Հայ ասեղնագործության մեջ գոյություն ունի յուրահատուկ մի կարատեսակ, որն անվանում են «մարաշ», որի հայրենիքը եղել է Կիլիկիայի Մարաշ քաղաքը:
«Մարաշը» օգտագործվում է ինչպես զգեստների ,այնպես էլ բազմոցների, բարձերի, թեւնոցների, սեղանի սփռոցների վրա:
Այս կարի տեսակը ամենադժվարներից է: Հնում նշանվող աղջիկը իր օժիտում պետք է ունենար առնվազն 6 ասեղնագործած իր, որը հիմնականում լինում էր «մարաշի» գործ:
Այն աղջիկը, որը չգիտեր ասեղնագործել, նրան սովորեցնում էին եւ ոգեւորում հետեւյալ ասացվածքով .
«Առ ասղիկ ու թելիկ, որ չասեն աղքատի կնիկ»:

Եվ աղջիկները ոգեւորվում էին, որովհետեւ արդեն դա իրենց պատիվն էր:
«Մարաշ» ասեղնագործությունը լինում է երկու տեսակ՝ հարթակար եւ հյուսվածակար :
Ասեղնագործություն զարդանախշերով՝ ամենահարուստ կարն է: Զարդանախշերում հանդիպող S նշանը շատ կարեւոր է մշակութաբանական տեսակետից:

2011թ֊ին Մարաշի հայրենական միությունը հավաքելով 150 վարպետների, հիմնականում Հալեպ քաղաքից, աշխատանքները հրատարակել է գիրք-ալբոմ:
Մարաշ քաղաքում աշխատել են տեղական կամ ներմուծված բամբակե կտորի վրա, որը կոչվել է խասսա: Մարաշի բուն կտորը կոչվում է էպենեզեր: Հիմա մեծամասնությամբ «մարաշի» ասեղնագործությունը անում են թավիշի լավագույն տեսակների վրա:
«Մարաշը» ասեղնագործական տեսակը օգտագործվում է ոչ միայն աշխարհիկ կյանքում, այլեւ եկեղեցիներում: Խորանի վարագույրները, Ավետարանի հիանալի կազմերը նույնպես «մարաշի գործ» են եղել:
«Մարաշով» արված որեւէ գործ ունի մեծ արժեք: Մեկին նվիրելով «մարաշի գործ», դուք նրան կարժանացնեք մեծ պատվի:
ՇՈՒՇԱՆԻԿ ԱԼԻԽԱՆՈՎԱ
ՀՊՄՀ
Լրագրության 1-ին կուրսի ուսանողուհի