ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանի 2005 թվականին ստեղծած մի գեղանկարը, որտեղ պատկերված է Ավետիք Իսահակյանը իր ծննդավայր Գյումրիում՝ ֆայտոն նստած, հանգրվանեց Վարպետի այս քաղաքի տուն-թանգարանում: Անվանի արվեստագետը, «Շիրակ» հայրենակցական միության օրերս կազմակերպած համեստ հանդիսության ժամանակ անձամբ հանձնելով նվերը, նշեց, թե նախապես որոշել էր այն նվիրել երեւանյան թանգարանին, բայց մարդկանց հետ խորհրդակցելով՝ եկավ այն եզրակացության, որ ավելի ճիշտ կլինի բերել Գյումրի:
Իսահակյանական մի մասունք՝ մեծ բանաստեղծի ձեռագիր մի նամակի բնօրինակը, թանգարանին հանձնեց դեռ 2019 թվականին նվիրատուի տանը, ընտանեկան արխիվում այն գտած՝ «Դպիր» հրատարակչության տնօրեն Հովիկ Կարապետյանը: Այն ժամանակ տանտերերի սիրալիր առաջարկությամբ որոշվել էր նամակը մի լավ, գեղեցիկ առիթով նվիրել բանաստեղծի տուն-թանգարանին: Նվիրատուն խորհրդային Լենինականի ժողկրթության բաժնի երկարամյա վարիչ Կառլեն Հարությունյանի տիկինն է՝ պատմության վաստակաշատ ուսուցչուհի, 92-ամյա Անժիկ Հարոյան-Հարությունյանը, որն ինքը առողջական վիճակի պատճառով չէր կարողացել անձամբ ներկա լինել:
Ուշագրավ է նաեւ այս նամակի բովանդակությունը: Վարպետն այն գրել է տկն. Անժիկի պապին՝ 1882 թ. ծնված, բանաստեղծի նախաձեռնությամբ գյումրեցի հայտնի սրախոս Պոլոզ Մուկուչի գերեզմանի հուշաքարը պատրաստած քանդակագործ, քարտաշ-վարպետ «ուստա Սիմոնին»՝ Հարոյան Սիմոնին: Մեծ բանաստեղծը վերջինիս շնորհակալություն է հայտնում նրանից ստացած նամակի եւ մանավանդ՝ հանգուցյալ Պոլոզ Մուկուչի շիրմաքարը լավ պատրաստելու ու գործը հաջողությամբ ավարտելու համար: «Ողջ մնամ, ամառը կգամ Լենինական, կտեսնիմ,- ասում է նա, հետո ավելացնում.- Հարգելի վարպետ, երեւի արդեն ստացաք ընկեր Անդրանիկ Հովսեփյանից (արձակագիր- Գ. Մ.) ուղարկածս փողը՝ 500 ռուբլին, առաջին անգամ տվածս 200 ռուբլիի հետ կլինի ուրեմն 700 ռուբլի»: Եվ ուրախություն է հայտնում, որ հանգուցյալ Մուկուչի գերեզմանին այցելողները «լավ են գտնում շիրմաքարը»: Ջերմագին բարեւներով ավարտված, 1952 թ. դեկտեմբերին գրված նամակի ու նրա ծրարի պահպանված մաշված երեսակողմի հետ թանգարանին նվեր տրվեցին նաեւ վարպետ Սիմոնի լուսանկարը՝ Պոլոզ Մուկուչի հուշաքարը պատրաստելուց հետո ու եւս մի լուսանկար՝ Վարպետը գյումրեցիների հետ սեղան նստած, գինու գավաթներով:
Խմբակային մի լուսանկար էլ, որտեղ բանաստեղծի կողքին նաեւ իր կյանքի ընկեր տկն. Սոֆին է, տուն-թանգարանին նվեր հանձնեց լեզվաբան, իսահակյանագետ Մարիետա Խաչատրյանը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ