ուղղված աշխատանքներ: Օրինակ՝ պատասխանատու սպառիչների հովացման համակարգի խողովակաշարերի փոխարինում:
Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են ատոմակայանների համակարգերի եւ սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեցող մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Խորվաթիայից, Չեխիայից եւ այլ երկրներից: Վերանորոգման գործընթացն իրականացվելու է ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետների վերահսկողության ներքո:
Հարկ է նշել, որ Հայկական ԱԷԿ-ը բաղկացած է երկու էներգաբլոկներից` ՋՋԷՌ-440 տիպի (-270 մոդելի) ռեակտորներով: ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը արդյունաբերական շահագործման հանձնվեց 1976թ-ին, իսկ երկրորդը` 1980թ-ին:
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է 2023թ. հուլիսի 18-ին:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ